Վարդավառն Արծվաբերդում

Վարդավառի ժողովրդական տոնախմբությունը սահմանամերձ Արծվաբերդում։

Հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյան։




«Ջրի սիմֆոնիա․ Կողբ-Վարդավառ». սպասված փառատոնը կյանքի կոչվեց

Կողբ-Վարդավառ

Վարդավառը Տավուշում ամենասիրված ու սպասված տոնն է, որն արդեն երրորդ անգամ Կողբում ստանում է իր յուրահատուկ դրսևորումը։ Հազարավոր մարդիկ Տավուշից, Հայաստանի մարզերից ու արտերկրից ընտրել էին ջրի ճամփան ու եկել Կողբ՝ դառնալով տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մասը։

Հուլիսի 25․ 2025 թվական․ Կողբ գյուղն արթանանում է վարդավառյան տրամադրությամբ։ Տոնի մեկնարկը դասական էր․ սիմֆոնիկ համերգային երեկոն փառատոնի առաջին միջոցառումն էր։ «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Կողբ վարդավառը»  մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության,  լավ ու վառ տրամադրության մասին է։ Փառատոնային եռօրյան, որ այս տարի «Ջրի սինֆոնիա» խորագիրն ուներ, առանձնանում էր մի քանի դրվագներով, որոնցից մեկը Հայաստանի պետական սինֆոնիկ նվագախմբի, «Գարիկ Սոնա» խմբի ու Նեմրայի համատեղ համերգն էր։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշում է

«Ամեն տարի փորձում ենք նշաձողը բարձրացնել՝ ձգտելով նախորդ տարվա դասերի հիման վրա նոր բաղադրիչներ ավելացնել և միջոցառման մակարդակը բարելավելու արդյունքում յուրաքանչյուր տարի ապահովել ավելի մեծ ընդգրկվածություն և ծավալներ։ Այս տարին բացառություն չէ։ Փառատոնի մեկնարկից հետո ակնհայտ դարձավ, որ կազմակերպչական աշխատանքներում ունենք ցանկալի առաջընթաց։ Այս տարի մեր փառատոնին մասնակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Հենց միայն այդ հանգամանքը, որ նման մակարդակի նվագողներ ու կատարողներ մասնակցում են միջոցառմանը, արդեն իսկ մեծ իրադարձություն է, քանի որ մարզում, ցավոք, հաճախ տեղի չեն ունենում նման որակի երաժշտախմբերի համերգներ»,- նշեց Արման Բարսեղյանը։

Կողբի ֆուտբոլի դաշտից բուրող համն ու հոտը պատել էր փառատոնային գոտին։ Գաստրո տաղավարներն ու ազգային խոհանոցի վարպետաց դասերը նորովի ընդգծում էին հայկական-ավանդական սեղանի ուժը, որից հետո բոցավառվում է մարզական ոգին՝ Օլիմպիական թեքվանդոյի ցուցադրական ելույթները։

Կողբի տարբեր անկյուններում արվեստը շնչում էր՝ կինոդիտումներ, գրական զրույցներ, ստեղծագործական վարպետաց դասեր․ վառ, երաժշտական ու հանգստի գոտիներում յուրաքանչյուրը կարող էր գտնել իր նախընտրելի զբաղմունքը։

Վարդավառի ծիսակարգը կենդանացավ նաև թատերականացված ներկայացմամբ, վերջում ազդարարելով ջրոցու մեկնարկը։ Ամենուր բարձր տրամադրություն, հազարավոր ժպիտներ, հողի ու հայրենիքի, դրանց թիկունք կանգնողի գնահատում, վերաժեվորված մշակույթ, և ամենակարևորը՝  ավանդույթների ուժն ու կարևորությունը, իրենց միասնությունը զգացող մարդիկ։ Հենց սա էր դարձել միջոցառման անկյունաքարը։

Տավուշյան շուքով վարդավառի տպավորությունները շատ են, որոնք ամեն անգամ ժպտալու և ինչու ոչ, այստեղ այցելելու առիթ կհանդիսանան․ Հաջորդ Վարդավառին գուցե հենց դուք հայտնվեք Կողբում՝ այս մաքրության, այս ջերմության ու այս ժողովրդի սրտում։




Վարդավառը Տավուշում․ սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան տոն

Վարդավառը Տավուշում

Տավուշի մարզը՝ իր բնության գեղեցկությամբ ու հյուրընկալ բնակչությամբ, առանձնանում է ևս մի տարբերությամբ․ այն է Վարդավառի տոնի անցկացման և տոնակատարությունների կազմակերպման ավանդույթը, որ դարերով պահպանվել է ամբողջ մարզում՝ Դիլիջանից Իջևան, Բերդ և Նոյեմբերյան։

Հայ ժողովուրդն ունի հարուստ տոնածիսական մշակույթ, որի արմատները ձգվում են նախաքրիստոնեական դարերից։ Այդ տոներից մեկը Վարդավառն է։ Տոնը հայտնի է իր ուրախ և կենդանի բնույթով․ այդ օրը մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում՝ խորհրդանշելով մաքրություն, վերածնունդ և բարի ցանկություններ։ Հայոց ազգային տոնացույցում Վարդավառն առանձնանում է իր հնությամբ, բազմաշերտ իմաստներով և տարածական բնույթով։ Այն տարվա սպասված, ամառային ամենամեծ տոնն է, որը, ինչպես վկայում են և՛ բանավոր ավանդազրույցները, և՛ պատմագիտական աղբյուրները, սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանից, իսկ քրիստոնեության ընդունումից հետո վերաիմաստավորվել և համակցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցին՝ որպես Պայծառակերպության տոն։

Վարդավառի արմատները գալիս են հեթանոսական դարաշրջանից և կապված են սիրո, գեղեցկության, ջրի և պտղաբերության հովանավոր Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։

Հենց Աստղիկն է համարվել սիրո աստվածուհին, ում նվիրված արարողակարգերն ուղեկցվել են ջրի պաշտամունքով, ծաղիկների նվիրումով և տոնահանդեսներով։ Ըստ ավանդության՝ Աստղիկը վարդերով է լվացվել և իր մաքուր մարմնից վարդեր են թափվել, որոնք դառնում են Աստծո փառքի նշանները։ Այդ իսկ պատճառով է, որ Վարդավառի գլխավոր խորհրդանիշներից են վարդն ու ջուրը։ Այդ երկու տարրերը հանդես են գալիս իբրև սրբագործող և մաքրագործող՝ մարմնավորելով թե՛ երկրային և թե՛ երկնային գեղեցկության տարրերը։

Հայոց հին տոմարի Նավասարդ ամսվա առաջին օրերին՝ հուլիսին, նշվել է տոնը՝ որպես նոր տարվա սկիզբ և բարու խորհրդանիշ։ Նավասարդը համարվել է տարվա սկիզբը, և դրա առթիվ անցկացվել են մեծ շուքով ժողովրդական տոնախմբություններ։ Վարդավառն այդ տոնականության բաղկացուցիչ մասն է եղել, որտեղ ոչ միայն փառաբանել են բնության աստվածություններին, այլև հանդես են եկել ժողովրդական խաղերով, երգերով, պարերով և ջրի պաշտամունքով։ Քրիստոնեության ընդունումից հետո՝ 301 թվականին, Հայ Առաքելական եկեղեցին տոնին տվել է նոր բովանդակություն։ Այն վերակոչվել է իբրև Պայծառակերպության տոն։

Ըստ ավանդության՝ Վարդավառը նշվում է այն օրը, երբ Տերը բարձրացավ Թաբոր լեռը, աղոթեց և պայծառակերպվեց՝ աշակերտների առաջ հայտնվելով աստվածային փառքով։

Այսինքն, հին ավանդույթը եկեղեցին խարսխեց նոր ուսմունքի հիմքի վրա՝ պահպանելով տոնի արարողությունը, իմաստն ու նշանակությունը, սակայն մաքրելով դրանք հեթանոսական բովանդակությունից ու տարրերից։ Ի հակառակ բազմաթիվ նախաքրիստոնեական տոների՝ Վարդավառը չի արգելվել և չի ջնջվել ժողովրդի հիշողությունից։ Ընդհակառակը՝ այն վերաիմաստավորվել է, անցել տարբեր ձևափոխումների ընթացքով և շարունակում է ապրել հայ ժողովրդի կյանքում։

Վարդավառը Տավուշում

Ինչ պետք է իմանալ տավուշյան Վարդավառի մասին։

Տավուշի մարզում Վարդավառի տոնը հայտնի է «Վրթիվեր» անվամբ, որը բարբառով արտահայտումն է։ Բնակիչների համոզմամբ, «Վրթիվերը» նախնիներից է հասել մեր օրեր՝ որպես սերնդեսերունդ փոխանցվող ծիսակարգ։ Տարածված կարծիք է եղել, ըստ որի, տոնի անվանումը կապվում է «վարդ» ծաղիկի հետ։ Տոնն ունեցել է և այժմ էլ ունի իր յուրահատուկ ժամանակացույցը․ ինչպես բանավոր վկայություններն են փաստում, Տավուշի մարզում Վարդավառը միշտ նշվել է հուլիսի 20-ից հետո առաջին կիրակի օրը։ Չնայած Հայ Առաքելական Եկեղեցու տոնացույցում Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 98 օր հետո, Տավուշի մարզի բնակավայրերում՝ հատկապես Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի շրջաններում, ձևավորվել է ժողովրդական մի այլընտրանքային ավանդույթ՝ այն նշել հուլիսի վերջին կիրակի օրը։ Այս շարքում կան բացառություն կազմող գյուղական բնակավայրեր, որոնք ունեն տոնը նշելու իրենց ամսաթիվը (օրինակ՝ Ոսկեպար, Կիրանց, Չինարի, Մովսես․․․)։

Մարդկանց հիշեցողություններում դեռ թարմ է տոնի նկարագիրը․ դեռ 20-րդ դարի սկզբին Վարդավառի տոնը կապված է եղել դաշտային աշխատանքների ավարտի հետ։ Երբ հացահատիկի հունձն ավարտվում էր, համայնքի բնակիչները հավաքվում էին և կազմակերպում հյուրընկալ տոնական սեղան՝ ի պատիվ աշխատավորների։

Այս ավանդույթը վկայում է տոնի սեզոնային բնույթի, ինչպես նաև նրա՝ համայնքային համերաշխությունը խթանող նշանակության մասին։ Խորհրդային կարգերի ժամանակ՝ ինչպես նշում են մարդիկ, արգելված էր բացահայտ կերպով տոնել կրոնական ենթատեքստ ունեցող տոները։ Այդուհանդերձ, Վարդավառը պահպանվել է ժողովրդի հիշողության մեջ, իհարկե, խուսափելով բացահայտ քրիստոնեական բնութագրումներից։ Այդ տարիներին, ինչպես հետաքրքիր դրվագով պատմում է իջևանցի 72-ամյա պապիկը, ռադիոն փորձում էր վերաիմաստավորել տոնը՝ հայտարարելով, թե այն կապ ունի Վարդան Մամիկոնյանի հետ, ով իբր այդ օրերին զորքով անցել է Տավուշով և աղբյուրներ է կառուցել։ Չնայած այդ պատմությունը չունի որևէ պատմագիտական ապացույց, այն հետաքրքիր օրինակ է, թե ինչպես են փորձել տոնն աշխարհիկացնել՝ չեզոքացնելով դրա հոգևոր ու նախաքրիստոնեական տարրերը։

Տավուշի մարզում Վարդավառը միշտ եղել է մեծ ու սպասված տոն, որի առիթով հավաքվել են ոչ միայն համայնքի ներսի, այլև արտերկրում բնակություն հաստատած ընտանիքների անդամները։ Տոնն ընկալվել է որպես առիթ՝ վերադառնալու հայրական օջախ, հիշելու նախնիներին ու վերարժևորելու ընտանեկան կապերը։

Վարդավառին նախապատրաստվել են ամբողջ ընտանիքով։ Յուրաքանչյուրն իր գործն է ունեցել։ Երեխաները ջուր էին հավաքում, իսկ մեծերը՝ նախորդ օրը հավելյալ սեղաններ և աթոռներ էին բերում։ Ընդունված է եղել գառ գնել, կամ ունեցած գառը հենց տոնի առավոտյան մորթել։ Բոլորը՝ ունևոր թե աղքատ, իրենց ձևով մասնակցել են տոնին։ Տարիքով մեծերը հիշում են, թե ինչպես էին տարիներ առաջ Վարդավառը նշում սարերում՝ առատ բերք ու բարիքի պայմաններում։ Բազմաթիվ ընտանիքներում մատաղն արվել է որևէ խնդրանքի կամ շնորհակալության նպատակով՝ երեխան ծնվել է, հիվանդն առողջացել, անձը փորձանքից է փրկվել։ Մատաղի ծիսակատարությունները հաճախ կատարվել են խաչքարերի, սրբախաչ ծառերի կամ աղբյուրների մոտ, նաև այս նպատակով է, որ տոնը նշելու համար այցելում էին սրբավայրեր։

Խաշթառակ գյուղ
Խաշթառակ գյուղ

Տոնի օրն առավոտ ծեգին տան մեծը՝ տատը, սկսում էր գաթա թխել։ Պատրաստում էին նաև Վարդավառին հատուկ քաղցրավենիքը՝ նազուկը, որը տավուշյան բարբառում մի քանի անվանումներ ունի՝ սալի, հասալի, փսալի, թերթերուկ, նազուկ։ Ամբողջ գյուղով մեկ առավոտյան տարածվում էր թարմ նազուկի բույրը։

Հատուկ ուտեստ էր նաև գառան արյունը, որն այսօր էլ տեղական յուրօրինակ ճաշատեսակ է։ Տոնական սեղանը հիմնականում կազմված էր տնային պայմաններում պատրաստված կերակուրներից՝ սեփական այգուց հավաքված մրգերով ու բանջարեղենով։ Հյուրընկալության նշան էր համարվում տան դարպասների ու դռների բացված լինելը։ Շատ ընտանիքներում տան ավագը տոնի առավոտյան ասել է. «Ով Վարդավառի օրը առաջինն արթնանա ու լվացվի Վարդավառի ջրով, նրա աչքերը միշտ առողջ կմնան»։

Այդ օրն ասել են՝ չպետք է ոչ ոքի նեղացնես, վիճես կամ վատ խոսք ասես։ Տոնն ուղեկցվել է ջրոցիով՝ ջրային խաղով։ Ջրոցին ասոցացվել է մաքրության, հոգսերից ազատվելու և նոր սկզբի հետ։ Ասում էին, որ ջուրը ցավերն ու դժբախտությունները կտանի իր հետ, ու մարդը մաքրված կմնա՝ ինչպես հոգով, այնպես էլ մարմնով։ Ջրում էին բոլորին՝ երեխաներից մինչև երիտասարդներ։ Սակայն խաղը սահմաններ ուներ։ Հարգանքի նշան էր չջրել տարեց մարդկանց, եկեղեցուց դուրս եկողներին կամ սև հագուստով անցնողներին։

Վարդավառին ուղեկցող խաղերն ու զբաղմունքները նույնպես յուրահատուկ էին՝ պարզ, կենդանի ու ներգրավող։ «Տփնուկի», «Յոթ քար», ծաղկահավաք՝ խաղեր, որոնք մնայուն էին սերունդների հիշողության մեջ։ Դրանք խաղեր էին, որոնք պահանջում էին շարժում, կոլեկտիվ մասնակցություն, աղմուկ ու ծիծաղ։

Ավանդական խաղեր

Ծաղկահավաքը հատկապես սիրված էր։ Փոքր երեխաներն ու աղջիկները հավաքում էին դաշտի ծաղիկները, մասնավորապես «Նարգիզ» ծաղիկը, որը հենց վարդավառյան ծաղկատեսակ էր, փնջում էին, դրանցով զարդարում թե՛ իրենց, թե՛ շրջապատը։ Տավուշցիների հուշերում դեռ պահպանվել է, թե ինչպես էին այդ օրը զարդարում նաև կենդանիներին՝ հատկապես կովերին։ Կովերի եղջյուրներին ծաղկեպսակներ էին դնում՝ հավատալով, որ այդպես նրանք չեն հիվանդանա և առատ կաթ ու միս կտան։ Ծաղիկներով է զարդարվում նաև եկեղեցու խորանը։

Նարգիզ ծաղիկ

Ժողովրդական երգերը ուղեկցում էին տոնական օրն ու ամբողջ նախապատրաստական շրջանում։ Տոնին բնորոշ երգերն այսօր արդեն մոռացության են մատնվում, իսկ մի մասը ժամանակի ընթացքում ձևափոխվել են։ Մարդկանց հիշողության մեջ դեռ հստակ հնչում են այդ հին ու բարի մեղեդիները՝ «Վարդավառ է, վարդավառ, մեր գեղում մեծ վարդավառ», «Աղջի Լուսինե», «Իմ յարո ջան», «Լոռվա սիրուն սարերը»։ Այս երգերն արտահայտում էին մարդկանց սերը բնության, հայրենի գյուղի, սիրած անձնավորության և կյանքի հանդեպ։ Բացի երգերից, օրվա ամբողջ մթնոլորտը լցված էր օրհնանքներով։ Մարդիկ միմյանց ջուր էին ցողում՝ մաղթելով․ «Ջրի նման մաքուր լինես», «Ջուրը բախտդ կբացի», «Ջրի նման երկար կյանք ունենաս», և այլն։ Ջուրն այստեղ ուներ խորհրդանշական իմաստ՝ մաքրում էր հիվանդություններից, փորձանքներից, վատ մտքերից։

Տոնի կարևոր մաս էր կազմում նաև հումորը։ Տավուշցիների շրջանում տարածված հումորային խոսք կար․

«Տարվա կեսն աշխատում են Նոր տարի անելու համար, մյուս կեսը՝ Վարդավառ»։

Թեթև ժպիտ առաջացնող այս հումորի տակ թաքնված էր կարևոր գաղափար․ այսինքն, տոնն այնքան կարևոր է, որ արժեր ամիսներ շարունակ պատրաստվել՝ թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, ինչու ոչ՝ նաև ֆիզիկապես։ Օրվա ավարտին, երբ ջրոցին ավարտվում էր, և մատաղն արդեն մատուցված էր, մարդիկ միմյանց բարի խոսքեր էին ասում՝ բերք ու բարքի առատություն, առողջություն, և ամենակարևորը՝ խաղաղ երկինք ու ներդաշնակ աշխարհ։

 

Հեղինակ՝ Էռնեստ Խանումյան


Դիտեք Տավուշի մարզի համայնքներում անցկացված վարդավառյան միջոցառումների մասին մեր տեսանյութերը:

 

 




«Ջանգյուլում» փառաատոնը՝ Նոյեմբերյանի սարերում

Մշակութային արժեքներ, ազգային երգ ու պար, ուրախ խաղեր և հաճելի ժամանց. ավանդական դարձաձ «Ջանգյուլում» փառատոնը իրականացավ հուլիսի 29-30-ին՝ Նոյեմբերյանի սարերում։

Արդեն 3-րդ տարին է «Բերդավան» հիմնադրամը կազմակերպում է «Ջանգյուլում» փառատոնը, որը հարուստ է մշակութային միջոցառումներով ու ավանդույթներով։ Միջոցառման ուրախ ժամանցը այս տարի ապահովեցին «Վարը Վարենկ» կրթամշակութային կենտրոնի երիտասարդները։

Փառատոնի ամենասիրելի հատվածը «Ջանգյուլում» խաղն է, որի ժամանակ մասնակիցները խաղին զուգահեռ երգում են հայկական ժողովրդական երգեր: «Ջանգյուլում» փառատոնի ընթացքում մասնակիցները քայլարշավ կատարեցին դեպի Մշկավանք, ինչպես նաև մասնակցեցին պարուսուցման ու երգուսուցման դասերի։

Ավանդական դարձաձ «Ջանգյուլում» փառատոնի մասին պատմում ենք Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի տեսանյութում:




«Վառ Կողբ – 2023» վարդավառյան տոնակատարությունները Կողբ գյուղում

Տարվա ամենավառ ու ամենաթաց, երաժշտական ու էքստրիմալ, արվեստային ու համեղ, գերակտիվ Կողբ Վարդավառ 2023-ը կայացավ հուլիսի 15-ին ու 16-ին: Կողբ հիմնադրամի կողմից կազմակերպված վարդավառյան փառատոնը մշակույթի, արվեստի և արհեստի, զբոսաշրջության, համեղ ուտեստների ու լավ տրամադրության մասին էր։ Կողբ գյուղի  ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ վերափոխվել էին փառատոնային տարբեր գոտիների`էքստրիմի, արվեստի, հանգստի, գաստրո, երաժշտական ու տաղավարային:

Արվեստի գոտին առաջարկում էր ավելի քան 15 աշխատարաններ, հանգստի գոտիում տեղացի նկարիչների աշխատանքների ցուցադրություններն էին: Փառատոնի հյուրերը մասնակցեցին նաև արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև դիտեցին հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերից։

Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում էին պլաստիկե տարաներ, որոնք փառատոնի օրերին վերածվել էին ժամանակակից արվեստի լավագույն նմուշների:

Համերգային հատվածում հանդես եկան Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերը: Երեկոյան ուրախ ժամանցը ապահովեցին Նեմրա բենդը, Սիրուշոն և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիսը: Փառատոնի երկրորդ օրը մեկնարկեց վաղ առավոտյան վարդավառյան ավանդական պատմություններով, խաղերով, ներկայացուցմներով և իհարկե ջրոցիով:

Անսահմանափակ հնարավորություններով, բարձր տրամադրությամբ ու անմոռանալի տպավորություններով Կողբ Վարդավառը այս տարի ևս դարձավ իրականություն։




Տավուշում վառ ու գունեղ Վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ

Արդեն մոտ է «Կողբ-Վարդավառ 2023-ը»․ Տավուշում  վառ ու գունեղ վարդավառ տոնելու համար հուլիսի 15-16-ին հրավիրում ենք Կողբ։

Կողբ գյուղում սպասվում է երաժշտական, մշակութային, արվեստի ու արհեստի բազմաբնույթ դրսևորումներով գունեղ վարդավառ՝  հագեցած խաղերով,  ներկայացումներով, համերգներով և ցուցադրություններով։

ՏավուշTV-ի տաղավարում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանի, «Կողբ» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Սոնա Վերդյանի և Կողբ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամազյանի հետ Էռնեստ Խանումյանը զրուցել է արդեն ամենամյա դարձած «Կողբ Վարդավառի» մասին։

«Կողբ-Վարդավառ 2023-ի» մասին՝ ստորև․

Հուլիսի 15-ին և 16-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում սպասվում է տարվա ամենավառ ու ամենաթաց, ամենաերաժշտական ու ամենաէքստրիմալ, ամենաարվեստային ու ամենահամեղ, ամենաակտիվ ու ամենսպասված Կողբ-ՎարդաՎԱՌ փառատոնը։ Կողբի ֆուտբոլի դաշտն ու հարակից տարածքներն ամբողջությամբ կվերափոխվեն փառատոնային տարբեր գոտիների` արվեստ, հանգստ, գաստրո, երաժշտական, տաղավարային, էքստրիմ և այլն: 

Վարդավառյան միջոցառումները կմեկնարկեն հուլիսի 15-ին` ժամը 14։00-ից: Ակտիվ կլինեն գաստրո և էքսպո գոտիները, որտեղ կգտնեք տարածաշրջանային, տոնական, ծիսական ամենահամեղ, ամենահետաքրքիր ու օգտակար առաջարկներ, ավարդական խոհանոցի վարպետաց դասեր: Արվեստի գոտին կառաջարկի ավելի քան 15 աշխատարաններ՝ կերամիկա, բատիկա, կարպետագործություն, մանրանկարչություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, վիտրաժ, փայտի փորագրություն, վիտրում, մետաղագործություն, լուսամփոփների պատրաստում և այլն։ Հանգստի գոտում կներկայացվեն տեղի նկարիչների աշխատանքները, փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել արոմա և պարային թերապիաների, յոգայի դասերի, ինչպես նաև հայկական կինոդարանի ուրախ ու սիրված ֆիլմերի դիտումների։

Էքստրեմալ տուրիզմի սիրահարներին սպասվում է Off-Road շոու, դե իսկ կենդանասերներին` ամենաիմաստուն և ճիշտ կողմնորոշվող իշուկներով շրջայց Կողբում։ Եվ սա դեռ ամենը չէ. Նոյեմբերյան համայնքի 19 գյուղերի 22 դպրոցների աշակերտները մայիսի 15-ից հավքում են պլաստիկե տարաներ, որոնք հուլիսի 15-ին կդառնան ժամանակակից արվեստի լավագույն նմուշներից արդյունքում՝ միջավայրի մաքրում, բնության պահպանում, ստեղծագործական մտքի զարգացում, թիմային աշխատանք ու արվեստի գործ։

Երաժշտական գոտին նույնպես խոստանում է հետաքրքիր լինել: Այստեղ սպասվում են Տավուշի մարզի երաժշտական, թատերական խմբերի համերգներ, թատերական ներկայացումներ:

Հուլիսի 15-ին երեկոյան ժամը 20։00-ից ավելի քան թեժ է լինելու՝ ամառվա ամենավառ ու խենթ երաժշտական հանդիպումը՝ Նեմրա, Սիրուշո և  Հունաստանից ժամանած DJ Պանտելիս, ինչպես նաև Dairo և Guevo: Թեթև և հումորաշատ երեկոն էլ ապահովելու են հաղորդավարներ Անի Խաչիկյանն և Հայկ Պետրոսյանը։

 Հուլիսի 16-ին փառատոնային ծրագիրը կմեկնարկի վաղ առավոտյան` յոգա, վարդավառյան ավանդական պատմությունը, ծեսերն ու խաղերը փոխանցող թատերականացված միջոցառում «Վարք Հայոց»-ի ներկայացմամբ,  և, իհարկե, ջրոցի` Dairo-ի և Guevo-ի թեժ բիթերի ներքո:  Կողբ Վարդավառ փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին, ժամը 17:00-ին։

Ընտրի՛ր ջրի ճամփան, այցելի՛ր Կողբ հուլիսի 15-ին և 16-ին ու դարձի՛ր տարվա ամենաէմոցիոնալ միջոցառման մի մասը։ Մուտքն ազատ է, հնարավորություններն՝ անսահմանափակ, տրամադրությունը՝ գերազանց, տպավորություններն՝ անմոռանալի։




Կայացավ «Կողբ x Վարդավառ» փառատոնը․ Վարդավառը՝ տավուշյան շուքով ու ազգային ավանդույթներով

Վարդավառը՝ տավուշյան շուքով ու ազգային ավանդույթներով․ հուլիսի 16-ին և 17-ին կայացավ «ԿողբxՎարդավառ» փառատոնը

Տավուշում ամենասիրված՝ Վարդավառի տոնին ընդառաջ «Կողբ» հիմնադրամը/ Koghb Foundation երկօրյա միջոցառումների շարք էր կազմակերպել՝ նպատակ ունենալով ոչ միայն ունենալ բացառիկ տոնակատարություն, այլ նպաստել տարածաշրջանի տնտեսական ու մշակութային զարգացմանը։

Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնին մասնակցել է շուրջ 𝟮𝟬𝟬𝟬 մարդ․

«կարծում ենք, որ այս դրական էներգիան շատ մեծ օգուտ կբերի տարածաշրջանին և ինչ-որ կերպ կնպաստի հետաքրքրության ավելացմանը»։




Տեղի ունեցավ «Տավշո Վարդավառ-2021» նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը

«Պետք է լավ տրամադրությունը փոխանցել կտավներին ու նկարին»․ տեղի ունեցավ «Տավշո Վարդավառ-2021» նկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը։
Հուլիս 17-ին Դիլիջանում կայացավ ՀՀ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նախագահ Արմինե Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպված նկարչական մրցույթի արդյունքների ամփոփումը՝ համեմված փոքրիկ գեղարվեստական ծրագրով։

Մրցույթն իր խորագրով նվիրված էր Վարդավառի տոնին, ծիսակատարություններին և ավանդույթներին։