Տղերքը․ Հակոբ Մելիքսեթյան

«Հակոբը եթե մի բանի նվիրվում էր՝ նվիրվում էր ամբողջությամբ․․․»

Ընկերները պատմում են, որ մարտի ամենաթեժ պահերին, երբ դիրքն արդեն հրամանատար չուներ, նա իր վրա է վերցրել գործողությունները համակարգելու պատասխանատվությունը՝ մեծագույն քաջություն ցուցաբերելով։

«Տղերքը» հաղորդաշարի մեր այս թողարկման հերոսը Հակոբ Մելիքսեթյանն է։ Հակոբը գեղեցկությունը տեսնում և «բաժանում» ու վերարտադրում էր ամենուր․ ինչպես նրա բազմաթիվ նկարները, այնպես էլ իր հարազատների, ընկերների նկատմամբ վերաբերմունքը՝ որպես միայն բարու և գեղեցիկի, վկայում են հենց այս մասին։

Հակոբ Մելիքսեթյանը ծնվել է 2000թ․ հոկտեմբերի 16-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում:

Ավարտելով Գետահովիտի միջնակարգ դպրոցը՝ 2018 թ․-ին ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Կիրառական արվեստի ֆակուլտետ։ Անսահման բարի էր, ժպտերես, կատակասեր:

Ուսումը կիսատ թողնելով՝ 2019թ․ հունվարի 11-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Արցախի ՊԲ «Մարտունի-2» զորամասում: Եղել է ՀՕՊ մասնագետ: 2020 թ․ պատերազմը սկսվելու առաջին իսկ օրից Հակոբն իր ընկերների հետ համառ մարտեր է մղել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ ինքնաթիռ։ Անմահացել է հոկտեմբերի 7-ին, Մարտունիում։

Հակոբ Մելիքսեթյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով, «Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Գրթության մայր» մեդալով։

Հակոբը վստահ պատասխանատվությամբ բռնեց անմահության ճանապարհը՝ անվարան նվիրումով որոշում կայացնելով որևէ կերպ չխուսափել ու չընկրկել՝ լինելով ու մնալով իր ընկերների, իր Հայրենիքի կողքին։




Տղերքը․ Յուրա Հարությունյան

«Պատերազմի ընթացքում ասում էր, որ ամեն առավոտ թուրքերի հետ սուրճ է խմում․ ասում էր՝ դե, մի քանի մետր են մեզնից հեռու․ ամեն առավոտ զարթնում ենք, միասին սրճում ենք, պատահում է նաև, որ միասին ընթրում ենք․ ամեն ինչ կատակի էր վերածում»։

«Տղերքը» հաղորդաշարի այսօրվա՝ հերթական թողարկման մեր հերոսը Յուրա Հարությունյանն է։ 44-օրյա պատերազմի ընթացքում նա ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, հետևակի մարտական 5 մեքենա, 3 «Ուրալ», «Կամազ» մակնիշի 2 մեքենա, 2 տրակտոր՝ դրսևորելով զարմանալի խիզախություն ու ոգու ամրություն։

Հարության տոնին ծնված և մկրտության «Հարություն» անունը կրող Յուրան մարտի դաշտում կերտեց իր հաղթանակը՝ բոլոր տեսակի պարտությունների ու մահի հանդեպ։

Յուրա Հարությունյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 15-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 2007 թվականից հաճախել է Բերդի թիվ 4 հիմնական դպրոց։ Շատ լավ էր սովորում դպրոցում, սիրում էր բոլոր առարկաները, հատկապես՝ մաթեմատիկան։

2019 թվականին՝ դպրոցն ավարտելուց հետո, ընդունվում է ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժինը, ապա ամռան առաջին զորակոչով՝ հուլիսի 5-ին զորակոչվում բանակ։ 6 ամիս ծառայելով Գյումրիի մասնագիտացած զորամասում՝ ստանում է կրտսեր սերժանտի կոչում, 2 կրծքանշան եւ մեկնում Արցախ՝ ծառայությունը շարունակելու:

Արցախում 3 ամիս ծառայելուց հետ ստացել է սերժանտի կոչում և ևս երկու կրծքանշան։ Յուրան սովորել էր Արցախի բարբառը. «Այ տի պաներ». այս բառերով էր ավարտում իր բոլոր հեռախոսազանգերը:

2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 30-ը ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին: Կռվել է Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Հադրութում եւ Մարրտունիում: Պատերազմի օրերին շատ ոգևորված էր․ ոչնչացրել է հակառակորդի 2 տանկ, հետևակի մարտական 5 մեքենա, 3 «Ուրալ», «Կամազ» մակնիշի 2 մեքենա, 2 տրակտոր: Հոկտեմբերի 30-ին Քերթ գյուղից տեղափոխվելու ճանապարհին հակառակորդի անօդաչուի հարվածից ստացել է բեկորային մահացու վիրավորում:

Յուրա Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայություն» և «Գթության մայր» մեդալներով։

Մարտական ընկերները վկայում են՝ «Յուրան ոգեշնչում էր բոլորիս», հիացմունքով են խոսում նրա նվիրվածության ու կենսուրախության մասին։ Յուրան՝ որպես հավերժ ներկայություն, Հայրենիքինն ու անմահությանն է այլևս, որպեսզի մենք ևս հնարավորություն ունենանք հետևելու նվիրումի իր ճանապարհին․․․




Տղերքը․ Սամվել Մատինյան

«Եթե ինձ ասեք՝ մի բառով պատմիր Սամոյի մասին, ես կասեմ՝ լույս․․․»

Եվ չկա ավելի մեծ սեր, քան որ մեկն իր կյանքը զոհի ավելի ուրիշների։ Չկա ավելի մեծ սեր, քան զոհաբերությունը՝ հանուն Հայրենիքի։ #Տղերքը հաղորդաշարն այսօր պատմում է իր կյանքով սիրո մասին վկայած հերոսի՝ Սամվել Մատինյանի մասին։

«2020 թ․ հունվարի 28-ին Բանակի տոնն էր․ ես հենց այդ ժամանակ հասկացա, որ ես բանակը, պետությունն ու իմ երկիրը Սամվելով եմ սիրել։ Սամվելը հագել է իր կանաչ համազգեստը ու ես սիրել եմ մեր երկիրը։ Ես տեսել եմ՝ Սամվելը ինչ հոգատարությամբ, սիրով, սրտացավությամբ է վերաբերվել իր զինվորներին, ու ես հասկացել եմ, որ դա միայն զինվորներին վերաբերվել չէ, Հայրենիքին վերաբերվել է․․․ մեր սերը Հայրենիքի հանդեպ Սամվելով է սկսվել, ու Սամվելով էլ շարունակվում է մինչև հիմա», – Թերեզա Մատինյան (Սամվելի քույրը)։

Սամվել Մատինյանը ծնվել է 1996թ. փետրվարի 24-ին՝ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում: Ընտանիքի երրորդ և սպասված զավակն էր՝ երկու աղջիկներից հետո:

2002թ. ընդունվել է Այգեհովիտի Արտաշես Վասիլյանի անվան միջնակարգ դպրոցը, որը գերազանց առաջադիմությամբ ավարտելով, 2013թ. ընդունվել էր միանգամից երկու բարձրագույն ուսումնական հաստատություն՝ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետ և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:

Ընտրությունը բարդ չեղավ․ նրան առավել հոգեհարազատ էր ռազմական մասնագիտությունը: Մասնագիտությամբ հրետանավոր էր: Չորս տարի սովորեց ինստիտուտում և 2017թ., ստանալով լեյտենանտի կոչում, իր ընտրությամբ մեկնեց Ջրական՝ որպես ջոկի հրամանատար։ Ընտրությունը պատահակն չէր ,քանի որ մասնագիտական փորձաշրջանը անցել էր հենց Ջրականում, մասնակցել Ապրիլյան պատերազմին և սիրահարվել այդ տարածաշրջանին:

Սամվելը փայլուն հրետանավոր էր՝ մասնագիտական և մարդկային բարձր որակներով: Արդեն երրորդ տարում վաշտի հրամանատար էր, կոչումով՝ կապիտան: Սիրում էր իր աշխատանքը, հոգատար էր յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, և պատահական չէր, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի զոհ չէր տվել իր վաշտից։ Իսկական իր գործին նվիրյալ էր՝ կոչված լինելու սպա:

44-օրյա պատերազմի ընթացքում Սամվելը 35 օր շարունակ հերոսական մարտեր մղեց ոսոխի դեմ, շրջափակվեց ու շրջափակումից հանեց իր զորքին: Նրա երկրային կյանքն ավարտվեց 24 տարեկան հասակում՝ մարտի դաշտում:

Սամվել Մատինյանը հետմահու պարգևատրվել է «Զարավար Անդրանիկ», «Արիության» ու «Մարտական ծառայություն» մեդալներով։

«Եզակի մարդիկ են լինում՝ նման մասնագիտական որակներով ու նվիրվածությամբ միաժամանակ․․․ Կարծում եմ, որ այդ տղաները կյանքը չհամարեցին ամենաթանկը, այլ իրենց արժանապատվությունը, իրենց Հայրենիքն ամենաթանկը գնահատեցին։ Մնացողներիս թող պատգամ լինի, որ այդ մարդկանց մեր՝ ճիշտ ապրելով պարտական լինենք»։




Տղերքը․ Արթուր Հովսեփյան

«Ունենալ հզոր, բանիմաց, մեր Հայրենիքին ու բանակին նվիրված մարտիկներ. սա Արթուրի առաջին և ամենանվիրական երազանքն էր»։

Նրա համար բանակն ու Հայրենիքը միշտ առաջին տեղում էին. «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա թողարկումը փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի մասին է։

Արթուր Հովսեփյանը ծնվել է 1987թ. Տավուշի մարզի Սևքար գյուղում: Սովորել է Սևքարի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ 2004թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2008թ. ավարտել է ինստիտուտը գերազանց առաջադիմությամբ՝ որպես հրետանավոր: Ինստիտուտն ավարտելուց հետո մի շարք զորամասերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ:

2018թ. սեկտեմբերին կազմավորվել է Իջևանի հակատանկային N զորամասը, որի առաջին հրամանատար է նշանակվել Արթուր Հովսեփյանը: Նորաստեղծ զորամասի կայացման գործընթացն ամբողջությամբ կազմակերպել է փոխգնդապետ Հովսեփյանը և կարճ ժամանակահատվածում կարողացել է այն դարձնել մարտունակ զորամաս: Իր ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և պատվոգրերով:

Հակատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Հովսեփյանը 2020թ. սեպտեմբերի 30-ին մեկնել է Արցախ, մասնակցել հյուսիսային ռազմաճակատում ծավալված գործողություններին: Նրա վարպետության ու սխրանքի շնորհիվ 2020 թվականի հոկտեմբերին Արցախի հյուսիս-արևելքում հաջողվել է կանգնեցնել թշնամու հարձակումը։ Ոչ մի վայրկյան պարտության կամ նահանջի մասին չմտածելով՝ մարտի դաշտից նա հուսադրում էր բոլորին․ «Երբեք չմտածեք, որ պարտվելու ենք»։

Հրետանու կրակով ոչնչացրել է թշնամու շուրջ 17 միավոր զրահատեխնիկա եւ մեծաթիվ կենդանի ուժ: Զոհվել է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին, Մատաղիսում:

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայության համար Արթուր Հովսեփյանը հետմահու արժանացել է  «Մարտական խաչ» 1-ին աստիճան շքանշանին:

Որպես իսկական, նվիրված հրամանատար՝ փոխգնդապետը մինչև վերջ իր զինվորի կողքին էր՝ նվիրումի կյանքը կնքելով նաև մեծագույն զոհաբերությամբ՝ հանուն իր տղերքի և հանուն Հայրենիքի։




Տղերքը․ Սերգեյ Պետրոսյան

«Ասել ա՝ տղերք, դուք հետևե՛ք՝ տեսեք՝ կամանդիրը քնած ա, ես պետք ա էն ուրալը բերեմ»․․․

«Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Սերգեյը, պատերազմի ժամանակ զինամթերքով բեռնված ուրալը կրակի տակ, 700 մետր հեռավորությունից հասցրել է հայկական կողմին՝ չլսելով ո՛չ հրամանատարի, ո՛չ ընկերների հորդորները։ Իրեն ներհատուկ կենսախինդ բնավորությամբ էլ ծիծաղելով հետ է վերադարձել։

Հայրենի Տավուշի հող ու ջրի, անտառների իրական զավակը լինելով՝ Սերգեյ Պետրոսյանն ուրախությամբ է մեկնել ռազմաճակատ՝ ընկերներին ու հարազատներին էլ արգելելով որևէ կերպ առարկել կամ տխրել։ Ռազմաճակատում բազմիցս աչքի է ընկել՝ իր մտերիմների հանդեպ սերը Հայրենիքի համար արված զոհողությանը խառնելով։

Սերգեյ Պետրոսյանը ծնվել է 2001թ․ Իջեւանում։ Սովորել է Գետահովիտի միջնակարգ դպրոցում։ Ավարտելով դպրոցը՝ ընդունվել է քոլեջ, ապա ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է բանակ: Ժամկետային ծառայության է անցել «Մարտունի-2»զորամասում։

Կենսուրախ, չարաճճի, աշխատասեր․ այսպես են Սերգեյին հիշում ընտանիքի անդամները եւ ընկերները։ Նա Պետրոսյանների ընտանիքի միակ որդին էր՝ երկու քույրերի եղբայրը։

Պատերազմի առաջին իսկ օրից Սերգեյը առաջնագծում է եղել։ Ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 22-ին, հուսադրել է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Սերգեյը ընկերների հետ Վարանդայում գրավել է մեկ դիրք, փրկել է զինակցի կյանքը։ Կռվել է 5 ամենաթեժ կետերում։ Զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայի համար մղվող մարտերում։

Հետմահու պարգեւատրվել է արիության մեդալով։




Տղերքը․ Սուրեն Մելիքբեկյան

Հայրենիքով ապրողը․․․«Տղերքը» հաղորդաշարի մեր հերթական թողարկումը պատմում է տավուշեցի Սուրեն Մելիքբեկյանի մասին։ Սուրենին բոլորն են հիշում որպես բացառիկ հայրենասերի՝ ոչ միայն խոսքով, այլև կամքով ու կյանքով արտահայտված։

Բերդ քաղաքում ծնված, իր ծննդավայրում, ապա՝ Երևանում ապրած Սուրենի բոլոր նպատակներն ու երազանքները միայն մեր երկրի հետ էին կապված․ նա վստահ էր՝ «աշխարհի ամենալավ ապրելու տեղը Հայաստանն է»։

Սուրեն Մելիքբեկյանը ծնվել է 1998 թ․ հոկտեմբերի 18-ին, Տավուշի մարզի Բերդ քաաքում։ Հաճախել է Բերդի թիվ 4 հիմնական դպրոցը։

Դպրոցական տարիներին աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով․ մասնակցել է մի շարք մրցույթների և օլիմպիադաների։ Տարածաշրջանում յուրաքանչյուր միջոցառման մեջ նա իր ներդրումն ուներ։


2016 թ․ Սուրենն ընդունվել է Երևանի պետական համալսարանի Արխարհագրության, քարտեզագրության և կադաստրային գործի բաժինը, 2020 թ․ ավարտել է այն գերազանց առաջադիմությամբ, ապա ընդունվել է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրա։

Կիսատ թողնելով ուսումը՝ 2020 թ․ օգոստոսի 19-ին զորակոչվել է բանակ։ Ծառայել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։ Զոհվել է պատերազմի առաջին օրը՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։

Իրեն ճանաչողների սրտում Սուրենը միշտ կմնա անմահ՝ որպես օրինակ շատերի համար․ «Եթե Սուրենին մեկ բառով ներկայացնեմ՝ ինքը օրինակելի մարդ էր․ օրինակելի՝ բոլոր առումներով․ թե՛ իր դաստիարակությամբ, թե՛ հայրենասիրությամբ, թե՛ ընկերական միջավայրում»։




Տղերքը․ Միքայել Եգանյան

Ծառայություն ընտանիքին, ծառայություն Հայրենիքին․ «Տղերքը» հաղորդաշարի մեր այսօրվա հերոսը՝ Միքայել Եգանյանն իր ընտանիքին և այդ միջոցով նաև՝ Հայրենիքին մեծ նվիրումով ապրելու օրինակ է։

Միքայել Եգանյան, նռնակաձիգ: Ծնվել է 2001թ. օգոստոսի 14-ին, Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Սովորել է Լուսաձորի միջնակարգ դպրոցում:

2019թ. հունվարին Միքայելը զորակոչվել է բանակ «Ես եմ» ծրագրով, ծառայել է «Մարտունի 3»-ում: Թեժ մարտերի ընթացքում վիրավորվել է խրամաբջիջում՝ ականանետի հարվածից, երկու զինակիցների հետ միասին: Զոհվել է 2020թ․ հոկտեմբերի 1-ի գիշերը, հիվանդանոցի ճանապարհին:

Միքայել Եգանյանը հետմահու պարգեւատրվել է Արիության եւ Մարտական ծառայություն մեդալներով:

Շատ երեխաներ էր ուզում ունենալ, իր տունը նորոգել ու կառուցել․ տան միակ զավակն էր և ամենայն պատասխանատվությամբ ստանձնել էր ընտանիքի մասին հոգ տանելը։ Այս նույն սիրով էլ սիրեց Հայրենիքը և նույն պատասխանատվությամբ մեր երկրի հանդեպ՝ անմահացավ․․․




Տղերքը․ Ժորա Փարսյան

Հանգիստ, համեստ, լուռ, հոգատար ու նվիրված․ այսպիսինն է նա մնացել ու կմնա իր հարազատների սրտում՝ որպես հանուն շատերի կյանքի իր կյանքը նվիրած հերոս։ «Տղերքը» հաղորդաշարի այս թողարկման մեջ պատմում ենք տավուշեցի Ժորա Փարսյանի մասին։

Ժորա Փարսյանը ծնվել է 2001 թ․ հունվարի 12-ին, Իջևան քաղաքում։ 2006 թ․-ից հաճախել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 2012 թ․-ից դասերին զուգահեռ հաճախել է «Ավանդույթ» երաժշտական դպրոց՝ դհոլի բաժին։ Մասնակցել է բազում փառատոնների և վերադարձել հաղթանակներով։

2015 թ․ ուսման է անցել Իջանի տարածաշրջանային պետական քոլեջի «Ֆինանսներ» բաժնում։ Ավարտել է 2018 թ․՝ գերազանցության դիպլոմով՝ հետագայում բուհ դիմելու նպատակով։ Մասնակցել է Տավուշի մարզի հրաձգության մրցաշարին, գրավել առաջին տեղը։

2019 թ․ հուլիսի 19-ին ծառայության է անցել Սիսիանում, եղել է սերժանտ։ 2020 թ․ սեպտեմբերի 8-ին տեղափոխվել է Արցախ։ Մարտնչել է Ջրականում, Վարանդայում, Հադրութում, որտեղ էլ անմահացել է հոկտեմբերի 14-ին։

Ինչպես շատ-շատերը 44-օրյա պատերազմի ծանր օրերին, այնպես էլ Ժորան կռվի դաշտում կատարեց իր ընտրությունը՝ Հայրենիքն ու իր հայրենակիցների կյանքերը վեր դասելով սեփականից։




Տղերքը․ Նարեկ Բալասյան

«Ինքն իր տեղով ուրախություն էր, փոթորիկ․․․»։ Մաքուր սրտով, հավատարիմ, միշտ ու ամենուրեք հասնող․ այսպես են հիշում Նարեկին բոլորը՝ ընտանիքը, ընկերները, ուսուցիչները․․․ Իսկ զինակից ընկերները բազմիցս վկայում են սխրանքների և փրկած կյանքերի մասին։




Տղերքը․ Շիրակ Գասպարյան

«Մի թող, որ դարիդ սև արատներով հոգիդ վարակվի և ննջի անարգ․․․», – այս տողերը գրել ու դրանց հավատարիմ մնալ էր կարողացել մեր այսօրվա հերոսը՝ Շիրակ Գասպարյանը։

Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահ ու գիտակցաբար՝ ասելով, որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։

Տղերքը հաղորդաշարի առաջին թողարկումը.



Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ ԻՄ Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։

Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

Շիրակ Գասպարյանն իր ցուցաբերած քաջության ու մեծ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Շիրակենց տան բակում՝ Աչաջուր գյուղի մեջ, նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով այժմ վեր է բարձրանում նրա երազանքը՝ փոքրիկ եկեղեցին, որտեղ այցելուների աղոթքները նրանց էլ ավելի կմոտեցնեն այն անմահությանը, որին խորապես հավատում էր Շիրակը․․․