Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ

Սեղանի թենիսի բաց առաջնություն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ. դեկտեմբերի 2-ին Տավուշի մարզի սեղանի թենիսիստները հնարավորություն ունեցան մրցակցել միմյանց հետ: Հաշվի առնելով ուսանողների սպորտային հետաքրքրությունները, մասնաճյուղը ձեռնամուխ եղավ բաց առաջնության կազմակերպմանը:
Բաց առաջնությանը մասնակցելու համար նախապես գրանցվել էր ավելի քան 60 մասնակից՝ Տավուշի մարզի համայնքներից: Սեղանի թենիսը, ինչպես նաև մասնաճյուղում կազմակերպվող սպորտային միջոցառումները նպատակ ունեն նպաստել ուսանողների սպորտային կարողությունների դրսևորմանն ու զարգացմանը

Մրցաշարը հնարավորություն է տալիս ոչ միայն զբաղվել սիրելի սպորտաձևով, այլ նաև ծանոթությունների ամուր ցանց ստեղծելու հիմք է Տավուշի մարզի համայնքների գաղափարակից պատանիների ու մեծահասակների միջև։ Առաջնության մրցապայքարի արդյունքում հաղթող մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով ու խրախուսական նվերներով:




«Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթաց՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

«OurExchangeClub» կրիպտոարժույթի փոխանակման միջազգային նորարարական ընկերության նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նոյեմբերի 7-8-ին իրականացվեց «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացը: Երկօրյա դասընթացի նպատակն էր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը և նորարարական ոլորտում ընկերության տասնամյա գործունեության ընթացքում կուտակված գործնական գիտելիքների ու ոլորտային փորձառության ներկայացումն ու փոխանցումը:

Դասընթացին ներգրավված էին ֆինանսական ոլորտին առնչվող ավելի քան 80 մասնակիցներ, որոնց մեծ մասը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներն էին: «Ֆինտեք Էթիկա» երկօրյա արագացված դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին հետևյալ թեմաները՝ «Փողի էվոլյուցիա», «Էլեկտրոնային փող», «Բանկային քարտեր», «Բանկոմատներ», «Օնլայն գնումներ», «Բլոկչեյն», «Կրիպտոարժույթ», «Կրիպտոպանակներ» և «Կրիպտոընկերություններ», թեմաների ներկայացմանը զուգահեռ քննարկումներ ծավալվեց նաև բանախոսի ու մասնակիցների միջև:

Դասընթացը մասնակիցների համար հնարավորություն էր հաղորդակցվելու ֆինտեք ոլորտի նորարար և հետաքրքիր տեղեկություններին, ավելացնելու գիտելիքները ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ և զերծ մնալու մի շարք ռիսկերից: Ծանոթանալով ֆինտեք ոլորտում ճիշտ, արագ և անվտանգ որոշումներ կայացնելու եղանակներին, դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեց մասնակցության հավաստագրերը:




Կայացավ ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2023 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

2023 թ. մարտի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, փոխտնօրեն Մհեր Օթարյանը և մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Ալեքսան Մարգարյանը շնորհավորեցին ԵՊՀ ԻՄ-ի «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երկրորդ տարվա շրջանավարտներին և հղեցին իրենց բարեմաղթանքները:
Տնօրենն իր խոսքում ընդգծեց, որ ուսումնառության տարիները մարդու՝ որպես անհատի և մասնագետի ձևավորման ու զարգացման համար կարևորագույն շրջան են: Եվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր ողջ անձնակազմով ջանք ու եռանդ չի խնայել, որ այդ տարիները լինեն հնարավորինս հագեցած, որակյալ կրթության ձեռքբերման, մասնագիտական կրթական վերջնարդյունքների լիարժեք ձևավորման տարիներ:
Պարոն Մակարյանը շրջանավարտներին մաղթեց մասնագիտական մեծ ձեռքբերումներ և հաջողություններ, անձնական երջանկություն, ԵՊՀ ԻՄ-ի հեղինակությունն ու համալսարանականի պատիվը բարձր պահելու կամք, նպատակասլացություն, բարի երթ և կանաչ ճանապարհ:
Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ ԻՄ-ի մագիստրատուրայի՝ 2022-2023 ուստարվա 13 շրջանավարտներից 6-ը ստացավ գերազանցության դիպլոմ: