Երեխայի անվտանգությունը տոն օրերին

Տոնական միջոցառումները մանկության ամենապայծառ հիշողություններից են։ Դրանք կապված են ոչ միայն ստացված նվերների, այլեւ շուրջը տիրող ընդհանուր տոնական մթնոլորտի, բացօդյա համերգների ու զբոսանքների հետ։ Երբեմն ծնողները խուսափում են դրանցից՝ վախենալով կորցնել երեխային որեւէ մարդաշատ վայրում։

Ինչպես անել, որ ամբոխի մեջ միմյանց որոնումները, ծնողների անհանգստությունն եւ երեխայի գլխին թափվող նախատինքները չմթագնեն ուրախ տրամադրությունը։ Փորձենք հիշել, թե սովորաբար ինչից են սկսվում գրեթե բոլոր տոների նախապատրաստական աշխատանքները։ Իհարկե, խանութ կամ տոնավաճառ արշավներից, որոնց հիմնական նպատակը նոր հագուստ կան կոշիկներ գնելն է։

Երեխայի համար զգեստ ընտրելիս աշխատեք, որ այն լինի վառ, աչք ծակող գույնի, որպեսզի փոքրիկի հեռանալու դեպքում կարողանաք հեշտությամբ գտնել նրան ամբոխի մեջ։ Բաճկոնի ներսի կողմից կարող եք ամրացնել երեխայի անուն-ազգանունով, ձեր հեռախոսահամարով եւ առողջության հետ կապված կարեւոր տվյալներով (ալերգիա, հակացուցված դեղեր, հիվանդություններ եւ այլն) փոքրիկ թղթի կտոր այնպես, որ բաճկոնն արձակելիս այն անմիջապես նկատվի։ Տանից դուրս գալուց առաջ երեխային լուսանկարեք այն հագուստով, որով գնալու եք զբոսնելու։ Աշխատեք, որ լուսանկարներում փոքրիկը երեւա ամբողջ հասակով, դեմքի տարբեր արտահայտություններով՝ ժպտացող, մռայլ եւ այլն։ Եթե նա որեւէ առանձնահատուկ արտաքին նշան ունի, այն եւս առանձին լուսանկարեք։ Լավ կլինի, որ դուք օգտվեք անմիջապես նկարը երեւակող լուսանկարչական սարքից, որպեսզի նկարը վերցնեք ձեզ հետ եւ երեխայի կորելու դեպքում այն ցույց տաք շրջապատի մարդկանց։ Եթե այդպիսին չկա, կարող եք վերցնել նրա վերջին լուսանկարներից։ Նշենք, որ ընդհանրապես ցանկալի է երեխային լուսանկարել ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ։

Հագցնելով երեխային եւս մեկ անգամ ուշադիր զննեք նրան՝ լավ հավաքվա՞ծ են շարֆի կամ գլխաշորի ծայրերը եւ կոշիկների քուղերը, որպեսզի նա հանկարծ չընկնի եւ չվնասի իրեն։ Հասնելով խանութ կամ զբոսանքի վայր՝ նախապես երեխայի հետ պայմանավորվեք, թե միմյանց կորցնելու դեպքում որտեղ եք հանդիպելու։ Ընտրեք հեշտ նկատելի վայր՝ որեւէ արձանի, յուրահատուկ շենքի, խանութի մուտքի կամ գունագեղ ցուցանակներից մեկի մոտ։ Լավագույն տարբերակն այն է, որ երեխան կարողանա ցանկացած կետից տեսնել այդ վայրը։

Ամբոխի հետ ձուլվելով՝ բռնեք երեխայի ձեռքից եւ խնդրեք նրան անել նույնը։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ նա բռնի հագուստի թեւքից, փեշից կամ պայուսակից, քանի որ այդպես դուք չեք նկատի նրա հեռանալը։ Թույլ մի տվեք, որ նա միայնակ առաջանա դեպի համերգի բեմահարթակը կամ խանութի ցուցափեղկի մոտ։ Գնացեք նրա հետ։ Եթե խանութում մարդիկ հրմշտում են իրար, ապա երեխային պահեք ձեր առջեւում, որպեսզի նա միշտ լինի ձեր տեսադաշտում։

Եթե երեխան կորել է, ապա ձեր շուրջը նրան ուշադիր փնտրել-չգտնելուց հետո գնացեք հանդիպման պայմանավորված վայրը եւ սպասեք նրան այնտեղ։ Նույնը պետք է անի նաեւ երեխան։ Եթե որեւէ մեկն առաջարկի նրան շրջել խանութում կամ գրկել-բարձրացնել, որպեսզի նա ավելի լավ տեսի շրջապատը, փոքրիկը պետք է հրաժարվի։ Եթե ծնողները երկուսով են, ապա մեկը պետք է սպասի պայմանավորված վայրում, իսկ մյուսը կարող է խնդրել միջոցառման կազմակերպիչներին կամ խանութի տնօրինությանը, որ ռադիոկապով կամ բարձրախոսով հայտնեն երեխայի կորելու մասին`չմոռանալով ճանապարհին շրջապատի մարդկանց ցույց տալ երեխայի լուսանկարը։

Եթե փնտրելիս նկատում եք փոքրիկին հեռվում, ապա մի բղավեք։ Նա դժվար թե լսի ձեր ձայնն ընդհանուր աղմուկի մեջ, իսկ եթե լսի, ապա կարող է շփոթվել եւ կորցնել իր ուղենիշը։ Նրան կարող են տանել բոլորովին այլ ուղղությամբ, այնպես, որ դուք կարող եք կորցնել նրան ձեր տեսադաշտից։ Այդ պատճառով երեխային տեսնելիս աշխատեք նրան աչքի առաջ պահելով արագ-արագ մոտենալ։

Գտնելով երեխային ասացեք, որ դուք շատ էիք անհանգստանում, կարծում էիք, որ այլեւս նրան չեք տեսնի եւ հիմա շատ երջանիկ եք, որ գտել եք նրան։ Ձեր խոսքերը կօգնեն փոքրիկին դուրս գալ հուզական սթրեսից։ Չէ՞ որ նա հայտնվել էր արտակարգ իրավիճակում, եւ եթե տեղն ու տեղը սկսեք նրա գլխին քարոզ կարդալ եւ նախատել, դժվար թե նա որեւէ դաս քաղի պատահածից եւ, բացի այդ, նրա մեջ վախ կմնա, որ ինքը կրկին կարող է հայտնվել նման իրավիճակում։

Եթե նույնիսկ երեխան միանգամից չի գտել ձեր ժամադրավայրը, գովեք նրան եւ ասացեք, որ անհրաժեշտ է ավելի զգույշ եւ ուշադիր լինել։ Հարցրեք, թե ինչը խանգարեց նրան արագ գտնել հանդիպման վայրը, պարզեք որոնք էին նրա սխալները եւ բացատրեք, թե ինչ էր անհրաժեշտ անել։ Մտածեք, միգուցե՞դուք էիք հանդիպման համար անհաջող վայր ընտրել, եւ երեխան չի կարողացել այն անմիջապես գտնել։

Հարց է ծագում, թե այս պարագայում որքանո՞վ է օգտակար երեխայի հագուստին նրա անձնական տեղեկություններով թերթիկ փակցնելը։ Հնարավոր է, որ որեւէ վթարի կամ վնասվածքներ ստանալու դեպքում երեխան չկարողանա խոսել, եւ այդ թերթիկը կարող է օգնություն ցույց տվողներին կամ բժիշկներին կարեւոր տեղեկություններ հաղորդել նրա մասին (օրինակ` այն դեղերը, որոնք հակացուցված են փոքրիկին)։

Հետեւելով այս խորհուրդներին` դուք կարող եք խուսափել տհաճ ապրումներից եւ պահպանել ձեր երեխայի անվտանգությունը։




Տան ամենավտանգավոր վայրը

Խոհանոց

Ընտանիքի գրեթե բոլոր անդամների ամենասիրելի վայրը խոհանոցն է։ Սակայն այն լի է ամենատարբեր պահարաններով, դարակներով, սարքերով, սուր, կտրող, ծակող առարկաներով, զանազան նյութերով, որոնք կարող են փոքրիկին զգալի վնաս պատճառել։ Երեխան կարող է նաեւ մատները թողնել պահարանների դռների կամ դարակների տակ։ Դրա համար կարելի է մագնիսով լրացուցիչ փականներ տեղադրել, բռնակները թելով կապել, որ երեխան չկարողանա դրանք բացել։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ սուր, կտրող, ծակող առարկաները (դանակ, պատառաքաղ, մկրատ, խցանահան եւ այլն) պետք է պահել երեխաներից հնարավորինս հեռու, բարձր տեղադրված եւ ամուր փակվող պահարանում։ Կահույքի սուր անկյունները պետք է խարտոցով կլորացնել կամ պատել փափուկ նյութերով (սպունգ, պարալոն), որպեսզի փոքրիկը գլուխը չխփի եւ չվնասվի։

Խոհանոցում ամենավտանգավոր առարկան գազօջախն է։ Աշխատեք ուտելիքը պատրաստել հիմնականում գազօջախի պատին մոտ գտնվող սալիկների վրա` կաթսաների ու թավաների բռնակները միշտ թեքելով դեպի պատը։

Խոհանոցում երեխաներին առավել հետաքրքրող առարկաներից մեկը սառնարանն է։ Այնտեղից փոքրիկի ձեռքը կարող են ընկնել ալկոհոլային խմիչքներ կամ դեղամիջոցներ, վատ դրված ապակե տարաները կարող են ընկնել եւ կոտրվել եւ, ի վերջո, նա կարող է պարզապես փակվել սառնարանի ներսում։ Դրանից խուսափելու համար սառնարանում պահվող բոլոր տարաները պետք է ամուր փակել եւ դնել վերեւի դարակներին, իսկ սառնարանի դուռը պետք է ամուր չփակվի։

Շատերը խոհանոցում հեռախոս ունեն։ Հեռախոսի լարերը կարող են փաթաթվել երեխայի ոտքերին, սարքը կարող է ընկնել փոքրիկի վրա եւ, վերջապես, նա ինքը կարող է լարը փաթաթել պարանոցին ու խեղդվել։ Եվ՛ հեռախոսը, եւ՛ դրա լարերն ամրացրեք այնպես, որ ոտքի տակ չընկնեն։ Թույլ մի տվեք, որ երեխան հեռախոսով խաղա։

Սեղանի շուրջը փոքրիկը կարող է իր վրա շրջել սպասքը, դանակը, տաք ճաշը կամ ըմպելիքները։ Բարձր աթոռակն ու սեղանի սուր անկյունները նույնպես վտանգավոր են։ Խուսափեք սփռոց օգտագործելուց, քանի որ փոքրիկը կարող է այն քաշել եւ սեղանի ողջ պարունակությունը թափել իր վրա կամ գետնին։

Հիշեք, որ երեխաները սիրում են ամեն ինչ տանել բերանը։ Ամենից հաճախ նրանց հասանելի են գետնին դրված կամ ընկած առարկաները։ Այդ պատճառով խոհանոցի հատակը պետք է միշտ մաքուր պահել։ Այն չպետք է սահող լինի, իսկ փոքր գորգերն ընդհանրապես նման հատակի վրա կարող են վերածվել սահնակի եւ երեխայի անկման պատճառ դառնալ։ Կոտրված ապակու մանր կտորները կարելի է հավաքել խոնավ սրբիչի օգնությամբ։

Մաքրող միջոցները, ալկոհոլային ըմպելիքները, կծու սոուսները, քացախը, համեմունքները, լուցկիներն ու հրահանն անհրաժեշտ է պահել երեխաներից հեռու։ Նույնը վերաբերում է նաեւ պոլիէթիլենային տոպրակներին, որոնք փոքրիկը կարող է հագցնել գլխին ու խեղդվել, եւ աղբարկղին, որի միջից երեխան կարող է որեւէ վտանգավոր բան վերցնել։

Խոհանոցային էլեկտրասարքերը՝ հարիչը, թեյնիկը, սրճեփը եւ այլն օգտագործելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հոսանքից անջատել եւ հավաքել, այլապես փոքրիկը կարող է դրանք մտցնել ջրով լի դույլի մեջ, լարից ձգելով գցել իր վրա կամ միացնելով վնասել իրեն։




Կետ, կետ, ստորակետ

Դպրոցում թելադրությունների ժամանակ կետադրական նշանները երեխաների համար իսկական գլխացավանք են դառնում։ Այստեղ ստորակե՞տ է, բու՞թ, թե՞ միջակետ։ Ու մինչ կողմնորոշվում են, ուսուցչուհին անցնում է առաջ, իսկ իրենք ստիպված են վիզը երկարացնել մինչեւ դիմացի սեղանը, որպեսզի հետ չմնան։ Շատերին ծանոթ կլինի հետեւյալ նախադասությունը. “Այս մարդուն արդարացնել պետք չէ, սպանել” եւ “Այս մարդուն արդարացնել, պետք չէ սպանել”։ Տեսնում եք, թե ինչպես ընդամենը մեկ ստորակետի օգնությամբ նախադասությունը բոլորովին հակառակ իմաստն ստացավ։ Տեքստի մեջ ստորակետի հանդիպելիս անհրաժեշտ է մի պահ կանգ առնել եւ որսալ արտահայտության ռիթմը։

Ե՞րբ եւ ինչպե՞ս են հայտնվել կետադրական նշանները։

Կետադրական նշանները գրերի աշխարհ են մտել աստիճանաբար՝ հարստացնելով եւ բարդացնելով գրավոր խոսքի հնչողությունն ու իմաստը։ Վերջակետն ու միջակետը հայտնվել են XI դարում, ստորակետը՝ XIV դարում, կետ-ստորակետը՝ XV-ում, հարցականը՝ XVI-ում, բացականչական նշանը եւ անջատման գիծը՝ XVII-ում, բազմակետը՝ XVIII դարում։ Յուրաքանչյուր դարաշրջան գրերի սկզբունքների ու կանոնների վրա իր հետքն է թողել եւ՛ գեղագիտական, եւ՛ իմաստային առումով։ Գիտության շատ ճյուղեր երկար ժամանակ դոփում էին տեղում, որովհետեւ արված հայտնագործությունները, ուսումնասիրությունները եւ բացահայտումները գրավոր ձեւակերպում չէին ստանում ու կորչում էին։ Սա վերաբերում էր ոչ միայն լեզվի, այլեւ մշակույթի զարգացմանը։

Հնում կետադրությունը շատ բարդ եւ խճճված էր։ 17-20-րդ դարերում սկսեցին նշել ոչ թե առանձին պարբերությունները, ինչպես անում էին նախկինում, որպեսզի ընթերցողը կարողանա այդքանը մի շնչով կարդալ, այլ՝ առանձին իմաստ արտահայտող հատվածները, որպեսզի տեքստի միտքն ավելի հասկանալի լինի։ Այժմ թելադրողը ոչ թե քերականությունն ու արտահայտության ռիթմն են, այլ՝ տրամաբանությունը։ Մի քանի դար առաջվա համեմատ ներկայումս օգտագործվող կետադրական նշանների թիվը համարյա կրկնակի պակասել է։

Փոխվել են նաեւ պատկերացումները չափանիշների մասին։ Միջին դարերում գործում էր “կարելի է, չի կարելի” սկզբունքը։ Օրինակ՝ ենթակայի եւ ստորոգյալի միջեւ չի կարելի ստորակետ դնել, իսկ նախադասության համանման անդամների միջեւ՝ կարելի է։ Այսօր չափանիշներն ավելի խիստ են՝ կա՛մ չի կարելի, կա՛մ պետք է։ Հենց այս պատճառով է, որ կետադրության կանոնները լավ չիմացող աշակերտները գերադասում են մի քանի ստորակետ ավելի դնել, քան այն բաց թողել որեւէ անհրաժեշտ տեղում։ Ընդ որում՝ որքան նշանն ավելի հին է, այնքան ավելի քիչ է բացառություններ ընդունում։ ժամանակակից մարդը կարող է իր հեղինակած տեքսը կետադրելիս ազատություն տալ զգացմունքներին եւ վարվել այնպես, ինչպես ուզում է, սակայն ոչ ստորակետի դեպքում։ Դա հստակ նշանակություն ունեցող եւ ամենախիստ նշանն է, որովհետեւ սեփական իմաստն ունենալով՝ այն որեւէ այլ բան չի խորհրդանշում։ Օրինակ՝ Վլ. Նաբոկովի խոսքերով՝ բազմակետը ոտքի մատների վրա հեռացած բառերի հետքն է կամ ասում են, որ անջատման գիծը հուսահատության նշանն է։

Հայերենի բութն ամենահայկական կետադրական նշանն է։ Այն ի հայտ է եկել մոտավորապես 17-րդ դարում եւ մինչ օրս կիրառվում է միայն հայերեն լեզվում։ Հետաքրքիր է, որ շատ լեզուներում միջակետն օգտագործվում է որպես վերջակետ, իսկ երկու կետը՝ բացատրական նշան։ Հայերենում ճիշտ հակառակն է։ Սակայն դա չպետք է մեզ խանգարի ձգտել անթերի տիրապետելու մայրենի լեզվին, իսկ հետո նաեւ այլ լեզուների (ի նկատի չունենք օձի լեզուն, չնայած այն երբեմն շատ ավելի անհրաժեշտ է լինում), քանզի ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։




Արտակարգ աֆորիզմներ․ Եթե գիտեք՝ ինչ անել, Դուք կարող եք կյանքեր փրկել․ Շարք

 

 






Հեռուստացույց շատ դիտելը վնասակար է

Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջեւ երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են էկրանի առջեւ ժամերով նստած։ Դրա մասին ծնողները քաջատեղյակ են, սակայն ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային “կտրել” հեռուստացույցից։

Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։

Հեռուստացույցը բացասաբար է ազդում երեւակայության վրա

Երկար հեռուստացույց դիտելուց երեխայի երեւակայությունը սահմանափակվում է։ Գերմանացի մանկաբույժ Պիտր Վինտերշտայնը ավելի քան 17 տարի ուսումնասիրել է 5-6 տարեկան երեխաներին եւ պարզել, որ որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջեւ, այնքան քիչ դետալներ է օգտագործում նկարելիս, իսկ նկարված կերպարներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։

5 եւ 6 տարեկան երեխաների նկարները

Այն երեխաների նկարներն են, ովքեր օրը 1 ժ.-ից ավել հեռուստացույց չեն դիտում։

Այն երեխաների նկարներն են, ովքեր հեռուստացույց դիտում են օրական 3 ժամ։

Խանգարում է կենտրոնանալ

Հեռուստացույցը ազդում է նաեւ երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական եւ տեսողական համակարգերը։

Խանգարվում է քունը

Այն երեխաները, ովքեր չարաշահում են հեռուստացույց դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են արթնանում, մղջավանջներ տեսնում։ Այս բոլոր բարդությունները շարունակվում են նաեւ ավելի մեծ տարիքում։

Նպաստում է ճարպակալմանը

Երկար ժամանակ հեռուստացույցի առջեւ անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում է հեռուստացույցի չարաշահելու դեպքում, քնի խանգարումն է, իսկ ոչ բավարար քունը նպաստում է մարսողության ոչ լիարժեք իրականացմանը։

Նպաստում է ագրեսիայի առաջացմանը

Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ-ում ուսումնասիրություններ են կատարվել հեռուստացույցի չարաշահման եւ հանցագործության քանակի ավելացման միջեւ եղած կապը պարզելու համար։ Ազդեցությունն առավել ակնհայտ է թրիլեր եւ մարտաֆիլմեր սիրողների վրա։ Էկրանում տեղի ունեցող ագրեսիան եւ բռնությունը ուղեղն ընկալում է որպես իրական, մենք տագնապ ենք ապրում, անվստահություն, վախ, իսկ ուղեղի համապատասխան կենտրոնները, ակտիվանալով` նպաստում են փախուստի եւ ագրեսիայի ակտիվացմանը։ Երբ մարդը պարբերաբար նայում է դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երեւույթների նկատմամբ թուլանում են։ Այսպես, երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը եւ սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաները դիմում են նմանատիպ քայլերի այն ժամանակ, երբ կարծում են, որ իրենց արարքը կմնա անպատիժ։

Խորհուրդ ծնողներին

Դիտեք հեռուստացույց երեխայի հետ
Եթե երեխան նայում է միայն անվտանգ բովանդակության մուլտֆիլմեր, միեւնույն է դա անօգուտը է, եթե երեխան մենակ է նայում։ Աշխատեք մինչեւ 7 տարեկան երեխային մենակ չթողնել հեռուստացույցի առջեւ։ Ուշադիր հետեւեք նրա ռեակցիաներին, մեկնաբանեք նրան հասականալի լեզվով, թե ինչ է կատարվում էկրանին։

Ծնողին լսելով` երեխան սովորում է արտահայտել իր հույզերը։ Դա օգնում է, որ վստահություն ձեւավորվի երեխայի եւ ծնողի միջեւ։ Ցանկալի է, որ երեխան մուլֆիլմեր դիտի 3-4 տարեկանից ոչ շուտ, երբ արդեն ընդունակ է հասկանալ ոչ բարդ սյուժեները, քանի որ երեխան նույնացնում է իրեն հերոսի հետ, ցուցաբերում է հերոսին բնորոշ վարք։

Ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցից.

  • Ցանկալի է, որ մինչեւ 1 տ. երեխաները չդիտեն հեռուստացույց ընհանրապես, իսկ 1 տարեկանից սկսած` օրական 30 րոպե կամ 1 ժամից ոչ ավել։ Ցանկալի է, որ երեխայի սենյակում հեռուստացույց չլինի։
  • Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ, դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը ուսումնական պրոցեսից։
  • Հետեւեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում եւ որքան ժամանակ է անցկացնում էկրանի առաջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխանները, ովքեր նայում են կրթական հաղորդումներ, ավելի հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրում, առաջադեմ են դպրոցում, ունեն ավելի հարուստ բառապաշար։ Ծնողներն այդ հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն, քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար եւ նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։
  • Երեխային հեռուստացույցից օգտվելու կուլտուրային սովորեցրեք ձեր փորձով։ Այն ծնողները, ովքեր հեռուստամոլ են, դժվար թե կարողանան իրենց երեխաներին օգնել այս հարցում։ Սակայն, նրանք պետք է այս կանոնները պահպանեն գոնե մանուկ հասակում` հասկանալով, որ դա բացասաբար է ազդում երեխայի ուղեղի զարգացման վրա։
  • Հիշեք, որ դաժան եւ բռնության տեսարանները մեծ տրավմա են պատճառում երեխային, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա։
  • Խոսեք երեխայի հետ այն հույզերի մասին, որոնք նա ունենում է հեռուստացույց դիտելիս։



Կակազու՞մ եք, ուրեմն կարող եք դառնալ Ցիցերոն

Կակազությունը լոգոնեւրոզ է, ոչ ճիշտ լեզվային պահվածք։ Ողջ աշխարհի բնակչության գրեթե մեկ տոկոսը տառապում է այդ արատով։ Խոսքի խաթարումը տարածված է ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների շրջանում եւ տարբերվում է ոչ միայն դրսեւորումների մեջ, այլեւ՝ ըստ առաջացման պատճառի, ախտանշանների եւ ոչ միշտ արդյունավետ բուժման ընթացքով։

Գործնական հոգեբանությունը զարգանում է, եւ եթե սովորական ընդունված մեթոդների օգնությամբ կարելի էր հաջողության հասնել 50 տոկոսի դեպքում, ապա հոգեբան Վլադիմիր Կուկկի մեթոդով՝ 70-80 տոկոսի դեպքում։ Նրա հեղինակային ծրագիրը կոչվում է “Խոսիր, Ցիցերոն”։

Շրջապատի հետ շփման դժվարությունները, հատկապես պատանեկան տարիքում, մեծապես ազդում են տվյալ անձի անհատականության ձեւավորման վրա,  խանգարում են սովորել, աշխատել, ու ամբողջությամբ բացահայտել մտավոր ընդունակություններն ու հնարավորությունները։

Կակազության հիմքում կարող են հոգեբանական եւ նյարդային բնույթի խնդիրներ լինել։ Ոչ ճիշտ խոսքային պահվածքն անհրաժեշտ է դիտարկել որպես նեւրոզ։ Այն հենց այդպես էլ անվանել են՝ լոգոնեւրոզ։ Բուժման եղանակներն էլ համապատասխանաբար պետք է հոգեբանական լինեն։ Իսկ եթե հիմքում գլխուղեղի վնասվածքն է, ապա բուժումը պետք է իրականացնել նյարդաբանական եղանակներով։ Կակազության պատճառները պարզելու համար անհրաժեշտ է հետազոտել գլխուղեղը, համակարգչային տոմոգրաֆիա կատարել, հնարավորության դեպքում հետազոտել աչքի հատակը, ռենտգենյան ճառագայթներով նկարել գլխուղեղը։ Եթե ստուգման բոլոր արդյունքները դրական են, ապա կարելի է համարել, որ պատճառը հոգեբանական է։ Ներգանգային բարձր ճնշման եւ գրգռվածության բարձր աստիճանի դեպքում նյարդաբանական օգնությունը դառնում է բուժման ծրագրի բաղկացուցիչ մաս։

Եթե երեխան կամ երիտասարդը ստացած հոգեբանական վնասվածքի հետեւանքով կակազում է հասակակիցների կամ որեւէ պատկառելի մարդու հետ զրուցելիս, հուզվելիս, մեծ լսարանի առաջ ելույթ ունենալիս, դասարանում դաս պատմելիս եւ այլն, ապա լավ արդյունք կարող են տալ հոգեթերապիայի ինչպես անհատական, այնպես էլ խմբային բուժումը։ Նախապատրաստական եւ ախտորոշիչ փուլից հետո, ստացված տվյալների հիման վրա սկսվում է դեղորայքային բուժումը, որի ընթացքում կիրառվում են սթրեսը վերացնող դեղամիջոցներ։

Խոսքի շտկումը

Կակազող երեխաներն ու դեռահասները հասարակության մեջ շատ երկչոտ ու զգայուն են։ Նրանց համար արտահայտվելու դժվարությունը միան մեկն է։ Երեխաները չափազանց անհանգստացած են, չափից ավելի շատ ջանքեր են գործադրում ճիշտ խոսելու համար, աշխատում են գիտակցաբար եւ ենթագիտակցաբար վերահսկել իրենց յուրաքանչյուր բառը, ծանրութեթեւ են անում իրենց յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր հնչյուն։ Նրանց պետք է սխալվելու իրավունք տալ։ Կակազող մարդիկ իրենց ջանքերով հենց իրենք են խանգարում խոսքային ապարատի աշխատանքին։  Երբ հաջողվում է վերջապես բաց թողնել “խոսքային արգելակները”, նրանց խոսքը դառնում է առավել սահուն եւ ազատ։ Երեխաներն ու դեռահասները դադարում են անհանգստանալ, անընդհատ վերահսկել իրենք իրենց ու սկսում են հանգիստ, “ստեղծագործաբար” խոսել։

Հակառակ նախապես սովորած կամ անգիր արված խոսքի, ստեղծագործական խոսքն ինքնաբերական է ու բնական։

Այս խնդրին համարյա միշտ ավելանում է նաեւ, այսպես ասած, գնահատականի երկակի կախվածությունը` սեփական հսկողությունը (արդյո՞ք ճիշտ եմ խոսքում) եւ շրջապատի ենթադրյալ գնահատականը (արդյո՞ք նրանց դուր կգա, թե ինչպես եմ խոսում)։ Հոգեբանի (կամ հոգեթերապեւտի) առաջին խնդիրն այդ կախվածությունն ու վախը վերացնելն է։ Կիրառվող հնարքներից մեկը հետեւյալն է։ Կակազող դեռահասին ականջակալներ են տալիս, որտեղ մեղմ ու հանգիստ երաժշտություն է հնչում, որը թույլ է տալիս նրան լսելու իր սեփական խոսքը` միաժամանակ խանգարելով վերահսկել այն։ Այդ ժամանակ դեռահասներին առաջարկում են բարձրաձայն եորեւէ գիրք ընթերցել կամ ցանկացած տեքստ։ Նրանց խոսքը ձայնագրվում է, որը հետագայում լսելով կարող եք համոզվել, որ այդ մշտական հոսկողությունը վերացնելուց հետո խոսքը դառնում է հանգիստ ու սահուն։ Այդպիսի վարժություններ շատ կան։ Օրինակ` բարձր կամ ցածր ձայնով, արագկամ դանդաղ, ատամները սեղմած, շնչառությունը կարգավորելով ընթերցանությունը։

Կանոնավոր խոսքային վարժությունների շնորհիվ հիվանդագին ռեֆլեքսները վերանում են եւ ձեւավորվում են նոր, ազատ խոսքի ռեֆլեքսներ։

Կակազության նախանշաններն են` բարձր, բարակ ձայնը, արագ, կտրատվող ու ընդհատվող խոսքը, վանկերի կրկնությունը, հնչյունների երկարացումը, արագ ու ընդհատվող շնչառությունը, ինչպես նաեւ այն, որ շնչելիս երեխայի ուսերը չեն իջնում-բարձրանում, պարանոցը սեղմված է, իսկ գլուխը լարված ու ներքեւ կախված։ Այս նախանշանները նկատելիս պետք է փորձել դրանք արագ վերացնել։ Սա հատկապես վերաբերում է նեւրոզների նկատմամբ հակում ունեցող երեխաներին։

Չինացիներն մի այսպիսի ասացվածք ունեն. “Գնացքը, որին սպասում են, երբեք չի գա”։ Բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ են ունեցել նաեւ Հայտնի քաղաքական գործիչ սըր Ուիլյամ Չերչիլը, գիտնական Իսահակ Նյուտոնը, գրող Ու. Սոմերսեթ Մոեմը, դերասաններ Մերիլին Մոնրոն, Բրյուս Ուլիլիսը, բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, մանկական “Քեռի Ստյոպա” գրքի եւ Ռուսաստանի հիմնի հեղինակ Սերգեյ Միխալկովը եւ այլոք, սակայն նրանք կարողացել են համառ ջանքերի շնորհիվ վերականգնել անկաշկանդ խոսելու ունակությունը։ Ահա թե ինչ է պատմում Ս. Միխալկովը. “Ես տասնյոթ տարեկան էի։ Մանկուց տառապելով լեզվի արատով` կակազությամբ, ես երբեք դրանից չէի ամաչում։ Ես ինքս էի ինձ վրա ծիծաղում եւ տարբեր բարդ իրադրություններում փորձում խաղարկել իմ թերությունն այնպես, որ իմ հասակակիցներից եւ ոչ մեկի մտքով չէր անցնում ինձ ծաղրել դրա համար։ Հումորի զգացումից զուրկ մարդը շատ հաճախ նեղացկոտ եւ այդ պատճառով դժբախտ է լինում։ Նա ձանձրալի է եւ ցանկացած, նույնիսկ հաջողված կատակը կարող է ընդունել որպես վիրավորանք։ Դրա փոխարեն մարդու ինքն իր վրա ծիծաղելու ընդունակությունը կյանքում անգնահատելի է”։




Օգտակար կալցիումը

Բոլորին հայտնի է, թե որքան է կալցիումն օրգանիզմին անհրաժեշտ։ Այն պետք է ոչ միայն ոսկրային հյուսվածքների ամրության, այլեւ` ատամների, լնդերի նորմալ զարգացման ու արյան մակարդման գործընթացի համար։ Կալցիումի բնական հանգստացնող հատկությունները նպաստում են սրտի կանոնավոր աշխատանքին։ Այն նաեւ նպաստում է ճարպերի քայքայմանը։ Սակայն կալցիումի ավելցուկն օրգանիզմի համար վտանգավոր է։ Դրա կողմնակի վնասակար ազդեցությունները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։ Օրինակ` հիվանդ երիկամներ ունեցող մարդկանց համար դա կարող է շատ լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ առողջ երիկամներ ունեցողների համար` փորկապություն։

Մարդուն անհրաժեշտ կալցիումի միջին քանակը.

– 1-3 տարեկան երեխայի համար` օրը 500 միլիգրամ.
– 4-8 տարեկան երեխայի համար` օրը 800 միլիգրամ.
– 9-18 տարեկանների համար` 1300 միլիգրամ.
– 19-50 տարեկանների համար` 1000 միլիգրամ.
– 51-ից բարձր տարիքի մարդկանց համար` 1200 միլիգրամ։

Ե՞րբ է կալցիումն անհրաժեշտ սովորականից ավելի։ Եթե ունեք վիտամին D-ի պակաս, լնդերի հիվանդություններ եւ չարաշահում եք շաքարը, կոֆեինն ու գազավորված հյութերը։

Ի՞նչն է խանգարում կալցիումի յուրացմանը։ Ճարպերի եւ շաքարի ավելցուկը։ Ալկոհոլը, սուրճը, ֆոսֆորն ու նատրիումը նվազեցնում են օրգանիզմում կալցիումի քանակը։

Ամենից լավ է կալցիումի պակասը լրացնել դրանով հարուստ սննդամթերքի հաշվին։ Այն շատ լավ է յուրացվում A եւ D վիտամինների համադրությամբ։ Մեկ բաժակ կաթը մոտ 300 միլիգրամ կալցիում է պարունակում։ Սուրճի սիրահարները պետք է հիշեն, որ այն օրգանիզմից հեռացնում է կալցիումը, ուստի, սուրճից ամբողջությամբ չհրաժարվելու համար, այն կարելի է խմել կաթի հետ։ Այդ դեպքում օրգանիզմում կալցիումի քանակը չի պակասի։ Երեսուն գրամ պանրի մեջ մոտ 200 միլիգրամ, իսկ 230 գրամ մրգային յոգուրտի մեջ` 345 միլիգրամ կալցիում կա։

Կալցիումով հարուստ մթերքներից են նաեւ ծովամթերքը, ձկնեղենը, հատկապես` սաղմոնն ու սարդինան, ընդեղենը (լոբի, ոսպ, սիսեռ, ոլոռ եւ այլն), ընկույզները, կանաչ բանջարեղենը եւ կաթնամթերքը։

Ի դեպ, բավարար չափով ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նպաստում է ոսկրային հյուսվածքի կողմից կալցիումի լավ յուրացմանը։ Այն չի կարող զարգանալ ու ամրանալ առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության։




Լավ դաստիարակության տասը կանոն

Գրեթե բոլորին ծանոթ իրադրություն է, երբ երեքայմա փոքրիկն ուզում է այս կամ այն խաղալիքը, քաղցրավենիքը, մի խոսքով ինչ-որ բան եւ անպայման հենց այդ պահին։ Նրա ճիչը լսվում է նույնիսկ հարեւան թաղամասում եւ աստիճանաբար տարածվում է ավելի հեռու` վերաճելով հիստերիայի։

Եթե ձեր երեխան վարքագծի հետ կապված խնդիրներ ունի, ուրեմն անհրաժեշտ է վերանայել մանկան պահանջների նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքը։ Ֆիլադելֆիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, հոգեթերապեւտ Լոուրենս Սթեյնբերգն առաջարկում է երեխայի վարքագծի շտկման նոր մեխանիզմ, որը հիմնված է շուրջ յոթ տասնամյակների ընթացքում նրա կատարած հետազոտությունների վրա։ Նրա խորհուրդների օգնությամբ կարելի է խուսափել մանկան վարքագծի հետ կապված բազմաթիվ խնդիրներից։ Վերջիվերջո, երեխաների հետ խոսելու ընթացքում ո՞րն է ձեր նպատակը։ Ցույց տալ, որ այստեղ գլխավորը դու՞ք եք։ Վախ ներշնչե՞լ, թե՞ փորձել օգնել երեխային, որ մեծանալով դառնա խելահաս, իր ուժերի վրա վստահ եւ բարոյական անձնավորություն։

Փոքրիկի դաստիարակության համար կարեւոր են այնպիսի պայմաններ, ինչպիսիք են կարեկցանքը, փոխադարձ ազնվությունը, սեփական ուժերի հանդեպ վստահության ներշնչումը, ինքնատիրապետումը, բարությունը, համագործակցությունն ու հումորը, – պնդում է Լ. Սթեյնբերգը։ Դրանք զարգացնում են մտավոր հետաքրքրքասիրությունը եւ դրական նպատակներին հասնելու ձգտումը։ Դա պաշտպանում է երեխաներին անհանգստությունից, դեպրեսիաներից, վարքի հետ կապված խնդիրներից, սննդային խանգարումներից, ինչպես նաեւ թմրանյութեր եւ ալկոհոլ կիրառելուց։

Չափազանց շատ ծնողներ իրենց գործողությունների հիմքում դնում են հույզերն ու ծնողական բնազդը։ Երեխաների նկատմամբ ծնողների վերաբերմունքը կարող է արտահայտվել հենց փոքրիկի մեջ` ներառյալ նրա պահվածքը։ Եթե ծնողները երեխայի հետ լավ հարաբերություններ չունեն, ապա նա չի լսի նրանց։ Պատկերացրեք, որ խոսում եք ոչ թե փոքր երեխայի, այլ` մեկ այլ մեծահասակի հետ։ Չէ՞ որ մենք անտեսում ենք նրանց խոսքերը, ում չենք սիրում եւ ում հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենք։

Ահա Լ. Սթեյնբերգի առաջարկած գերազանց դաստիարակության տասը կանոնները։

Այն, որը ոչ թե անում եք, այլ` ենթադրում

Սրանց մեջ շատ մեծ տարբերություն կա։ Երեխաները հետեւում են ձեզ, փորձում հասկանալ, թե ինչ եք ուզում, սակայն դուք չեք կարողանում ճիշտ օգտագործել պահը եւ ազդեցիկ լինել։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչ եք մտադիր անել, եւ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր արդյունքը։

Չի կարելի լիել չափազանց սիրող ծնող

Հոգեբանի կարծիքով երեխային հնարավոր չէ փոխել դաստիարակել չափազանց շատ սիրելով։ Մեր խոհերը հաճախ զայրույթի կամ այլ զգացմունքների հետեւանք են, երբեմն էլ սերը խորհրդանշող զանազան առարկաների ու նվերների արդյունք։

Ներգրավվեք երեխայի կյանքի մեջ

Սա շատ բարդ ու մեծ համբերություն պահանջող գործընթաց է, որի ընթացքում ծնողները հաճախ ստիպված են լինում վերադասավորել իրենց առաջնահերթություններն ու գնալ զոհողությունների` իրենց փոքրիկի հետ ոչ միայն հոգեպես, այլեւ` ֆիզիկապես մոտ լինելու համար։ Սակայն սա ամենեւին էլ չի նշանակում, որ ծնողներն իրենք պետք է երեխայի փոխարեն անեն տնային աշխատանքները, նրա փոխարեն դաս սովորեն կամ փորձեն ուղղել վատ գնահատականը։ Դպրոցում տված հանձնարարությունների հիմնական նպատակն է ստուգել, թե ինչպես է երեխան յուրացրել մատուցված նյութը, եւ, նրա փոխարեն կատարելով տնային աշխատանքը, ծնողներն ուսուցչին գցում են թյուրիմացության մեջ` թույլ չտալով պարզել փոքրիկի ունակություններն ու մշակել նրա հետ աշխատելու հետագա ձեւը։

Դաստիարակության մեթոդները հարմարեցրեք երեխայի տարիքին

Երեխան մեծանում է։ Ուշադիր եղեք, թե ինչպես են տվյալ տարիքի պահանջներն ներգործում նրա վարքագծի վրա։ Միեւնույն վեճի ժամանակ տասը եւ չորս տարեկան երեխաներն իրենց բոլորովին տարբեր ձեւով են պահում։

Անհատի անկախության ձեւավորման համար անհրաժեշտ հենց այն նույն շարժիչ ուժը, որը երեխային ստիպում է ծնողներին պատասխանել “Ոչ”, հիմնավորում է այն, որ փոքրիկը ցանկանում է ինքնուրույն մտածել ու գործել։ Մտավոր ունակությունների զարգացումը նրան դարձնում է հետաքրքրասեր եւ համառ, եւ այս պարագայում ծնողները պետք է լավ ծանրութեթեւ անեն իրենց յուրաքանչյուր քայլ եւ խոսք, որպեսզի նրա մեջ չկոտրեն ինքնուրույն լինելու ունակությունը։

Սահմանել եւ խստորեն պահպանել կանոնները

Եթե դուք չեք կառավարում ձեր փոքրիկի վարքագիծը քանի դեռ նա փոքր է, ապա հետագայում նա կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնել, երբ մեծանա եւ ինքնուրույն չկարողանա կառավարել իր գործողությունները։ Օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի դուք պետք է իմանաք հետեւյալ հարցերի պատասխանները` “Որտե՞ղ է իմ երեխան”, “Ո՞վ է հիմա նրա հետ” եւ “Ի՞նչ է անում նա հիմա”։ Ծնողներից փոխառնված կանոնները հետագայում կօգնեն նրան ձեւավորել իր սեփականը։ Սակայն հնարավոր չէ եւ պետք չէ անընդհատ կառավարել նրան։ Թույլ տվեք երեխային ինքնուրույն ընտրություն կատարել եւ միայնակ գլուխ հանել, օրինակ, դպրոցում տված հանձնարարություններից կամ առաջացած խնդիրներից։

Նպաստեք երեխայի անկախությանը

Երեխաների ինքնավարության ձգտումը նորմալ երեւույթ է, քանի որ դա մարդկային բնավորության մի մասն է, որի շնորհիվ մարդը զգում է թե՛ ինքնակառավարումը, թե՛ այլ անձի կողմից կառավարվելը։ Շատ ծնողներ սխալմամբ երեխայի անկախության ձգտումը շփոթում են անհնազանդության հետ եւ փորձում կոտրել այդ հատկության զարգացումը։ Մինչդեռ երեխայի ինքնուրույնությունը պետք է խրախուսել։

Եղեք հետեւողական

Եթե ծնողների սահմանած կանոններն անընդհատ փոխվում են, եւ նրանք իրենք էլ խստորեն դրանք չեն պահպանում, ապա երեխայի սխալները համարվում են ծնողներինը։ Կարգապահության ամենակարեւոր պայմանը հետեւողականությունն է։ Հակառակ դեպքում երեխաները շփոթության մեջ են ընկնում։ Ծնողական իշխանությունը պետք է հիմնվի խելամտության, այլ ոչ թե ուժի կամ հեղինակության վրա։ Այդ ժամանակ երեխան ծնողներին չի հակառակվի։

Խուսափեք չափազանց խիստ կարգապահությունից

Այն երեխաները, որոնց ծնողները դնում են խիստ շրջանակների մեջ, հաճախ են պատժում կամ նախատում, դառնում են ագրեսիվ եւ առավել հակված են հասակակիցների հետ տարբեր խնդիրներ ունենալուն։ Կարգապահության համար կարելի է, օրինակ, դնել ժամանակի սահմանափակումներ։

Եղեք մատչելի բացատրությունների մեջ

Լավ ծնողներն իրենց երեխայից որոշակի սպասելիքներ ունեն եւ ցանկանում են, որ նա անպայման համապատասխանի դրանց։ Ծնողները հաճախ չափազանց շատ բան են սպասում փոքրիկներից եւ այնքան էլ չեն վստահում դեռահասների ուժերին։ Հիշեք, որ այն, ինչ ձեզ համար ակնհայտ է, երեխաների համար կարող է բոլորովին անհասկանալի լինել, քանի որ նրանք առայժմ չունեն ձեր կյանքի փորձն ու դիտողականությունը։

Երեխայի հետ հարգալից վարվեք

Երեխայի հարգանքը վաստակելու լավագույն միջոցը նրա հետ նույն կերպ վարվելն է։ Նրա նկատմամբ անհրաժեշտ է նույնքան քաղաքավարի եւ ուշադիր լինել, որքան մյուսների։ Չէ՞ որ մեծահասակները հաճախ զգալի ջանքեր ու եռանդ են ծախսում հարազատների կամ գործընկերների հետ լավ հարաբերություններ հաստատելու համար եւ սխալմամբ կարծում, որ իրենց սեփական երեխաների հետ ամեն ինչ ինքնստինքյան կլինի։




Ինչպես պատմել փոքրիկին Աստծո մասին

“Որտեղ եմ ես եղել, մինչ ծնվելը”, “Իսկ ուր ենք գնում մահանալուց հետո”,  “Աստված  բարի է, թե չար”… Պատասխանելով  մեր երեխային անընդհատ հետաքրքրող նմանատիպ հարցերին` մենք օգնում ենք  նրան  գտնել իր կյանքի իմաստը  եւ նպաստում ենք տագնապի նվազեցմանը։

Այսօր մենք ապրում ենք այնպիսի միջավայրում, որտեղ կրոնը արդեն չունի այն ուժը եւ դերը մարդու կյանքում, որն այն ուներ մեր նախնիների համար։ Եթե առաջ մարդիկ աստվածասեր ու աստվածապաշտ էին, պարտադիր եկեղեցի էին գնում, ապա այսօրվա մարդը հաճախ նշանակություն չի տալիս Աստծո գաղափարին։ Եվ  խնդիրն էլ  հենց այն  է, որ մենք պատրաստ չենք մեր երեխաների հետ խոսել այդ թեմայով։

Շատ ծնողներ, բախվելով նմանատիպ խնդիրների, փորձում են խուսափել այս դժվարին հարցերին պատասխանելուց։ Սակայն, շարունակելով խուսափել այդ հարցերից, մենք զրկում ենք մեր երեխաներին  հոգեւոր ու մշակութային փորձ ձեռք բերելու հնարավորությունից եւ հող ստեղծում զանազան աղավաղված ինֆորմացիայի հավատալու համար։

Երբ երեխան իմանում է, որ գոյություն ունեն տարբեր կրոններ, որոնց կրողները կարող են խաղաղ գոյատեւել կողք կողքի, նրա անհատականությունն առավել ներդաշնակ ու ամբողջական է լինում։ Մշակույթում կրոնն իր դրոշմն է թողնում ամեն ինչ վրա` երաժշտության, գրականության, պատմության։ Եթե երեխան կրոնի մասին պատեկրացում չունի, ապա նա չի կարող խորապես հասկանալ ու ընկալել նաեւ մշակույթը։

Եթե  երեխան կրոնասեր ընտանիքում է մեծանում, ապա դա չի նշանակում, որ  հավատքի հետ կապված բոլոր հարցերը մեխանիկորեն լուծվում են։ Շատ հեշտությամբ ծնողներն Աստծուն կարող են ներկայացնել որպես ոստիկան, ումից երեխան պետք է վախենա։ Դրանից խուսափելու համար, պետք է անպայման երեխային ասել, որ Արարիչը մեծ սեր է տածում մարդկանց հաբդեպ  եւ շատ  համբերատար է։

Երեխայի վրա բացասական ազդեցություն կարող է թողնել  այն, որ ծնողը պարտադրում է, ստիպում է  երեխային հավատալ կամ չհավատալ Աստծուն։ Պատմեք երեխային, թե դուք ում եք  հավատում, եւ բացատրեք, թե ձեզ ինչ է տալիս այդ հավատքը կյանքում։ Եթե դուք չգիտեք երեխայի կողմից տրվող հարցերի պատասխանները, անկեղծորեն ասացեք երեխային այդ մասին, այլ ոչ թե ստեք, կամ փոխեք թեման, քանի որ երեխաները շատ լավ զգում են, թե երբ է իրենց ծնողը անկեղծ։ Եթե չգիտեք որեւէ  հարցի պատասխան, առաջարկեք նրան այդ մասին  նայել գրքում եւ միասին քննարկել։ Դրանով դուք կբավարարեք ինչպես երեխայի հարցասիրությունը, այնպես էլ  կամրապնդեք ձեր եւ փոքրիկի կապը։ Երեխան կսկսի ավել շատ վստահել ձեզ։

Ծնողը պետք է վստահեցնի երեխային, որ չկան լավ կամ վատ կրոններ, որ այս  կամ այն կրոնի ընտրությունը պայմանավորված է մարդու աշխարհայացքով եւ ընտանեկան ավանդույթներով, այլ ոչ թե` մարդու թերություններով։

Պետք է անպայման հաշվի առնել երեխայի տարիքային առանձնահատկությունները, քանի որ տարբեր տարիքների երեխայի մոտ ընկալման մակարդակը տարբեր է։

–    4—5 տարեկան Այս տարիքում երեխան շատ զգայուն է արձագանքում առեղծվածային երեւույթներին։  Նա շատ հեշտությամբ է հասկանում ու ընկալում  Աստծո գոյության գաղափարը, քանի որ նրա գոյությունը երեխային անվտանգության զգացողությամբ է ապահովում։ Երեխային հետաքրքրում է, թե ով է Աստված, եւ նրա գոյությունն  ինչ է նշանակում իր համար։

–    5—7 տարեկան  Այս տարիքում երեխային հետաքրքրում են ավելի  բարդ հարցեր
“Երբ ես մահանամ, ուր եմ գնալու”, “Ինչ է հոգին” եւ այլն։ Երեխան արդեն ընդունակ է ոչ միայն հավատալ ոչ շոշափելի ու անտեսանելի եր–ույթներին, այլեւ  ընդունակ է նրանց պատկերացնել։

–    7—11 տարեկան  Այս տարիքում երեխան ընդունակ է հասկանալ կրոնական նորմերի եւ ծիսակատարությունների իմաստը, բովանդակությունը։ Նա արդեն կարողանում է ընկալել, որ “Մի սպանիր”  պատգամը  տարբերվում է  մայրիկի` “կռվել չի կարելի”  նկատողությունից։

–    12—15 տարեկան  Երեխայի ճանաչողական ընկալումը զարգանում է մեծին բնորոշ ընկալմանը համապատասխան։ Դեռահասը սկսում է հասկանալ հոգեւորի իմաստը, որը յուրաքանչյուր կրոնի հիմքն է։

Խոսելով երեխայի հետ նմանատիպ երեւույթների մասին` շատ կար–որ է նաեւ հաշվի առնել երեխայի անհատական առանձնահատկությունները։ Առաջին հերթին պետք է այս ամեն ասվի նրա համար շատ մատչելի լեզվով։ Օր.  “Աստված նա է, ով միշտ մեզ սիրում է անկախ ամեն ինչից, այդ իսկ պատճառով մենք էլ ենք նրան սիրում։ Աստծուն տեսնել մենք չենք կարող, սակայն, օրինակ, քամին էլ չենք տեսնում, այլ միայն զգում ենք, Աստծու գոյությունն էլ մեք պետք է զգանք։ Արարիչը հոգ է տանում մեր մասին, նա տխրում է եւ ուրախանում է մեզ հետ”։

Երեխաները  հաճախ հարցնում են, թե ինչու է տարբեր ազգերի մոտ Աստվածը տարբեր։ Պետք է նրան ասել, որ Աստված մեկն է, ուղղակի նրան հասկանում  ու մեկնաբանում են տարբեր ձեւերով։ Շատ կարեւոր է, որ ձեր  խոսքը հնչի շատ ներշնչող, որ փոքրիկը վստահի դրան։ Շատ կարեւոր է այնպիսի ժամանակ ընտրել, որ խոսակցության ժամանակ երեխային ոչինչ չշեղի։ Կարեւոր է  նաեւ չմերժել երեխային, եթե նրան որեւէ հարց է անհանգստացնում  ու դուք  պատրաստ չեք այդ թեմայով զրուցել, ասացեք, որ հիմա չեք կարող այդ մասին խոսել, դրան կանրադառնաք մի քիչ ուշ։ Եվ անպայման արեք դա, մի հետաձգեք անորոշ ժամանակով

Հիշեք, որ երեխաներն ընդունակ են ամեն ինչ հասկանալ, եթե նյութը ներկայացվում է նրանց տարիքին համապատասխան լեզվով, ճիշտ վայրում եւ ճիշտ ժամանակին։