Խաշթառակ գյուղում հարազատների կողմից մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, դրա հետևանքով երեխաներից մեկի մահվան դեպքի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։

2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. օգոստոսի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում գտնվող իրեն պատկանող տանը, հանգիստը խանգարելու պատճառով, Ս.Հ.-ն ձեռքով հարվածել է իր 6-ամյա անչափահաս թոռան դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել հատակին, գլխով հարվածել բազմոցի ոտնակին՝ ստանալով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: 2020թ. օգոստոսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 6-ամյա երեխան մահացել է ստացած մարմնական վնասվածքներից:

Բացի այդ, նույն օրը՝ երեկոյան, իրենց առանձնատան բակում, իր վրա անվադող նետելու համար, տղամարդը փայտով մի քանի անգամ հարվածել է մյուս անչափահաս թոռան՝ դեպքի պահին 4 տարեկան երեխայի մարմնի տարբեր մասերին, ապա վեր է բարձրացրել նրան և գցել հատակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Պարզվել է նաև, որ տղամարդը իր դստեր հետ, ով հանդիսանում է երեխաներից 4-ի մայրը, երկուսի հորաքույրը, իրենց առանձնատանը համատեղ բնակության ընթացքում, մինչև 2020թ. օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար, տարբեր կենցաղային առիթներով դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ են հասցրել 6 անչափահաս երեխաների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով միջին ծանրության և ծանր մարմնական վնասվածքներ, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա Ս.Հ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 15-րդ կետերին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 9-րդ կետերին և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:

Վերջինիս դստերը վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերին:

Նրանց նկատմամբ նախնական փուլում որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով:

2023թ. հունվարին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել 5 անչափահաս երեխաների նկատմամբ հատուկ պաշտպանական միջոց՝ «պաշտպանվող անձին մոտենալու կամ նրանց հետ շփվելու սահմանափակում» կիրառելու մասին և որոշման մեկ օրինակն ուղարկվել է «ՍՈՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի Իջևան մասնաճյուղի տնօրենին։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Հրդեհ Խաշթառակ գյուղում (Թարմացված)

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:11-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Մարտի 2-ին, ժամը 13։30-ի սահմաններում Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խաշթառակ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այս պահին կատարվում է հրդեհաշիջման աշխատանքներ։




Անկախության տոն․ Պատարագ Խաշթառակի սբ․ Դավիթ եկեղեցում

Սեպտեմբերի 21-ին Խաշթառակի բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում Անկախության տոնի առթիվ պատարագ է մատուցել Իջևանի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

«Մենք պիտի հիշենք, որ մեր շատ ու շատ հայրեր, ովքեր ապրել են մեզնից շատ դարեր առաջ, մեծ բաղձանքով են սպասել այս ազատության զգացումին, այս ազատ կյանքին․ որը հայը պիտի ստեղծի իր դպրությունը՝ դպրոցը, որ հայը պիտի ունենա իր բանակը և պիտի ծառայի իր բանակում, որ հայը պիտի ունենա իր պետականություն, և այս երազանքը եկել՝ այսօր մենք իրականություն դարձած ենք տեսնում։

Այո՛, այս իրականության մեջ նաև շատ վտանգավոր փորձությունների միջով է անցնում մեր անկախությունը, մեր պետությունը։ Եվ այս փորձությունների մեջ այսօր մենք՝ այս մի բուռ հայերով, հավաքվել ենք այս բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում, որպեսզի նորից ու նորից մտաբերենք, թե ով էր Դավիթը․ Դավիթ թագավորն ինչ արեց իր ժողովրդի համար, և ինչ է նշանակում Աստծով ապրող պետություն»։

Տեր Աբելի ամբողջական քարոզը՝ մեր տեսանյութում։






Մի պյուռ անուշ Տավուշ

Այս անգամ «Մեր Բարբառն ու Բարքերը» հաղորդաշարն սկսելու ենք․․․ազգային պարով։ Ապա գնալու ենք Հովք՝ տաք փռի մոտ տիկին Աննայի հետ անուշ զրույց ունենալու, մի թեթև «ծիկրակելու» ենք Խաշթառակ, ինչպես նաև հասցնելու ենք խոսել տավուշյան հարսանիքի արարողության մասին։ 

Դենի վախտվա՞, թե՞ էսօրվա հարսանիքներ, հարսանիքի տևողությունը, ծախսը, նվերները, իմաստն ու անիմաստը՝ համեմված ազգագրությունից ու ավանդույթներից կարճ ակնարկներով։ Մի խոսքով՝ համակողմանորեն ուսումնասիրել ենք նաև տավուշյան հարսանիքը։




ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:

Փետրվարի 2-ին ՀՀ կրթության,գիության,մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի հենց դպրոցներում տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում նոր առարկայական չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչ խնդիրներ, հարցեր կան, ինչ կետեր կան, որ լրամշակման կարիք ունեն, որովհետև շատ ենք կարևորում, որ փորձարկումն արդյունավետ լինի և դրա արդյունքում կարողանանք իրոք ստանալ լավագույն չափորոշիչը»։

Փոխնախարարի առաջին կանգառը Խաշթառակի միջնակարգ դպրոցում էր: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ փոխնախարարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը ծանոթացան հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, պատասխանեցին ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին:
Փոխնախարարն այցելեց նաև Լուսաձորի հիմանական դպրոց, շրջեց դասարաններով, ծանոթացավ ուսումնական գործընթացին։


Այցն ավարտվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացավ նաև մանկավարժական խորհրդի նիստ։ Փոխնախարարը մարզ կատարած այցն ամփոփեց Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ հատկապես ուսուցիչների հետ հանդիպումները «շատ կարևոր էին և շատ բովանդակալից քննարկումներ էին, որտեղ լավի մասին խոսվեց լավ, բայց մատնանշվեցին նաև խնդիրները, և շատ կոնկրետ դիտարկումներ հնչեցին»։

Հիշեցնենք, որ Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով ներդրվել են Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: