«Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի աշխատանքների ցուցահանդեսը

ijevan vernatun

Գեղանկարներ, գոբելեններ, կերամիկական աշխատանքներ, փայտե փորագրություներ։
Հունիսի 11-ին Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում բացվեց ԵՊՀ ԻՄ Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների, ուսանողների և շրջանավարտների հեղինակային աշխատանքների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ, արվեստով հետաքրքրված երիտասարդներ։
Ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս:




Վոլեյբոլի առաջնություն՝ նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին

Ի նշանավորումն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակի ապրիլի 13-ին անցկացվեց հերթական մարզական միջոցառումը՝ վոլեյբոլի բաց առաջնություն՝ Տավուշի մարզի համայնքային թիմերի մասնակցությամբ։

Առողջ ապրելակերպի խրախուսման ու սպորտի մասայականացմանը նպաստելու համար ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մարզական միջոցառումների իրականացումը հաճախակի բնույթ է կրում։

Առաջնությանը մասնակից թիմերը Տավուշի մարզի բոլոր համայնքներից էին։ Մասնակիցների համար սա նաև լավ առիթ էր՝ փորձելու ուժերը՝ իրենց հասակակիցների հետ։

Թեժ ու դինամիկ մրցապայքարի վերջում հաղթողները ստացան առաջնության գլխավոր մրցանակը՝ մարզական գավաթը, իսկ ԵՊՀ միակ մասնաճյուղի 30-ամյա գործունեությանն նվիրված միջոցառումները շարունակվում են։




Բադմինթոնի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին

2024 թվականին լրանում է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակը։ Այս առիթով մասնաճյուղում ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնցից մի քանիսը արդեն ընթացքի մեջ են։ Մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բադմինթոնի բաց առաջնություն։

Բաց առաջնության կազմակերպման նպատակն էր ոգևորել Տավուշի մարզի երիտասարդներին՝ վարելու առողջ ապրելակերպ, բարձրացնել նրանց ֆիզիկական պատրաստությունը, մասսայականացնել սպորտը Տավուշում: Առաջնության մասնակիցների շարքում մասնաճյուղի ուսանողներ էին և երիտասարդներ Տավուշի համայնքներից, ովքեր սիրողական զբաղվում են բադմինթոն սպորտաձևով։ Անիտան, ով տարիքով կրտսեր մասնակիցն էր, բադմինթոնի Հայաստանի մինչև 13 տարեկանների մրցապայքարում առաջին հորիզոնականն է գրավել և առաջիկայում իր ուժերը կփորձի Չեխիայում։

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 30-ամյակին նվիրված մարզական ևս մեկ միջոցառման ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվեցին խրախուսական նվերներով։




«Քաղաքացիական կրթության կենտրոն» ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը Տավուշի մարզում գործարկելու վերաբերյալ, հունվարի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի, և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մարիամ Մարտիրոսյանի, կնքեցին համատեղ գործունեության պայմանագիր։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «Փրոջեքթ Հարմոնի» հայկական մասնաճյուղը ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» շրջանակում 2019 թվականին համալսարանում հիմնել են ուսումնական կենտրոն:
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը, որը ներառում է խնդիրների լայն շրջանակ, առաջարկում է հանրային կյանքում երիտասարդների մասնակցությունը խթանելու նորարարական լուծումներ: Ակնկալվում է, որ ծրագրի շնորհիվ կբարելավվի Հայաստանում դպրոցական և արտադպրոցական քաղաքացիական կրթության որակն ու կընդլայնվի դրա ազդեցության շրջանակը, որպես հանրային կյանքում երիտասարդների ներգրավվածության խթանման միջոց՝ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարական հասարակության ուժեղացմանը։
Կնքված պայմանագրով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համատեղ ջանքերով 2024 թվականի փետրվարից գործարկելու «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախագիծը։ Նախագծի շրջանակներում համալսարանի վերոնշյալ կենտրոնում առկա ռեսուրսների օգտագործմամբ և վերազինմամբ կիրականացվեն անվճար դասընթացներ և տարատեսակ միջոցառումներ՝ ուղղված համալսարանի ուսանողների, դասախոսական կազմի, ինչպես նաև համայնքի երիտասարդների սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացմանը, քաղաքացիական մասնակցության հնարավորությունների և երիտասարդական նախաձեռնությունների խթանմանը:
Ծրագրի շրջանակում, դեկտեմբեր և հունվար ամիսներին, նմանատիպ կենտրոններ սկսել են գործել նաև Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում, ինչպես նաև Եվրասիա միջազգային համալսարանում և Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Փետրվարին ևս երկու «Քաղաքացիական կրթության կենտրոններ» իրենց աշխատանքները կմեկնարկեն Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։




Ներառական կրթությունը՝ Տավուշի մարզում. ձեռքբերումներն ու խնդիրները

«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում, «Հույսի կամուրջ» ՀԿ դեկտեմբերի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նախաձեռնել էր «Ներառական և հավասարապես որակյալ կրթություն բոլորի համար» աշխատաժողովը՝ Տավուշի մարզի նախադպրոցական, միջնակարգ, նախնական և միջին մասնագիտական ներառական և հավասարապես որակյալ կրթության խթանման գործում կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների լավագույն փորձի, ձեռքբերումների, մարտահրավերների և քաղած դասերի ներկայացման նպատակով:
Աշխատաժողովի սկզբում ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքի իրացումը ՀՀ Տավուշի մարզի նախադպրոցական,միջնակարգ,նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ ձեռքբերումները, մարտահրավերները և քաղած դասերը:
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որը միտած էր թեմային վերաբերյալ առաջարկությունների ներկայացմամբ: Աշխատաժողովին մասնակցում էին Տավուշի մարզի կրթական հաստատությունների ավելի քան 200 աշխատակիցներ:
«Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներ ՀՀ Տավուշի մարզում» ծրագիրը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:




Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզ։ Այցի շրջանակում դեսպանը կանգ է առել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։ Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա․ Մակարյանի հետ հանդիպմանը քննարկվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ֆրանսերենի դասավանդման կազմակերպմանը, մարզում ֆրանսերենի զարգացմանը, դեսպանատան հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցերը։ Այնուհետև տեղի է ունեցել դեսպանի գլխավորած պատվիրակության, բուհի ղեկավարության ու Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի դասախոսների հանդիպումը մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի մի խումբ ուսանողների հետ:

Դեսպան Օլիվիե Դըկոտինին ներկա է գտնվել նաև Գանձաքար բնակավայրում ֆերմերների համար ստեղծվելիք ուսումնական կենտրոնի բացման արարողությանը։

 




Ճանաչել հեռուստատեսությունը․ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Տավուշ Մեդիայում էին

Տավուշ Մեդիայի աշխատակազմը կրկին հյուրընկալել էր երիտասարդների: Ուսումնաճանաչողական այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները նոյեմբերի 28-ին գտնվում էին Տավուշ Մեդիայի ստուդիայում: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել Տավուշ Մեդիայի աշխատանքներին:
Տավուշ Մեդիայի աշխատակազմը ուսանողներին ծանոթացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը: Ուսանողները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Այցի ընթացքում ուսանողները կիսվեցին իրենց մտքերով ու առաջարկներով, թե ինչ կցանկանան տեսնել Տավուշ ՀԸ եթերում: Ուսանողությանը ներկայացրինք նաև Տավուշում հեռուստատեսության առկայության կարևորությունը։

Ուսումնաճանաչողական այցը ամփոփվեց գիտելիքների ու փորձի ներկայացմամբ. ուսանողներին ներկայացվեց մեդիայի ու մեդիագրագիտությանն առնչվող թեմաները:




Տավուշում կայացել է «ԴիջիԿոդ-2023» մրցույթի մարզային փուլը

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան հանրապետական մրցույթն արդեն 8-րդ անգամ միավորում է նորարարական խաղեր ու ծրագրեր ստեղծող պատանիներին: Ապրիլի 15-ին հանրապետության ևս 4 շրջանների հետ միաժամանակ Տավուշում մեկնարկեց «ԴիջիԿոդ 2023»-ը։

«ԴիջիԿոդ 2023» մրցույթին այս տարի մասնակցում է 400 աշակերտ՝ Հայաստանի տարբեր մարզերից։ Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել ու զարգացնել դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին ու հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները։ Մասնակից պատանիները ժյուրիի կազմին ներկայացրին իրենց գաղափարները։ 

Մրցույթի կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկություննների միությունը, իսկ Տավուշում որպես տարածքային գործընկեր՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը։ 

«ԴիջիԿոդ 2023» մրցույթին մասնակցող այն պատանիները, որոնք կհաղթահարեն մարզային փուլը, ապրիլի 30-ին մայրաքաղաք Երևանում կմասնակցեն «ԴիջիԿոդ»-ի եզրափակիչ փուլին։