Այս տարի Տավուշը տոնում է միջնադարյան Հայաստանի կրթական կենտրոններից մեկի՝ Խորանաշատի վանքի 800-ամյակը։ Ճիշտ 8 դար է, ինչ Խորանաշատը ամուր կանգնած է սահմանին և այսօր էլ թշնամու չդադարող կրակի տակ շարունակում է կանգուն մնալ՝ վկայելով մեր փառավոր պատմության, մշակույթի ու գիտության մասին:
Խորանաշատը գտնվում է Չինարի գյուղից հյուսիս-արեւելք՝ հայ-ադրբեջանական սահմանի ուղիղ հարևանությամբ։ Վանքը հիմնել է Վանական Վարդապետը՝ Վահրամյան իշխանների աջակցությամբ․ շինարարությունն ավարտվել է 1222 թվականին։
Խորանաշատը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր կրթական, գիտամշակութային ու աստվածաբանական կենտրոններից մեկն էր: Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագրական թեքում ունեցող դպրոց, որտեղ ուսանել են 7-8 տարի։ Դասավանդել են պատմություն, աստվածաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, երաժշտագիտություն, քերականագիտություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, բնագիտություն, բուսագիտություն, նաեւ ընդօրինակել ձեռագրեր։
Այստեղ ուսանել են հանրաճանաչ փիլիսոփա Վարդան Արեւելցին, պատմաբան Գրիգոր Ակներցին, կաթողիկոս Գրիգոր Ախթամարցին:
Խորանաշատը եղել է նաեւ գրչության կենտրոն: Խորանաշատում գրված անգին ձեռագրերից շատերը պահվում են Մատենադարանում, այդ թվում «Մատյան ողբերգության», «Նարեկ», «Մաշտոց» ձեռագրերը: Վանքում է ստեղծվել է նաև Ավետարանի հայտնի ձեռագիրը։
Վանական համալիրի 800-ամյակը նշանավորելու նպատակով մինչև մայիսի 29-ը Երևանում և Տավուշի մարզի Չինարի համայնքում ընթացքի մեջ են և իրականացվելու են մի շարք միջոցառումներ։
Մեկնարկը տրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Խորանաշատի ձեռագրական գանձերը» ցուցադրության բացմամբ, որը կգործի մինչև մայիսի 24-ը։ Ցուցադրությանը ներկայացված են Մատենադարանում պահվող Խորանաշատում ստեղծված շուրջ մեկ տասնյակ բացառիկ ձեռագրեր՝ 13-րդ դարից սկսած, այդ թվում և 1224 թվականի հանրահայտ Խորանաշատի Ավետարանը։
Միջոցառումները կշարունակվեն մայիսի 28-ին և 29-ին։ Մատենադարանից դուրս կբերվի 1224 թվականի «Խորանաշատի Ավետարանը», և այն մի գիշեր կանցկացնի Տավուշում՝ վերադառնալով տուն՝ այն կենտրոնը, որտեղ ստեղծվել է։ Մայիսի 28-ին՝ ժ․ 11։00-ին, Խորանաշատի վանքում կմատուցվի եպիկոպոսական Սուրբ Պատարագ։
Պատարագից հետո համայնքապետարանին հարակից տարածքում Սուրբ Խաչով և 1224 թվականին գրված «Խորանաշատի Ավետարան»-ով կկատարվի Անդաստանի արարողություն: Երեկոյան՝ 19:00-ին, Չինարի գյուղի մշակույթի տանը տեղի կունենա Հայաստանի պետական Կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար և գլխավոր խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան) համերգը:
Միջոցառումները կշարունակվեն նաև հաջորդ օրը՝ մայիսի 29-ին: 11:00-ին կրկին մշակույթի տանը տեղի կունենա «Խորանաշատ 800» գիրք-ալբոմի շնորհանդեսը, որին կհաջորդի գիտաժողով՝ նվիրված գիտական, հոգևոր կենտրոնի 800-ամյակին։ Երեկոն կրկին կամփոփվի համերգային ծրագրով. 19:00-ին ելույթ կունենա «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթը:
«Ժամանակին Խորանաշատը գտնվում էր Հայաստանի սրտում, պատմության հոլովույթում այն դարձել է սահմանապահ վանք` ուղղակիորեն գտնվելով թշնամու դիրքերից մոտ 100 մ հեռավորության վրա։ Վանքից մոտ 150 մ վեր գտնվում է Վանական վարդապետի շիրիմը, որն է՛լ ավելի մոտ է սահմանագծին։
Մեզ համար շատ կարևոր է հենց մայիս 28-ը, որովհետև այդ օրը մենք այլ տեղ չենք կարող լինել, քան մեր պետության սահմանագլխին գտնվող վանքում, որը ոչ միայն հոգևոր արժեք է, ոչ միայն կրթական ու մշակութային բովանդակության կրող է, այլ նաև իր ֆիզիկական ներկայությամբ վկայում է մեր պետականության սահմանի մասին։ Այս պատճառով մայիս 28-ը հռչակեցինք Խորանաշատի վանքի ուխտի օր», – նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը 800-ամյակի միջոցառումներին նվիրված մալո ասուլիսին։
Միջոցառումները կազմակերպվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Խորանաշատ 800-ամյակի» նախաձեռնող խմբի ջանքերով և Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, մի շարք այլ անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցությամբ