Տղերքը․ Լյովա Դանոյան

«Ինձ թվում ա՝ պատերազմի մասնակից բոլոր հերոս տղաները մի ընտանիքից են դուրս եկած․ որ պատմում ա ծնողը, ասում եմ՝ ոնց որ իմ երեխու մասին պատմի»,- պատմում է մայրը։

«Տղերքը» հաղորդաշարի մեր հերթական թողարկումը Լյովա Դանոյանի մասին է՝ Դիլիջան քաղաքում ծնված երիտասարդի, ում բարությունն ու հոգատարությունը տանը և շրջապատում նույնքան մեծ անվեհերության վերածվեցին վճռական պահին՝ մարտի դաշտում։

«Ինքը երբեք հետ չի նայել, հետ չի գնացել․․․ծառայակիցներն ասում են՝ ինքը ոչ մի բանից չէր փախչում, չէր վախենում»։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լյովա Արթուրի Դանոյանը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2015-2018 թթ. սովորել է Դիլիջանի ավագ դպրոցում:

2019 թ․-ի հունվարի 23-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցելով Հադրութում: Հոկտեմբերի 3-ին ստացել է երկու ոտքի բեկորային վրիավորում, սակայն շարունակել է կռվել՝ մարտի դաշտում չթողնելով իր զինակիցներին: Հոկտեմբերի 29-ին Լյովային տեղափոխում են Ճարտար գյուղ, որտեղ էլ զոհվում է նոյեմբերի 2-ին՝ թշնամու հերթական գրոհներից մեկի ժամանակ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գթության մայր» մեդալներով։




Տղերքը․ Մխիթար Ամիրխանյան

«Զանգեց ինձ, բա՝ գնում եմ, ասեցի՝ չես գնում։ Բա՝ Հայրենիքի տեղը նեղն ա, մեր ընտանիքից որևէ մեկս պիտի գնանք․․․», – պատմում է հայրը։

«Տղերքը» հաղորդաշարի այսօրվա թողարկումը Մխիթար Ամիրխանյանի մասին է՝ երկու երեխաների հոր, ով պատրաստակամորեն կրեց Հայրենիքի իր կտորի համար պատասխանատվությունը՝ անմահանալով հանուն բոլորիս խաղաղ կյանքի։

44-օրյա պատերազմի ընթացքում Մխիթարը և կատաղի մարտ են վարել, թշնամուն բազմաթիվ կորուստներ պատճառել ու ընկել հերոսաբար։ Ռազմաճակատ մեկնելու առաջին իսկ օրվանից Մխիթարի երգն ու քաջալերանքը առաջ են մղել «իր ջոկատի» տղաներին․․․

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մխիթար Ամիրխանյանը ծնվել է 1989 թվականին, սահմանամերձ Կոթի գյուղում։ Ապրել է գյուղում։ Ուսումը ստացել է Կոթիի միջնակարգ դպրոցում, ապա 2008-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։

44-օրյա պատերազմը սկսելուն պես կամավորագրվել ու մեկնել է ռազմաճակատ։ Մխիթարը եղել է Մատաղիսում, մասնակցել է թեժ մարտերին, նույնիսկ վիրավոր լինելով՝ չի լքել մարտադաշտը։ Ճիշտ հաշվարկների արդյունքում իր զինակիցների հետ հակառակորդին պատճառել են նյութական ու մարդկային մեծ թվով կորուրստներ։

Մխիթար Ամիրխանյանը զոհվել է Մատաղիսի պաշտպանության համար մղվող մարտերում։




Տղերքը․ զրուցում ենք Սարգիս Ֆիդանյանի և Մանուշ Գրիգորյանի հետ

Պատերազմ, վիրավորում, կյանքի փոփոխություն և նոր կյանք․ «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Հաղթանակ գյուղից Սարգիս Ֆիդանյանի և նրա կնոջ՝ Մանուշ Գրիգորյանի հետ։

Սարգիսը ծանր վիրավորում է ստացել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, որի արդյունքում կորցրել է ոտքը և ձեռքը։ Վերականգնողական երկարատև ընթացք է անցել «Զինվորի տանը», ապա՝ Չեխիայի Հանրապետությունում։

Այժմ Սարգիսն ամուսնացած է, վերջերս ծնվել է նաև նրա և Մանուշի դուստրը՝ Սոնան։ Սարգիսն ասում է, որ հայր դառնալն ու ընտանիքը նոր և իրական իմաստ են բերել իր կյանքին։




Տղերքը․ Հարցազրույց Սարգիս Ալավերդյանի հետ

Տավուշ TV-ի տաղավարում մեր հյուրն է  44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Ալավերդյանն է։ Սարգիսը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2019 թ. ամռանը և մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վիրավորում է ստացել պատերազմի հենց առաջին օրը։

Վերականգնողական դժվար ճանապարհ անցնելուց հետո այսօր հենց իր հետ կխոսենք «պատերազմից առաջ»-ի և «հետո»-ի մասին։




Տղերքը․ Մեսրոպ Հովհաննիսյան

«Ինքը լրիվ սիրո արտահայտություն էր՝ իր մեջ էնքան շատ էր էդ սերը․․․ու ամենքիս կարողանում էր տալ՝ ամենքիս լիարժեք, մեծ սեր էր տալիս»։

Տղերքը հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը պատմում է գետահովիտցի Մեսրոպ Հովհաննիսյանի մասին՝ մարդու, ով իր կարճատև կյանքի ընթացքում հասցրեց իր բաժին սերն ու բարին թողնել իրեն ճանաչող յուրաքանչյուր մարդու սրտում։

Այդ սերն առ մարդիկ ու սերն առ Հայրենիք էլ նրան տարան իսկական հերոսացման ճանապարհով։ Ինչպես Մեսրոպի հայրն է ասում՝ «հերոս բառը, ինձ թվում ա, հերիք ա, որ էլ ուրիշ ոչ մի բան չավելացնենք։ Մենակ իմ տղեն չէ՝ բոլորը, ովքեր կյանքները դրեցին էս հողի ու ջրի համար․․․»։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը ծնվել է 2002 թ․ հունվարի 11-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում, սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։

Դպրոցն ավարտելուց հետո 2020-ի հուլիսի 21-ին զորակոչվել է բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության:

Մեսրոպը ծառայում էր Ջրականում և երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Էությամբ բարի և հոգատար պատանին շատ երազանքներ ուներ, որոնք պետք է իրագործեր ծառայությունից հետո, սակայն կյանքն այլ ընթացք էր նախատեսել:

Հոկտեմբերի 13-ին անմահացել է Հադրութի Վարդասարում․ նրան փնտրել են երկար ժամանակ և գտել միայն դեկտեմբերին։ 

Մեսրոպ Վարդանի Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Մարտական խաչ» մեդալներով, ինչպես նաև «Գթության մայր» միջազգային միության մեդալով։




Տղերքը․ Պատմում են Սարգիս Ավագյանը և Մոնիկա Մոսինյանը

Գրեթե մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 11-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Ավագյանի նշանադրությունն էր։ 

«Տղերքը» հաղորդաշարի մեր թիմը զրուցել է Սարգիսի և նրա նշանածի՝ Մոնիկայի հետ։ Երիտասարդները պատմում են պատերազմի, իրենց ապրումների, սպասումի և միշտ հաղթող սիրո մասին։




Տղերքը․ Ռուբեն Գևորգյան

Առաջնագծից «Երկիր մեդիա»-յի ռեպորտաժում տղերքը խրամատում են, Ռուբենն է խոսում, պատմում է թշնամու հարձակման մասին՝ «կարևորը՝ դուխներս տեղն էր, ռիսկով․․․»։ Լրագրողը հարցնում է՝ «վախի զգացում կա՞ր էդ պահին»։ «Вообще չկար»,- ժպտում է զինվորը։ Երբ ռեպորտաժը հեռուստատեսության եթերում էր, նա արդեն անմահության ճանապարհն էր բռնել․․․

«Տարերք էր իր համար Արցախը, շատ էր սիրում․․․»

Մեր եթերում այսօր «Տղերքը» հաղորդաշարը պատմում է Ռուբեն Գևորգյանի մասին՝ համեստ և քաջ զինվորի, ով մինչև վերջ հավատարիմ մնաց Հայրենիքին տված երդմանը՝ «հանուն նրա չխնայել կյանքը»։ Նա կռվեց քաջաբար՝ մեզ թողնելով ուժեղ Հայրենիք ունենալու իր մեծ երազանքը։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Գևորգյանը ծնվել է Վերին Ծաղկավան գյուղում 1998 թվականին: «Հայրենիքն սկսվում է հենց իմ գյուղի սահմաններից»․ Ռուբենը հենց փոքրուց էր սահմանապահ։

Ռուբենը եղել է համեստ, հավասարակշռված, ընկերասեր աշակերտ՝ պատմում են ուսուցիչները։

Չնայած առողջական խնդիրներին՝ անձնվիրաբար ծառայել է Հայրենիքին:

Թշնամու դիրքերը գրավելու, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, կենդանի ուժ ոչնչացնելու համար արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի:

Թեժ մարտերի ընթացքում արկի հարվածը վերցրել է իր վրա՝ փրկելով ընկերոջ կյանքը: Նահատակվել է հոկտեմբերի 9-ին։




Տղերքը․ Հարություն Չոբանյան

«Մի պահ լրջացած ասեց՝ բայց գիտե՞ս, կա մի բան, որ քեզանից շատ եմ սիրում, ես էլ անհանգստացած ասեցի՝ էդ ի՞նչն ա, ասեց՝ Հայրենիքը․․․»։
«Անսահման հոգատար ու սիրելու անսահման կարողություն ունեցող մարդ էր Հարութը․․․»

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը պատմում է ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի մասին․ «Սպիտակ բանակի» հավատարիմ մարտիկը, բժիշկը, որ մինչև վերջին պահը վստահ էր՝ իր տեղը ռազմաճակատում է․ ամուր, պատվախնդիր ու արժանապատիվ։

2020 թ․ հոկտեմբերի 1-ին, պատերազմական դրությունից ելնելով, Հարությունը դիմել է ՊՆ և թույլտվություն ստանում մեկնել ռազմաճակատ՝ ծառայությունից հետո նորից զբաղեցնելով Հադրութի զորամասի բուժծառայության պետի պաշտոնը։ Մասնագիտական գերազանց որակներ ցույց տալով՝ Հարությունը հարյուրավոր վիրավորների կյանքեր է փրկել, մինչև որ շտապ օգնության մեքենայով վիրավորներ տեղափոխելիս ինքն է ենթարկվել հարձակման։


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարություն Չոբոնյանը ծնվել է 1993 թ․ փետրվարի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում: Հարությունը ընտանիքի առաջնեկն էր։ 1999 թ․ ընդունվել է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի միջնակարգ դպրոց և երկու տարի այնտեղ սովորել։

2001 թվականի հոկտեմբերին Հարությունը, ընտանիքի հետ միասին, տեղափոխվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաք և ուսումը շարունակել Հրազդան քաղաքի Հ․ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։ Հարությունը դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2009թ․ գերազանցությամբ ավարտել է դպրոցը։

2009թ․ ընդունվել է Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Բուժական գործ ֆակուլտետը։ Փոխելով վերոնշյալ ֆակուլտետը` 2011-2014 թթ․ Հարությունը սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետը։

2014-2016 թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի մագիստրատուրան` ձեռք բերելով բժշկի որակավորում «Բուժական գործ զինված ուժերում» մասնագիտությամբ։ 2016-2017թթ․ սովորել և ավարտել է ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրան` «Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում» մասնագիտությամբ։

2017թ․ Հարությունը գործուղվել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաք՝ որպես զորամասի բժիշկ։ 2018թ․ նշանակվել է նույն զորամասի բուժկետի պետ։ 2019 թ․ նշանակվել է նույն զորամասի բուժծառայության պետ։ Աշխատելու տարիներին ստացել է բազում պատվոգրեր և շնորհակալագրեր` վիրավորված զինծառայողներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև բուժական ծառայությունը բարձր մակարդակի կազմակերպելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու ու օրինակելի կարգապահության համար։

2020 թ․ հուլիսին ստացել է կապիտանի կոչում։

2020 թ․ ընդունվել է ԵՊԲՀ-ի օրդինատուրա`«Ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ։

2020 թ․ հոկտեմբերի 1-ին՝ պատերազմական դրությունից ելնելով, Հարությունը մեկնել է ռազմաճակատ՝ նորից զբաղեցնելով Հադրութի զորամասի բուժծառայության պետի պաշտոնը: Մասնագիտական գերազանց որակներ ցույց տալով՝ Հարությունը փրկել է հարյուրավոր վիրավորների կյանքեր։ Սակայն հոկտեմբերի 13-ին ռազմական շտապօգնության մեքենայում երկու վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելիս Հարություն Չոբանյանը թշնամու գնդակից զոհվեց՝ չկարողանալով փրկել սեփական կյանքը։




Տղերքը․ Մանվել Մանուչարյան

«Կար հնարավորություն, որ մենք իր թղթերը ներկայացնեինք, որ չծառայեր։ Ասում էր՝ չէ, մամ ջան, ես պետք ա գնամ ծառայեմ, կարո՞ղ է ես վախկոտ եմ․ բոլորը գնում են Հայրենիքը պահելու»․ պատմում է Մանվելի մայրը՝ Լիլիա Ներսիսյանը։

«Տղերքը» հաղորդաշարն այսօր պատմում է Հայրենիքը կյանքի գնով պահած մեր եղբայրներից ևս մեկի՝ Մանվել Մանուչարյանի մասին։ Ընտանիքը, ընկերներն ու ուսուցիչները վկայում են՝ հայրենի հողի հանդեպ սերը, իր ընտանիքի արժեքի գիտակցումը դեռ փոքր տարիքից է եղել Մանվելի ամենաբնորոշ գիծը, ով մշտապես պատրաստ էր հասնելու ու օգնելու։

Այս տարի՝ 2022-ի հունվարի 6-ին անմահացած զինվորի ընտանիքում նոր ծնունդ տոնեցին․ լույս աշխարհ եկավ Մանվելի եղբայրը։ Փոքրիկին կոչեցին Էմանուել․ ինչպես մայրն է ասում՝ «իր եղբոր ու նահատակված տղաների պատվին, որոնք հիմա երկնքում են»։

Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001 թ․, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում․ եղել է կարգապահ և ունակություններով լի աշակերտ։

2019 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել է Հադրութում։ 44-օրյա պատերազմի ժամանակ մի ամբողջ օր ծանր մարտեր է վարել թշնամու դեմ և զոհվել պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։

Մանվել Մանուչարյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։




Տղերքը․ Արմեն Սահակյան

«Կատարյալ օրինակ»․ այս բառերն են անընդմեջ հնչում «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսի՝ կապիտան Արմեն Սահակյանի մասին պատմողների խոսքում։
«Որ վիրավորվել էր հոկտեմբերի 16-ին, եկել էր, ասում եմ՝ Արմեն, գոնե մի երկու օր մնա, բուժվես՝ նոր, բա՝ չէ, զինվորներիս մոտ մարդ չկա, ես ոնց թողնեմ իրենց, գամ․․․ ու էլի հետ գնաց՝ մնաց ընդամենը մի օր»․
Արմեն Սահակյանը ծնվել է 1994 թ. մարտի 31-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 2002 թ.-ից հաճախել է մարզադպրոց՝սամբոյի դասընթացների:
2010թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի բնագիտական ֆակուլտետ՝ անվճար հիմունքներով: Սակայն Արմենի որոշումն էր, որ պետք է սպա դառնա: 2010 թ. ընդունվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
Ուսումը նրան բանակի իսկական նվիրյալ էր դարձրել։ Համալսարանն ավարտելուց հետո ցանկություն է հայտնել ծառայել Ջրականում․ այստեղ ծառայությունն անց է կացրել հինգ տարի:
Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին և ոչ մի պարագայում իր զորքին թույլ չի տվել նահանջել իրենց դիրքերից:
2019թ. սեպտեմբերից տեղափոխվել է Իջևանի N զորամաս, որպեսզի լինի ընտանիքի կողքին: Սեպտեմբերի 30-ից մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին:
Առանց երկմտելու և նույնիսկ ընտանիքի անդամներին հրաժեշտ տալու մեկնել է Արցախ՝ պաշտպանելու հյուսիսային հատվածի՝ Մատաղիսի դիրքերը: Մոտ մեկ ամիս հրամանատարին վայել հզորությամբ պահել է դիրքերը: Հոկտեմբերի 16-ին ստացել է բեկորային վնասվածքներ, սակայն հոսպիտալում անմիջապես հեռացնել է տվել բեկորներն ու վերադարձել դիրք՝ իր զինվորների մոտ:
Արմեն Սահակյանը զոհվել է Դրմբոնը պաշտպանելիս՝ հոկտեմբերի 28-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից:
Որպես հրամանատարի՝ նրա մասնագիտական ունակությունների ու նվիրման մեծագույն վկայությունը մնաց առարկայապես՝ կապիտան Սահակյանի ստորաբաժանումն իր խնդիրը կատարեց լիովին։ Իսկ Արմենը միացավ հանուն Հայրենիքի անմահացածների բանակին՝ իր մշտական ներկայութամբ մնալով մեր կողքին՝ որպես օրինակ և ուղեցույց․․․