Անիմացիայի օրը՝ Թումո Դիլիջանում

Նոյեմբերի 3-ին Թումո Դիլիջանում հավաքվել էին անիմացիայի սիրահարների եւ մասնագետների մի խումբ, որոնք համատեղ բացահայտեցին անիմացիայի կախարդական աշխարհը։ Միջոցառումն ընթացավ ստեղծագործական մթնոլորտում՝ համատեղելով քննարկումներ, պրակտիկ աշխատարաններ և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություն՝ բոլորին մեկ քայլ մոտեցնելով անիմացիայի արվեստին։

Միջոցառման առանցքային հատվածը Հայկական անիմացիայի զարգացման հեռանկարները թեմայով պանելային քննարկումն էր։ Թեմայի շուրջ զրուցեցին ոլորտի առաջատար մասնագետներ՝ Զաքար Դեմիրճյանը, Նաիրա Մուրադյանը, Արմինե Անդան և Տիգրան Առաքելյանը, ովքեր բացահայտեցին հայկական անիմացիայի առանձնահատկությունները, զարգացումները և ապագայի ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մի քանի հաջողված նախագծերի՝ «Սևանիկ», «Թռչող տերևների երգը», «Ամանոր» և «Ֆիրդուս» ֆիլմերի առանձնահատկություններին։ Վեց զուգահեռ աշխատարաններում ոլորտի փորձագետները իրենց գիտելիքները փոխանցեցին բոլորին՝ թե՛ նորեկներին, թե՛ արդեն փորձառու մասնագետներին։ Այստեղ ի վերջո ամեն մեկը կարողացավ ձեռք բերել նոր հմտություններ՝ սկսած շարժվող պատկերներից, մինչև բարձրորակ անիմացիա ստեղծելու ողջ գործընթացը։ Բացի այս, միջոցառման ողջ ընթացքում Թումո Դիլիջանի բոլոր հարկերում ներկայացված էին ուսանողների անիմացիոն աշխատանքները, որոնք զարմացրին մասնակիցներին իրենց ստեղծագործական բովանդակությամբ և նորարարական մոտեցումներով։

Մանրամասները՝ ռեպորտաժում։




Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնը շուտով կբացի իր դռները

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում շուտով իր դռները կբացի Կողբի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը;

Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ Հայաստանում ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։

Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելու համար ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարձր մոտիվացիայով, ճկուն և հավատարիմ անհատի, ով պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա գործունեության համար, կհամակարգի  Թումոյի կրթական ծրագրի և գործունեության իրականացումը՝ կապի մեջ լինելով Երևանի գլխավոր գրասենյակի հետ: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 




Ծնողական շաբաթը Տավուշի ԹՈՒՄՈ կենտրոններում և տուփերում

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների բոլոր կենտրոններում և տուփերում նոյեմբերի 7-ից մեկնարկել է ծնողական շաբաթը․ այն շարունակվել է մինչև նոյեմբերի 13-ը: Տարվա մեջ 2 անգամ ԹՈՒՄՈ-ն բացում է իր դռները ծնողների առաջ՝ հնարավորություն տալով նրանց անձամբ ծանոթանալ ԹՈՒՄՈ-յի կրթական ծրագրին, մասնակցել դասընթացներին, հանդիպել մարզիչների ու դասընթացավարների հետ՝ ամբողջապես ընդգրկվելով կրթական առօրյայում:

Ծնողական շաբաթի 5-րդ օրը՝ նոյեմբերի 11-ին, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը Դիլիջանի ԹՈՒՄՈ կենտրոնում էր՝ հանդիպելու Դիլիջանի և հարակից համայնքների ԹՈՒՄՈ տուփերի ուսանողների ու նրանց ծնողների հետ:

Հանդիպման ընթացքում Մարի Լու Փափազյանը  խոսեց ԹՈՒՄՈ-յի ընթացիկ ու սպասվող ծրագրերի մասին, պատասխանեց ծնողներին հետաքրքրող հարցերին:

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար կրթական ծրագիր է, որը պատանիներին տալիս է հնարավորություն՝ լինել իրենց ուսուցման պատասխանատուն: Կենտրոնի ուսումնական ծրագիրը կազմված է ինքնուրույն ուսուցման գործողություններից, սեմինարներից և նախագծերի լաբորատորիաներից:

ԹՈՒՄՈ-ն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Ստեփանակերտում։ Դրանց կից գործում են նաև ԹՈՒՄՈ տուփեր, որոնց թիվը տարեցտարի ավելանում է։ Տավուշի մարզում շուտով ԹՈՒՄՈ տուփեր կբացվեն Իջևանում, Ազատամուտում, Արծվաբերդում և Կողբում:






Բացումից մեկ տարի անց․ Թումո տուփը Բերդում

«Թումոն տվեց նոր գիտելիքներ, շատ հետաքրքիր նոր փորձ և ոլորտներ, որոնց մասին ես չգիտեի․․․»  «Թումոյի շնորհիվ որոշել եմ իմ ապագան կառուցել ՏՏ ոլորտում»։

«Ստեղծագործության դասընթացի գնալիս զգացի, որ կարողանում եմ աշխատել տեքստի հետ․ որոշեցի դառնալ սցենարիստ կամ լրագրող»։

Սահմանապահ Բերդ քաղաքում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Թումո տուփը՝ քաղաքի ու հարակից գյուղերի մոտ 300 երեխաներին տալով ժամանակակից ու պահանջված ոլորտներում հմտանալու և մասնագիտանալու հնարավորություն:

Այստեղ պատանիները ուսումնասիրում են 14 ոլորտներ՝ դիզայնի և տեխնոլոգիաների միջակայքում: «Թումո տուփը» Տավուշի մարզում առաջինն է, բայց վերջինը չի լինի: Դեռ այդպիսի կրթական 6 կենտրոն կստեղծվի ու կգործի մարզի տարբեր համայնքներում՝ հասանելի դարձնելով ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր երեխաներին: