Ուսումնավարժություն` «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը` ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով
Հրդեհի բռնկում, ահազանգում, փրկարարների ժամանում դեպքի վայր, աշխատանքների կառավարում և հրդեհաշիջում։ Հայաստանի ՆԳՆ ՓԾ–ը Իջևան համայնքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում սեպտեմբերի 29-ին իրականացրել է «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ստորաբաժանումների միջև փոխգործողությունների ու հմտությունների կատարելագործման նպատակով՝ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ կատարելիս։
Համաձայն սցենարի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը նկատում է, որ անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը աշխատակիցը փոխանցում է «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի ղեկավար կազմին և միաժամանակ ահազանգում 911։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչը ահազանգը փոխանցում է արձագանքող ստորաբաժանումներին՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներին և Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին։ Դեպքի մասին ահազանգը փոխանցվելուց հետո, շտաբի պետի հրահանգով թռչող սարքի միջոցով կատարվում է հետախուզում:
Կենդանի կադրեր
Ուսումնավարժությանը մասնակցել են Փրկարար ծառայության փրկարար ծառայողները, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, հրշեջ-փրկարարներ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ու Դիլիջանի ջոկատներից, տեղամասերում անվտանգության աշխատակիցները, «Իջևանի անտառտնտեսության» և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցների հետ միասին։ Աշխատանքներում ներգարվվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները։ Ուսումնավարժության աշխատանքներում ներգրավվել են ընդհանուր՝ 9 միավոր հատուկ տեխնիկա, 38 փրկարար, անօդաչու թռչող սարքեր և Պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ։
Ուսումնավարժության գործողությունների կառավարումը իրականացվել է դեպքի վայրին կից գտնվող ղեկավարման շտաբից։ Փրկարար ծառայության ուսումնավարժութունն ամփոփեց փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը նշելով, նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակական և արդյունավետ լինելու մասին, հատկապես կարևորելով գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը: