Անկախության տոն․ Պատարագ Խաշթառակի սբ․ Դավիթ եկեղեցում

Սեպտեմբերի 21-ին Խաշթառակի բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում Անկախության տոնի առթիվ պատարագ է մատուցել Իջևանի հոգևոր հովիվ Տեր Աբել քահանա Քարտաշյանը։

«Մենք պիտի հիշենք, որ մեր շատ ու շատ հայրեր, ովքեր ապրել են մեզնից շատ դարեր առաջ, մեծ բաղձանքով են սպասել այս ազատության զգացումին, այս ազատ կյանքին․ որը հայը պիտի ստեղծի իր դպրությունը՝ դպրոցը, որ հայը պիտի ունենա իր բանակը և պիտի ծառայի իր բանակում, որ հայը պիտի ունենա իր պետականություն, և այս երազանքը եկել՝ այսօր մենք իրականություն դարձած ենք տեսնում։

Այո՛, այս իրականության մեջ նաև շատ վտանգավոր փորձությունների միջով է անցնում մեր անկախությունը, մեր պետությունը։ Եվ այս փորձությունների մեջ այսօր մենք՝ այս մի բուռ հայերով, հավաքվել ենք այս բարձունքին՝ սբ․ Դավիթ եկեղեցում, որպեսզի նորից ու նորից մտաբերենք, թե ով էր Դավիթը․ Դավիթ թագավորն ինչ արեց իր ժողովրդի համար, և ինչ է նշանակում Աստծով ապրող պետություն»։

Տեր Աբելի ամբողջական քարոզը՝ մեր տեսանյութում։




Մի պյուռ անուշ Տավուշ

Այս անգամ «Մեր Բարբառն ու Բարքերը» հաղորդաշարն սկսելու ենք․․․ազգային պարով։ Ապա գնալու ենք Հովք՝ տաք փռի մոտ տիկին Աննայի հետ անուշ զրույց ունենալու, մի թեթև «ծիկրակելու» ենք Խաշթառակ, ինչպես նաև հասցնելու ենք խոսել տավուշյան հարսանիքի արարողության մասին։ 

Դենի վախտվա՞, թե՞ էսօրվա հարսանիքներ, հարսանիքի տևողությունը, ծախսը, նվերները, իմաստն ու անիմաստը՝ համեմված ազգագրությունից ու ավանդույթներից կարճ ակնարկներով։ Մի խոսքով՝ համակողմանորեն ուսումնասիրել ենք նաև տավուշյան հարսանիքը։




ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշում էր

Հանրակրթության ոլորտում 2021 թվականին գլխավոր բովանդակային փոփոխությունը հանրակրթության նոր չափորշչի հաստատումն ու փորձարկումն էր Տավուշի մարզի դպրոցներում:

Փետրվարի 2-ին ՀՀ կրթության,գիության,մշակույթի և սպրոտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր․ «Այսօր այստեղ ենք, որպեսզի հենց դպրոցներում տեսնենք, թե ինչպես է տեղի ունենում նոր առարկայական չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչ խնդիրներ, հարցեր կան, ինչ կետեր կան, որ լրամշակման կարիք ունեն, որովհետև շատ ենք կարևորում, որ փորձարկումն արդյունավետ լինի և դրա արդյունքում կարողանանք իրոք ստանալ լավագույն չափորոշիչը»։

Փոխնախարարի առաջին կանգառը Խաշթառակի միջնակարգ դպրոցում էր: Դպրոցի տնօրենի ուղեկցությամբ փոխնախարարը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արտաշես Թորոսյանը ծանոթացան հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքի հետ, պատասխանեցին ուսուցիչներին և աշակերտներին հուզող հարցերին:
Փոխնախարարն այցելեց նաև Լուսաձորի հիմանական դպրոց, շրջեց դասարաններով, ծանոթացավ ուսումնական գործընթացին։


Այցն ավարտվեց Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում, որտեղ կայացավ նաև մանկավարժական խորհրդի նիստ։ Փոխնախարարը մարզ կատարած այցն ամփոփեց Տավուշի մարզպետարանում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպմամբ։

Տիկին Անդրեասյանի խոսքով՝ հատկապես ուսուցիչների հետ հանդիպումները «շատ կարևոր էին և շատ բովանդակալից քննարկումներ էին, որտեղ լավի մասին խոսվեց լավ, բայց մատնանշվեցին նաև խնդիրները, և շատ կոնկրետ դիտարկումներ հնչեցին»։

Հիշեցնենք, որ Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով ներդրվել են Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Առարկայական չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ՝ ուսուցչական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: