Ի հիշատակ հայրենակից անմահացած տղաների՝ Ոսկեվան գյուղում հիշատակի խաչքար է օծվել։
Խաչքարի օծումը կատարվել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Համայնքի հուշաղբյուրում խաչքարը տեղադրվել է ռուսաստանաբնակ ոսկեվանցի Արամ Բարսեղյանի ջանքերով։
Ռեպորտաժը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Վերա Սահակյանի։
Ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
Կիրակնօրյա Պատարագ, ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Տավուշ TV-ն պատմում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում։
Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է «զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված»: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի բոլոր համայնքներում։ Մեր նկարահանող խումբը եղել է Մակարավանքում, որտեղ հավաքվել էին Աչաջուր գյուղի և շրջակա համայնքների պատանիներն ու երեխաները՝ միասին Պատարագի մասնակցելու։ Տոնը շարունակվել է վանքի բակում ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։
Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցները ներկա են եղել Զատկի տոնակատարությանը Ոսկեվանի սբ․ Գայանե եկեղեցու բակում։ Զատկական միջոցառումը կազմակերպել էին Ոսկեվանի Մշակույթի կենտրոնը, Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցների սաները։
Բերդ համայնքում Հարության տոնն ամենամեծ շուքով նշվել է Բերդ քաղաքում՝ սբ․ Հովհաննես եկեղեցու բակում։ Պատարագից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ Բերդ համայնքի 17 բնակավայրերը, ինչպես նաև Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը առանձին տաղավարներով ներկայացրել են Զատկի խորհուրդը, զատկական ավանդույթներն ու ուտեստները:
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս։