Հարցեր, որոնք կարող է և պետք է հուզեն ծնողներին
Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան կյանքի առաջին տարում
Մանկաբույժների վկայությամբ՝ դրանք, որպես կանոն, կապված են փոքրիկին լողացնելու հետ։ Շատ ընտանիքներում դա համատեղ ջանքերով կատարվող աշխատանք է. մեկը ջուրն է տաքացնում, մյուսը լոգարանն է պատրաստում, երրորդը զբաղված է երեխայով։ Եթե հանկարծ որեւէ մեկը մոռանա ստուգել ջրի ջերմաստիճանը, ապա փոքրիկը կարող է այրվածքներ ստանալ։ Ջերմաստիճանը պետք է ստուգել ջերմաչափով կամ արմունկով։ Տաք կամ սառը մատները կարող են ջերմության խաբուսիկ տպավորություն ստեղծել, իսկ արմունկը ցույց է տալիս ջրի իրական ջերմաստիճանն այնպես, ինչպես զգում է երեխան։ Խորհուրդ չի տրվում փոքրիկին լողացնել հոսող ջրի տակ, քանի որ ջրատաքացուցիչի “քմահաճույքներից” կախված՝ այն կարող է միանգամից տաքանալ, սառչել կամ կարող է հանկարծակի դադարեցնեն ջրամատակարարումը։
Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ 2-3 տարեկան երեխան
Այս տարիքում առավել հաճախ են հանդիպում այրվածքները՝ տաք սուրճով, թեյով, ապուրով եւ այլն։ Առավել վտանգավոր են թանձր խտություն ունեցող հեղուկները, օրինակ՝ շփոթը (կիսել), որոնք դանդաղորեն տարածվելով ու ավելի մեծ ջերմություն անջատելով կարող են ավելի շատ վնաս պատճառել փոքրիկին։ Չի կարելի սփռոցով ծածկված սեղանի վրա տաք ճաշատեսակներով կամ ըմպելիքներով լի սպասք դնել, քանի որ երեխան կարող է քաշել սփռոցի ծայրից եւ այդ ամենը թափել իր վրա։ Սովորեցրեք փոքրիկին, որ սեղանի մոտով պետք է հանգիստ անցնել, առանց վազելու կամ ձեռքերը թափահարելու։ Դա ոչ միայն տգեղ է, այլեւ՝ վտանգավոր։ Պետք չէ թեյը կամ սուրճը բաժակների մեջ լցնել այն ժամանակ, երբ երեխան ձեր կողքին կամ խաղում է մոտակայքում։ Բացի նրանից, որ փոքրիկը կարող է դիպչել ձեր թեւին, չափազանց բարձր ջերմությունից կարող է պոկվել թեյնիկի բռնակը։
Եթե ճաշում կամ երեխային կերակրում եք ձեր գիրկը նստած, ապա տաք ապուրով ափսեն կամ բաժակներն աշխատեք նրանից որքան հնարավոր է հեռու դնել։
Վտանգավոր են նաեւ գետնին դրված մեծ, տաք կաթսաներն ու դույլերը։ Խոսքը խաշի, խաշլամայի, տարողունակ կաթսա պահանջող այլ կերակուրների եւ ջրատաքացուցիչ սարքերի (ՍՌտÿՑՌսՖվՌՍ) մասին է։ Փոքրիկը կարող է պատահաբար դիպչել դրանց կամ ընկնել մեջը՝ ստանալով լուրջ այրվածքներ։
Այրվածքների պատճառ կարող են դառնալ նաեւ թթվային եւ հիմնային նյութերը (օրինակ՝ քացախի էսենցիան, անուշադրի սպրիտը, ծծմբական թթուն եւ այլն)։ Դրանք խմելու դեպքում փոքրիկը կարող է վնասել ոչ միայն բերանի խոռոչն ու կերակրափողը, այլեւ՝ ստամոքսը։ Նման նյութերը պետք է պահել երեխայի համար անհասանելի՝ բարձր ամրացված կամ ամուր փակվող պահարաններում։
Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան փողոցում
Փողոցում երեխայի համար մեծ վտանգ են ներկայացնում կենդանիները՝ շներն ու կատուները։ Ընդ որում` ոչ միայն թափառական, այլեւ տնային։ Փոքրիկների համար առավել վտանգավոր են ռոտվեյլերը, պիտբուլը, ստաֆֆորդշիրյան տերյերը եւ պահապան ցեղատեսակների այլ շներ։ Ռոտվեյլերը կարող է շատ վտանգավոր վնասվածքներ հասցնել` պատառոտված, ջախջախված, ընդհուպ մինչեւ ոսկորների կոտրվածքներ։
Այս պարագայում շատ բան կախված է շների տերերից, որոնք պետք է լավ վարժեցնեն իրենց չորքոտանի բարեկամներին եւ նրանց զբոսանքի տանեն միայն հատուկ դնչկալով։ Ցավոք, ոչ բոլոր շնասերներն են դա գիտակցում, իսկ հայկական ասացվածքն ասում է. “Շունը տիրոջն է քաշել”։
Երեխաներին նույնպես անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել կենդանիների հետ։ Եթե տանը շուն եք պահում, ապա փոքրիկին բացատրեք, որ չի կարելի քաշքշել նրա պոչից, ականջներից, ձիու պես հեծնել կամ ուտելու ժամանակ ձեռք տալ նրա կերամանին։ Այսպիսով, եթե երեխան սովորի ճիշտ վարվել կենդանիների հետ, ապա կարելի է խուսափել հետագա բարդություններից։
Կատուների պատճառած հիմնական վնասվածքը քերծվածքներն են։ Դրանց հետեւանքով ավշային հանգույցների մեջ կարող է վարակ անցնել, որից հետո ուռչում են արմունկը եւ թեւատակի հատվածը։ Առաջանում է ուժեղ ցավ եւ կարմրություն։ Սովորաբար, տուժածները բուժվում են տնային պայմաններում` յոդի եւ “զելյոնկայի” օգնությամբ, սակայն հնարավոր է այդ ամենը միայն կարմրությամբ չվերջանա, եւ կարող են առաջանալ այլ հիվանդություններ։ Դրա համար նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Իհարկե, վնասվածքների պատճառները միայն այսքանով չեն սահմանափակվում։ Ցավոք, երեխաները չեն կարող ճիշտ գնահատել իրենց արարքների վտանգավորությունը։ Այդ պատճառով ծնողները պետք է փորձեն կանխատեսել հնարավոր վնասվածքները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ եւ նույնը սովորեցնեն իրենց երեխաներին։