Երբեք չմոռանալ ու չտրվել անտարբերությանը․ Վալանսի քաղաքապետի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Ֆրանսիայի Վալանս քաղաքում ապրիլի 24-ին քաղաքային իշխանությունները, հայ համայնքը, քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին:

«Ապրիլի 24-ին մենք, ինչպես ամեն տարի, հավաքվում ենք Վալանս քաղաքում՝ հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Եվս մեկ անգամ, այս պատմությամբ և ցավով լեցուն օրը, մենք համախմբվում ենք նույն լրջությամբ և հուզմունքով՝ մեր քաղաքի հայկական ծագում ունեցող ֆրանսական համայնքի կողքին։ Ամեն տարի խոնարհվում ենք հարգանքով՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի։ Դա զանգվածային հանցագործություն էր՝ ծրագրված և համակարգված կերպով իրագործված, որը երբեք չի կարող արդարացվել կամ ջնջվել մարդկության խղճի և հիշողության միջից։

Հպարտ եմ, որ մեր երկիրը՝ Ֆրանսիան, երբեք չի դադարել կատարել այս եղբայրության պարտքը՝ բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ։ Ցեղասպանությունից փրկվածների ընդունումից սկսած մինչև Միսաք և Մելինե Մանուշյանների հուղարկավորումը՝ Ֆրանսիան միշտ էլ պատիվ է բերել իրեն՝ ընտրելով ազատությունն ու մերժելով բարբարոսությունն ու բռնությունը։ Հայ ժողովուրդը շարունակում է ենթարկվել ադրբեջանական ռեժիմի կրկնվող ագրեսիաներին, նրա բռնապետի մշտական սպառնալիքներին, որը փորձում է ջնջել Հայաստանը քարտեզից։ 2023 թվականին՝ Արցախում, ավելի քան 120,000 հայեր հարկադրված եղան լքել իրենց հայրենիքը՝ մեկ լուռ ողբերգության շրջանակում։

Ազատության այն սկզբունքների անունից, որոնք մեր հասարակության հիմքն են, դեռ ժամանակ կա արդարությունը վերականգնելու և խաղաղության ճանապարհը գտնելու։ Ապրիլի 24-ի ոգեկոչումը նորացված խոստում է Հայաստանին՝ երբեք չմոռանալ, երբեք չհրաժարվել ճշմարտությունից, լռությունից կամ անտարբերությունից»,- նշված է ուղերձում։

Իջևան ու Վալանս քաղաքները քույր քաղաքներ են: Երկու քաղաքների բարեկամությունը ավելի քան 30 տարվա պատմություն ունի։

 




Հայ համայնքի հոգևոր կյանքը Ֆրանսիայում

Ֆրանսիա կատարած մեր այցի շրջանակներում մենք արդեն ներկայացրինք ֆրանսիական հայ համայնքի առօրյան, կյանքը, Իջևան-Վալանս քույր քաղաքների բարեկամական կապը։ Այդ հաղորդումները կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ․

Վալանսի գաստրոնոմիական փառատոն 2023․ Մերոնք Ֆրանսիայում
Հարցազրույց՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ․
Վալանսի երգի ու պարի ակադեմիան՝ հայապահպանության կենտրոն․
Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Վալանս, Ֆրանսիա․
Ռասթկելենյանների ընտանիքի պատմությունը․

Այս հաղորդումն էլ հայ համայնքի հոգևոր կյանքի մասին է․ ինչպես են պահպանում իրենց հավատքը և հաղորդակից դառնում հոգևոր արժեքներին։ Վալանսի կենտրոնում, 1876 թվականին կառուցվել է կաթոլիկ այս եկեղեցին և կոչվել Saint Joseph (Սբ․ Հովսեփ)․ հայ համայնքի ջանքերով կաթոլիկ եկեղեցու շենքը փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցուն և 1992 թվականի աշնանը վալանսյան ճարարապետությամբ ու կաթոլիկ զարդաքանդակներով եկեղեցին օծվել և կոչվում է Սուրբ Սահակ Հայ առաքելական եկեղեցի։ Սուրբ Սահակ եկեղեցին կանոնավոր գործում է և միավորիչ դեր ունի՝ սփյուռքում ապրող հայ համայնքի համար․ օգնում է չհեռանալ հայկական արմատներից ու անուրանալի արժեքներից։

Եկեղեցու հովանու ներքո 2 կրթական հաստատություն է գործում․ առաջինը «Դավիթյան» մեկօրյա վարժարանն է, որը ունի 80 հայ աշակերտ, ովքեր սովորում են հայերեն լեզվով գրել, կարդալ, ծանոթանում են հայկական երգարվեստին ու պարարվեստին։ Երկրորդ կառույցը «Գէորգ Հ․ Արապյան» նորաստեղծ վարժարան է, որը ֆրանսիական թեքումով հայկական դպրոց է։ Այն ունի ավելի քան 45 աշակերտ, ովքեր ուսանում են հայերեն, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, ուսումնասիրում մշակույթը, արվեստն ու հավատքը։

«Դպրոցական 3-րդ շրջանը անցանք․ արդեն 3 տարի է՝ ինչ կայուն գործունեություն է ծավալում ֆրանսիական թեքումով հայկական այս դպրոցը։ Աշակերտները սովորում են հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, նաև դասավանդում ենք հայկական ազգային երգեր և պարեր, քանի որ գիտակցում ենք, որ դպրոցը կարևոր է սփյուռքում հայկական մշակույթը պահպանելու և տարածելու համար։ Եկեղեցական առարկաներ ևս ուսուցանում ենք աշակերտներին, քանի որ դպրոցին կից գտնվում է Սուրբ Սահակ Հայ Առաքելական եկեղեցին։ Դպրոցի մեկ նպատակ ունի՝ պահել հայի ինքնությունը և հավատարիմ լինել հայկական արմատներին» – նշում է Վալանսի «Գէորգ Հ․ Արապյան» վարաժարանի տնօրեն Սոֆի Վարդանյանը։

Վալանս քաղաքում բնակվող հայերի մի մասն էլ հետևորդն է Վալանսի Հայ ավետարանչական եկեղեցուն․ մենք այցելեցինք նաև այդ եկեղեցի։
Վալանս քաղաքից քիչ հեռու՝ Ռոման քաղաքում ևս մեկ Հայ Առաքելական եկեղեցի կա, որի գործունեությունը նպաստում է փոքր քաղաքի մեծաթիվ հայերի ազգային ինքնագիտակցության պահպանմանը։ Սուրբ Նիկողայոս եկեղեցին շուրջ տասը տարի է ինչ գործում է, այն դարձյալ կաթոլիկ եկեղեցու շինություն էր, որը քաղաքի հայ համայնքի ջանքերով վերածվել է Առաքելական եկեղեցու՝ իր շուրջը համախմբելով Ռոմանի ու մերձակա քաղաքների հայերին։ Հայ համայնքի կյանքը քաղաքում նման է ընտանեկան կյանքի, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, օգնում են ցանկացած հարցում ու հարեհաս են ցավին, ուրախությանը։

Մեր այցի օրը հանդիպեցինք նաև պատարագի եկած Ալեքսանդր Սիրանոսյանին, ով Դրոմ դեպարտամենտի երաժշտության զարգացման մեջ լուրջ դերակատարում է ունեցել․ վաստակավոր երաժիշտը իր գործունեությամբ ամուր է պահել ֆրանս-հայկական բարեկամությունը հատկապես մշակույթի մեջ, սփյուռքում ապրող հայերին իր գործով թույլ չի տվել հեռանալ ինքնությունից, լեզվից, հավատից, մշակույթից։ Նրա աղջիկները ևս երաժշտության մեջ հաջողություններ ունեն․ մեզ հաջողվեց տեսնել նրա դուստր Աստղիկ Սիրանոսյանի կատարումը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի ընթացքում։




Ռասթկելենյանների ընտանիքի պատմությունը

Ֆրանսիա կատարած մեր այցի շրջանակներում ծանոթացանք Ռասթկելենյանների ընտանիքին, և ֆրանսիական մեր այս հաղորդումը հենց նրանց ընտանիքի մասին է:

Եղեռնից փրկված մի ընտանիք, որ արհավիրքներն ու փորձությունները հաղթահարելով, հայտնվել է Ֆրանսիայում՝ Վալանսում, վերընձյուղվել, սերնդեսերունդ փոխանցելով հայի ինքնությունը, լեզուն, հավատը, մշակույթը, արվեստն ու արհեստները:

Դիտեք արևմտահայ Ռաստկելենյանների ընտանիքի պատմությունը, որն ասես հավաքական մի կենսագրություն է հարյուր հազարավոր հայերի: Նրանք այսօր Ֆրանսիայի հարգարժան քաղաքացիներ են՝ մշտապես կապված ու հանգուցված Հայաստանի Հանրապետությանը:




Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Վալանս, Ֆրանսիա

ՏավուշTV-ի եթերում «Աշխարհի Ծայրերից» հաղորդաշարն է` ֆրանսիական շնչով:
Այս հաղորդման ընթացքում Ասպրամ Սարատիկյանին է միացել Հրանտ Ղազումյանը. նրանք պատմում են Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքի մասին, որն Իջևանի քույր քաղաքն է:

Վալանսի մշակույթի, տեղի տաղանդավոր հայերի ու շատ ավելիի մասին` միացե՜ք ու հետևեք «Աշխարհի Ծայրերից» ձեզ հասնող ֆրանսիական պատմություններին։

Իսկ մեր հաջորդ ֆրանսիական հաղորդումը հենց Ռասթկելենյան ընտանիքի մասին կլինի: Եղեռնից փրկված մի ընտանիք, որ արհավիրքներն ու փորձությունները հաղթահարելով, հայտնվել է Ֆրանսիայում՝ Վալանսում, վերընձյուղվել, սերնդեսերունդ փոխանցելով հայի ինքնությունը, լեզուն, հավատը, մշակույթը, արվեստն ու արհեստները:

Բաց չթողնեք արևմտահայ Ռաստկելենյանների ընտանիքի պատմությունը, որն ասես հավաքական մի կենսագրություն է հարյուր հազարավոր հայերի: Նրանք այսօր Ֆրանսիայի հարգարժան քաղաքացիներ են՝ մշտապես կապված ու հանգուցված Հայաստանի Հանրապետությանը:




Հարցազրույց՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ

Ի աջակցություն Արցախի ժողովրդի, այս օրերին Վալանսում ընթանում են ակցիաներ։ Նրանք դատապարտում են էթնիկ զտումները, բռնությունը և վերահաստատում իրենց աջակցությունը հայ ժողովրդին։ (Ավելին՝ մեկնաբանություններում)

Տավուշ TV-ի հարցազրույցը՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ։
Քաղաքապետի հետ խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման, Ֆրանսիայում հայ համայնքի դերի, քաղաքային կառավարման, Իջևանի հետ համագործակցային ու բարեկամական հարաբերությունների մասին։




Վալանսի երգի ու պարի ակադեմիան՝ հայապահպանության կենտրոն

Ֆրանսիայում գործող հայկական կառույցներից յուրաքանչյուրը ունի առաձնակի կարևորություն, քանի որ արտահայտում է հայ ժողովորդի դերն ու վարկանիշը Ֆրանսիայի հանրության շրջանում։ Թեև ամբողջ երկրում կան հայեր ու հայկական համայնքներ, Վալանս քաղաքը այս առումով եզակի դեր ունի․ քաղաքի բնակչության ավելի քան 10-ը տոկոսը՝ շուրջ 12 հազար հայեր ապրում են Վալանսում։ Քաղաքում հայապահպանության ու հայկականության զգացումը պահպանելու հսկայական աշխատանք է կատարվում՝ տեղի Հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով։ Հայության շրջանում մշակույթի, ազգային արժեքների փոխանցման նպատակով 2011 թվականից Վալանսում գործում է Վալանսի երաժշտության և պարի ակադեմիան։ «Պետք է աշխատենք, որ աշխարհը մեզ չմոռանա»․ այս գաղափարով հիմնադրվել է հայկական երաժշտության ու պարի ակադեմիան։

Ակադեմիան ունի 150 աշակերտ, ովքեր սովորում են հայկական ազգային, ժողովրդական պարեր ու երգեր, ծանոթանում և խորացնում են գիտելիքները հայկական երգարվեստում ու պարարվեստում։

Ակադեմիայի սաները հաճախ են մասնակցում մրցույթ-փառատոնների, ներկայանալով հայկական կատարումներով։ Մեր նկարահանման օրը ակադեմիայի պարի «Աստղիկ», «Անի», «Անահիտ» և «Արա» խմբերի սաները ստացան նաև խրախուսական ու ոգևորիչ պատվոգերեր։ Ֆրանսիայի հարավում գտնվող հայկական այս դպրոցը կարևոր ներդրում ունի հայապահպանության գործում և ապրելով հայրենիքից հեռու, դպրոցի ուսուցիչները ձևավորում են հայրենասիրություն՝ օտար ափերում հայկական մշակույթը կրելու, հայրենասիրաբար ապրելու համար։




Վալանսում անցկացվեց գաստրոնոմիական փառատոնը․ Մերոնք Ֆրանսիայից

Հաջորդ տարի՝ 2024 թվականին կլրանա 30 տարին՝ ինչ Իջևանն ու Վալանսը մտերմիկ ու հարազատ՝ քույր քաղաքներ են։ Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը Վալանսի քաղաքապետի հրավերով Վալանս քաղաքում էր․ այնտեղ անցկացվում է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գաստրոնոմիական փառատոն, որն արդեն ավանդույթ է դարձել։

Վալանս քաղաքի մշակույթի մեջ կարևոր տեղ ունեն ֆրանսիական ազգային երգ-երաժշտությունը, պարերը, հասարակական, ազգակցական ու ընտանեկան ավանդույթները, նաև պատմաճարտարապետական շենք-շինությունները, որոնք քաղաքի ու բնակչության մշակույթի անբաժանելի բաղադրիչներն են։ Ֆրանսիայի մշակույթի մեջ նշանակալի դեր ունի նաև բազմահամ ազգային խոհանոցը։ Սեպտեմբերի 8-ից Վալանսի սրտում՝ կենտրոնական հրապարակում մեկնարկեց եռօրյա գաստրոնոմիական փառատոնը՝ նպատակակետում պահելով տարածաշրջանի արտադրողների խոհարարական հմտությունների բարելավումը, գիտելիքների օգտագործումը՝ փառատոնի շրջանակում կայանալիք իրադարձություններում։

3 օր շարունակ Վալանսի քաղաքացիները հավաքվում էին՝ վայելելու համեղ , թարմ ուտեստները, դիտելու խոհարարական շոուները, համտեսելու և զգալու ֆրասիական խոհանոցի համերն ու բուրմունքը։ Մասնակիցները անմասն չէին մնում հաճելի ու ջերմ երեկոների։ Տաղավարնում իրենց արտադրանքները ցուցադրողների շարքերում կային նաև հայեր, ովքեր ներկայացնում էին հայկական ուտեստներ։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը եզակի հնարավորություն է, որը արդեն 7-րդ անգամ առաջարկում է բացահայտել տեղացի արտադրողներին, համտեսել, վայելել ու փոխանակվել լավագույն փորձով։ Այս միջոցառումը նաև մասնավոր ընկերություն և տեղական իշխանություն համատեղ համագործակցության օրինակելի դրսևորում է։

Վալանսի գաստրոնոմիական փառատոնը այս տարի կրկին միավորեց նորարարությունն ու գեղեցիկը, համերն ու բույրերը, ժամանցն ու հանգիստը։ Եռօրյա փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էր նաև Վալանսի քույր քաղաքների՝ այդ թվում Իջևանի խոհանոցը՝ հայկական ուտեստներով ու տավուշյան համերով ու իջևանյան շնչով։