Վտանգներ խաղալիքների աշխարհում

Երբեւէ ձեր փոքրիկի համար խաղալիք գնելիս նկատե՞լ եք, որ այն տհաճ բույր ունի։ Գուցե այո, բայց ուշադրություն չեք դարձրել։ Ուրեմն իմացեք, որ դա խաղալիքի վտանգավոր լինելու առաջին ազդանշանն է։ Ռետինե կամ պլաստմասայե փափուկ եւ ճկուն մասնիկներով խաղալիքները (գնդակներ, տիկնիկներ, զանազան կենդանիներ), որոնք նախատեսված են մինչեւ վեց տարեկան փոքրիկների համար, հաճախ պարունակում են ֆենոլ, ֆորմալդեհիդ եւ այլ թունավոր նյութեր։ Դրանք կարող են երեխաների մոտ ուժեղ ալերգիա առաջացնել եւ դառնալ արցունքահոսության, հազի կամ բրոնխների սպազմի պատճառ։ Դա հատկապես վտանգավոր է, եթե փոքրիկը քնելիս նման խաղալիքները պահում է անկողնում, իր կողքին։ Ցանկալի է, որ խաղալիքը պատրաստված լինի բնական նյութերից (փայտից, կավից եւ այլն)։ Ուշադիր եղեք, որ բռնկվող նյութերից պատրաստված իրերը կրակից հեռու լինեն։

Մինչեւ երեք տարեկան երեխաներին չի կարելի տալ սուր անկյուններով խաղալիքներ։ Տիկնիկների, փափուկ խաղալիքների աչքերը, որոնք պատրաստվում են ապակուց կամ պլաստմասայից, կարող են կոտրվել ու վնասել փոքրիկին։ Երեխան կարող է նաեւ դրանք կուլ տալ կամ փորձել մտցնել քիթը, ականջը։ Նույն պատճառով վտանգավոր են համարվում նաեւ մանր մասնիկներից հավաքված եւ լարովի խաղալիքները, որոնցով փոքրիկը պետք է խաղա միայն մեծահասակներից մեկի զգոն հսկողության տակ։ Աշխատեք այնպես անել, որ երեխայի ձեռքում չհայտնվեն խաղալիքների առանձին մետաղական մասեր, քանի որ նա կարող է դրանք մտցնել էլեկտրական վարդակի (շտեպսել) մեջ։ Փխրուն խաղալիքներն ընկնելուց, երեխայի կծելուց կամ հարվածներից կարող են կոտրվել եւ, ձեռք բերելով սուր ծայրեր, վնասել նրան։

Էլեկտրականությամբ աշխատող խաղալիքներով փոքրիկները նույնպես պետք է խաղան ծնողներից մեկի հսկողությամբ։

Անհրաժեշտ է հետեւել նաեւ, որ խաղալիքը համապատասխանի երեխայի տարիքին, որի մասին անպայման պետք է պիտակի վրա համապատասխան նշում լինի։

Մանր գնդիկներով կրակող ատրճանակներն ու հրացանները, պայթուցիկները, նետ ու աղեղը խորհուրդ է տրվում հեռու պահել բոլոր տարիքի երեխաներից։

Այնպես որ, փոքրիկների համար խաղալիքներ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, այլեւ գույներին, բույրերին, նյութին, որից այն պատրաստված է եւ պիտակի վրա եղած նշումներին, որոնց կասկածելի լինելու դեպքում ավելի լավ է խանութից հեռանալ դատարկ ձեռքով։




Վտանգավոր դեղամիջոցներ

Հաճախ նախքան բժշկի գալը մարդիկ հիվանդության հետ միայնակ են մնում։ Իսկ եթե հիվանդ է տան փոքրիկը, խուճապը համարյա անխուսափելի է։ Առաջին հերթին մարդիկ դիմում են դեղամիջոցների օգնությանը։ Այս պարագայում ամենակարեւորը երեխային չվնասելն է։ Այժմ բոլոր դեղատները լի են տարբեր երկրների արտադրության, թանկ ու էժան, քաղցր եւ դառը հաբերով, օշարակներով ու փոշիներով, որոնք ոչ միշտ են լիովին անվտանգ երեխայի առողջության համար։ Ահա մի քանի դեղամիջոց, որոնք փոքրիկներին հակացուցված են։

Ասպիրինն ամենահայտնի ջերմ իջեցնող, ցավազրկող եւ հակաբորբոքիչ դեղամիջոցներից է։ Սակայն գրիպով հիվանդ երեխայի համար այն կարող է մահացու վտանգավոր լինել։ Մեծացնելով անոթների թափանցելիությունը՝ ասպիրինը նպաստում է գրիպի վտանգավոր բարդացումների զարգացմանը՝ թոքաբորբ, արյան զեղում տարբեր օրգաններ եւ հյուսվածքներ։ Այդ պատճառով մանկաբույժները բարձր ջերմության դեպքում խորհուրդ են տալիս երեխային պարացետամոլ տալ, որը նման կողմնակի հետեւանքներ չունի։

Որոշ ծնողներ փորլուծության դեպքում փոքրիկներին “կապող”, փորն ամրացնող դեղեր են տալիս՝ իմոդիում, լեպոդիում կամ օսլայի լուծույթ։ Սակայն եթե փորլուծությունը որեւէ վարակի հետեւանք է, ապա հիվանդության ընթացքը կարող է բարդանալ։ Նախքան դեղերին դիմելն աշխատեք պարզել հիվանդության իրական պատճառը։

Կալիումի պերմանգանատի լուծույթը (մարգանցովկա) տնային պայմաններում բուժման ամենասիրելի միջոցներից է։ Սակայն փորլուծության եւ այլ խնդիրների առկայության դեպքում ստամոքսի լվացման համար լուծույթը կտրականապես արգելվում է տալ փոքրահասակ երեխաներին։ Այն կարող է “այրել” ստամոքսը, իսկ լավ չլուծված բյուրեղիկները կարող են վնասել աղիները։ Բացի դրանից, կալիումի պերմանգանատի լուծույթը թունավոր է։ Այն օրգանիզմից դուրս չի գալիս եւ, կուտակվելով, կարող է հանգեցնել ուղեղի ախտահարման։

Նախկինում բորի սպիրտը նշանակում էին ականջի բորբոքումը բուժելու համար։ Այն կարող է այրել լսողական անցքի մաշկը, վնասել եւ, նույնիսկ, պայթեցնել  ականջի թմբկաթաղանթը։ Այժմ բորի սպիրտը հազվադեպ են օգտագործում։ Անհրաժեշտության դեպքում մանկաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել հակաբորբոքիչ կաթիլներ՝ օտրիվին, օտիպաքս, սոֆրադեքս եւ այլն։

Բոլորին լավ հայտնի դիմեդրոլը կարող է երեխայի ջղաձգումների պատճառ դառնալ։ Այն շատ ուժեղ թունավոր ազդեցություն է գործում սրտի վրա։ Մրսածության հետ կապված հիվանդությունների (բրոնխիտ, թոքաբորբ) այն թանձրացնում է խորխը եւ խոչընդոտում օրգանիզմից դրա հեռացմանը։

Ընդհանրապես, դեղամիջոցները բուժման հիմնական կուրսի լավ հավելումներ են։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բարձր ջերմությամբ, փորլուծությամբ եւ սրտխառնոցով ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում։ Այդ ժամանակ մի հապաղեք դիմել բժշկի օգնությանը։




Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում



Հարգելի քաղաքացիներ,
Այսօր համացանցում տեսանյութեր և լուսանկարներ են հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։
Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։
Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին։
Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։