Երեխայի անվտանգությունը տոն օրերին

Տոնական միջոցառումները մանկության ամենապայծառ հիշողություններից են։ Դրանք կապված են ոչ միայն ստացված նվերների, այլեւ շուրջը տիրող ընդհանուր տոնական մթնոլորտի, բացօդյա համերգների ու զբոսանքների հետ։ Երբեմն ծնողները խուսափում են դրանցից՝ վախենալով կորցնել երեխային որեւէ մարդաշատ վայրում։

Ինչպես անել, որ ամբոխի մեջ միմյանց որոնումները, ծնողների անհանգստությունն եւ երեխայի գլխին թափվող նախատինքները չմթագնեն ուրախ տրամադրությունը։ Փորձենք հիշել, թե սովորաբար ինչից են սկսվում գրեթե բոլոր տոների նախապատրաստական աշխատանքները։ Իհարկե, խանութ կամ տոնավաճառ արշավներից, որոնց հիմնական նպատակը նոր հագուստ կան կոշիկներ գնելն է։

Երեխայի համար զգեստ ընտրելիս աշխատեք, որ այն լինի վառ, աչք ծակող գույնի, որպեսզի փոքրիկի հեռանալու դեպքում կարողանաք հեշտությամբ գտնել նրան ամբոխի մեջ։ Բաճկոնի ներսի կողմից կարող եք ամրացնել երեխայի անուն-ազգանունով, ձեր հեռախոսահամարով եւ առողջության հետ կապված կարեւոր տվյալներով (ալերգիա, հակացուցված դեղեր, հիվանդություններ եւ այլն) փոքրիկ թղթի կտոր այնպես, որ բաճկոնն արձակելիս այն անմիջապես նկատվի։ Տանից դուրս գալուց առաջ երեխային լուսանկարեք այն հագուստով, որով գնալու եք զբոսնելու։ Աշխատեք, որ լուսանկարներում փոքրիկը երեւա ամբողջ հասակով, դեմքի տարբեր արտահայտություններով՝ ժպտացող, մռայլ եւ այլն։ Եթե նա որեւէ առանձնահատուկ արտաքին նշան ունի, այն եւս առանձին լուսանկարեք։ Լավ կլինի, որ դուք օգտվեք անմիջապես նկարը երեւակող լուսանկարչական սարքից, որպեսզի նկարը վերցնեք ձեզ հետ եւ երեխայի կորելու դեպքում այն ցույց տաք շրջապատի մարդկանց։ Եթե այդպիսին չկա, կարող եք վերցնել նրա վերջին լուսանկարներից։ Նշենք, որ ընդհանրապես ցանկալի է երեխային լուսանկարել ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ։

Հագցնելով երեխային եւս մեկ անգամ ուշադիր զննեք նրան՝ լավ հավաքվա՞ծ են շարֆի կամ գլխաշորի ծայրերը եւ կոշիկների քուղերը, որպեսզի նա հանկարծ չընկնի եւ չվնասի իրեն։ Հասնելով խանութ կամ զբոսանքի վայր՝ նախապես երեխայի հետ պայմանավորվեք, թե միմյանց կորցնելու դեպքում որտեղ եք հանդիպելու։ Ընտրեք հեշտ նկատելի վայր՝ որեւէ արձանի, յուրահատուկ շենքի, խանութի մուտքի կամ գունագեղ ցուցանակներից մեկի մոտ։ Լավագույն տարբերակն այն է, որ երեխան կարողանա ցանկացած կետից տեսնել այդ վայրը։

Ամբոխի հետ ձուլվելով՝ բռնեք երեխայի ձեռքից եւ խնդրեք նրան անել նույնը։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ նա բռնի հագուստի թեւքից, փեշից կամ պայուսակից, քանի որ այդպես դուք չեք նկատի նրա հեռանալը։ Թույլ մի տվեք, որ նա միայնակ առաջանա դեպի համերգի բեմահարթակը կամ խանութի ցուցափեղկի մոտ։ Գնացեք նրա հետ։ Եթե խանութում մարդիկ հրմշտում են իրար, ապա երեխային պահեք ձեր առջեւում, որպեսզի նա միշտ լինի ձեր տեսադաշտում։

Եթե երեխան կորել է, ապա ձեր շուրջը նրան ուշադիր փնտրել-չգտնելուց հետո գնացեք հանդիպման պայմանավորված վայրը եւ սպասեք նրան այնտեղ։ Նույնը պետք է անի նաեւ երեխան։ Եթե որեւէ մեկն առաջարկի նրան շրջել խանութում կամ գրկել-բարձրացնել, որպեսզի նա ավելի լավ տեսի շրջապատը, փոքրիկը պետք է հրաժարվի։ Եթե ծնողները երկուսով են, ապա մեկը պետք է սպասի պայմանավորված վայրում, իսկ մյուսը կարող է խնդրել միջոցառման կազմակերպիչներին կամ խանութի տնօրինությանը, որ ռադիոկապով կամ բարձրախոսով հայտնեն երեխայի կորելու մասին`չմոռանալով ճանապարհին շրջապատի մարդկանց ցույց տալ երեխայի լուսանկարը։

Եթե փնտրելիս նկատում եք փոքրիկին հեռվում, ապա մի բղավեք։ Նա դժվար թե լսի ձեր ձայնն ընդհանուր աղմուկի մեջ, իսկ եթե լսի, ապա կարող է շփոթվել եւ կորցնել իր ուղենիշը։ Նրան կարող են տանել բոլորովին այլ ուղղությամբ, այնպես, որ դուք կարող եք կորցնել նրան ձեր տեսադաշտից։ Այդ պատճառով երեխային տեսնելիս աշխատեք նրան աչքի առաջ պահելով արագ-արագ մոտենալ։

Գտնելով երեխային ասացեք, որ դուք շատ էիք անհանգստանում, կարծում էիք, որ այլեւս նրան չեք տեսնի եւ հիմա շատ երջանիկ եք, որ գտել եք նրան։ Ձեր խոսքերը կօգնեն փոքրիկին դուրս գալ հուզական սթրեսից։ Չէ՞ որ նա հայտնվել էր արտակարգ իրավիճակում, եւ եթե տեղն ու տեղը սկսեք նրա գլխին քարոզ կարդալ եւ նախատել, դժվար թե նա որեւէ դաս քաղի պատահածից եւ, բացի այդ, նրա մեջ վախ կմնա, որ ինքը կրկին կարող է հայտնվել նման իրավիճակում։

Եթե նույնիսկ երեխան միանգամից չի գտել ձեր ժամադրավայրը, գովեք նրան եւ ասացեք, որ անհրաժեշտ է ավելի զգույշ եւ ուշադիր լինել։ Հարցրեք, թե ինչը խանգարեց նրան արագ գտնել հանդիպման վայրը, պարզեք որոնք էին նրա սխալները եւ բացատրեք, թե ինչ էր անհրաժեշտ անել։ Մտածեք, միգուցե՞դուք էիք հանդիպման համար անհաջող վայր ընտրել, եւ երեխան չի կարողացել այն անմիջապես գտնել։

Հարց է ծագում, թե այս պարագայում որքանո՞վ է օգտակար երեխայի հագուստին նրա անձնական տեղեկություններով թերթիկ փակցնելը։ Հնարավոր է, որ որեւէ վթարի կամ վնասվածքներ ստանալու դեպքում երեխան չկարողանա խոսել, եւ այդ թերթիկը կարող է օգնություն ցույց տվողներին կամ բժիշկներին կարեւոր տեղեկություններ հաղորդել նրա մասին (օրինակ` այն դեղերը, որոնք հակացուցված են փոքրիկին)։

Հետեւելով այս խորհուրդներին` դուք կարող եք խուսափել տհաճ ապրումներից եւ պահպանել ձեր երեխայի անվտանգությունը։




Ինչպես առողջ սնվել տոնական օրերին. առողջապահության նախարարության խորհուրդները

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս.
  • սնվել չափավոր. սնունդն ընդունել քիչ քանակով, ընդմիջումներով: Պետք չէ համտեսել սեղանին դրված բոլոր կերակրատեսակները: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա, և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը.
  • տապակած և ճարպոտ կերակրատեսակները փոխարինել եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդով.
  • оգտագործել միրգ և բանջարեղեն չիպսերի, դոնաթսների և նմանատիպ անառողջ սննդի փոխարեն.
  • նվազագույնի հասցնել ալկոհոլի օգտագործումը: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը.
  • սահմանափակել շաքարի օգտագործումը, հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք.
  • պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ: