«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդում և Կողբում փոխադարձ այցերով բեմադրվել են «Սարերում կյանք կա…» և «Գարնանային ղողանջներ» պիեսները

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում մարտի 30-ին Բերդի համայնքային մշակույթի տանը Կողբի մշակույթի կենտրոնի թատերական խմբի կատարմամբ բեմադրվել է «Սարերում կյանք կա…» (պիեսի հեղինակ` Լիանա Անթառանյան, ռեժիսոր` Սասուն Մուրադյան) ներկայացումը:

Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մարինե Խաչատրյանը կարևորել է միջոցառումը՝ մասնավորապես նշելով. «Մեր մարզը թատերական մշակույթի հարուստ ավանդույթներ է ունեցել: Բոլոր տարածաշրջանները՝ Բերդը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Իջևանը, ունեցել են իրենց թատերական խմբերը: Հուրախություն բոլորիս՝ Կողբի, Նոյեմբերյանի, Բերդի մշակույթի տները փորձում են վերածնել թատրոնի ավանդույթները մեր մարզում»:

Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը և Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը ևս կարևորել են միջոցառումը՝ համայնքների մշակութային կյանքը հարստացնելու, միջհամայնքային մշակութային համագործակցությունը զարգացնելու և թատերական մշակույթի ավանդույթները վերականգնելու առումով:

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառումը կայացել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, Տավուշի մարզպետարանի և Բերդի համայնքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան ապրիլի 2-ին փոխադարձ այցով Կողբի մշակույթի տանը հանդիսատեսին կներկայացնի Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Փոխադարձ այցով Բերդի մանկապատանեկան թատերախումբը Կողբում ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, մարզպետարանի աջակցությամբ և «Կողբի գեղարվեստի դպրոց» գիտակրթական հասարակական կազմակերպության /տնօրեն՝ Արա Ղուլիջանյան/ համագործակցությամբ իրականացված «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակներում օրերս փոխադարձ այցով Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան Կողբի մշակույթի տանը ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Կողբում Բերդի մանկապատանեկան թատերախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ներկայացումից հետո «Թատրոնի օր» միջհամայնքային մշակութային օրը խորհրդանշող հուշանվերներ են տրվել թե Կողբի և թե Բերդի դերասանական ու ռեժիսորական կազմի բոլոր անդամներին, իսկ թատերախմբերն ու մշակույթի տան տնօրենները, նախաձեռնողներն ու սատարողները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի։




Իջևանի Arm Studio թատերական խմբակում քննական օր էր

Շուրջ 1 տարի ակտիվ գործունեություն ծավալող Arm Studio թատերական խմբակի սաների համար հուլիսի 18-ը քննական օր էր. սաներն իրենց ստացած գիտելիքների և ձևավորված դերասանական կարողությունների շնորհիվ հանդես եկան թատերական ներկայացմամբ և մենախոսական կատարումներով։

Սաների հետ մասնագիտական խորհուրդներով կիսվելու և գնահատելու էին եկել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Նարեկ Հայկազյանը և Ծովիկ Մարտիրոսյանը։