Եթե հայտնվել եք ամբոխի մեջ

Երևի ոմանք լսել են, այսպես ասած, <<ամբոխի երևույթի>> մասին, որը բնորոշվում է մեծաքանակ խմբում գտնվող մարդկանց մտքերի և զգացմունքների <<միաձուլմամբ>>: Այնտեղ յուրաքանչյուր մարդ դադարում է անհատ լինելուց և սկսում է գործել իրեն շրջապատողների ոգով: Նրան ավելի հեշտ է որևէ բան թելադրել կամ ներշնչել: Նա դադարում է կառավարել իր հույզերն ու իր գործողությունները: Այսպես, ուրեմն, հիշեք, որ փոքրիկ երեխան ամբոխի մեջ անելու ոչ մի գործ չունի: Եթե երեխան ձեզ հետ է, ապա աշխատեք շրջանցել փողոցի այդ հատվածը (եթե նույնիսկ ձեզ չափազանց հետաքրքիր է, թե ինչու է այդտեղ այդքան մարդ հավաքվել):

Եթե մարդիկ կուտակվել են հենց ձեր ճանապարհին, ապա աշխատեք շրջանցել ամբոխը եզրերից, որտեղ ավելի քիչ մարդ կա:

Եթե այնուամենայնիվ, հայտնվում եք ամբոխի մեջ, ապա փորձեք հետևել այս խորհուրդներին.

-մի վրդովվեք և ագրեսիվություն մի ցուցաբերեք. չէ՞ որ դուք այդտեղ պատահաբար եք հայտնվել և բոլորովին կարիք չկա ձեզ անծանոթ խնդրի շուրջ կարծիքն արտահայտելու: Այն կարող է ամբոխի մեծամասնության կարծիքին հակադրվել, ինչ բոլորովին էլ ձեռնտու չէ ձեզ: Ընդհակառակը` ավելի լավ կլինի ձևացնել, որ դուք համամիտ եք նրանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք նույնիսկ որոշ լոզունգներ կամ դրոշներ վերցնել ձեր ձեռքը, բայց ամենակարևորը՝ այդ ամբողջ ընթացքում փորձեք հանգիստ և անշտապ կերպով դուրս գալ ամբոխի միջից.

-եթե ամբոխը շարժվում է, ապա դուք ևս ստիպված պետք է շարժվեք նրա հետ՝ անպայման պահպանելով հավասարակշռությունը, քանի որ ընկնելու դեպքում ձեզ կարող են լուրջ վնասվածքներ պատճառել: Կարգի բերեք հագուստը, կոճկեք բոլոր կոճակներն ու շղթաները, որպեսզի պատահաբար որևէ տեղից չկառչեք: Ձեզ մոտ գտնվող բոլոր իրերն (պայուսակ, գրքեր և այլն) ամուր սեղմեք իրանին: Եթե շարժվելը դժվարանում է, ավելի լավ է դրանցից ազատվեք, քանի որ դրանց համար պայքարելիս կարող եք լուրջ վտանգի ենթարկվել: Լարեք ուսագլուխները և ձեռքերը բռունքցներ արած սեղմեք մարմնին: Դա կօգնի ոչ միայն պաշտպանվել հրմշտոցներից, այլև կնվազեցնի կողոսկրերը կոտրելու հավանականությունը:

– եթե ամբոխն անշարժ է, ապա աշխատեք ձեր երկու հարևանների հետ այնպես կանգնել, որ ուսերն իրար միացնելով եռանկյունի կազմեք: Այդպիսով շնչելու համար կրծքավանդակն ավելի ազատ կլինի.

– եթե հանկարծ ընկնեք, ապա պետք չէ խուճապի մատնվել: Բղավելն ու օգնություն խնդրելը նույնպես անիմաստ է ու անօգուտ: Փորձեք կտրուկ ցատկով բարձրանալ տեղից: Եթե չստացվի, աշխատեք շրջվել ու ոտքը մեկնել առաջ, ամբոխի շարժման ուղղությամբ, և ամբոխն ինքը ձեզ ոտքի կկանգնեցնի: Եթե դա էլ չօգնի, ուրեմն կծկվեք, ծնկները սեղմեք փորին, իսկ ձեռքերով պահեք գլուխը:

– եթե ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործվել, ապա քիթն ու բերանը թաշկինակով փակեք և շնչեք դրա միջով: Դեմքն ու աչքերը մի տրորեք:

– ամբոխից դուրս գալուց հետո դեմքը լվացեք սառը ջրով.

– եթե մարդիկ սկսում են վազել, աշխատեք դուրս գալ նրանց ճանապարհից և սեղմվել պատին: Պետք չէ կտրուկ շարժումներ անել:




Անվտանգությունը հրդեհի ժամանակ

Կարդալով այս հոդվածը՝ դու ձեռք կբերես անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես հրդեհները կանխելու, այնպես էլ հրդեհ առաջանալու դեպքում իրավիճակը գնահատելու և ճիշտ գործելու համար:

Ինչպես գիտենք, այրման համար նույն տեղում և նույն պահին պետք է լինեն՝

  •  այրվող նյութ
  •  օդ (թթվածին)
  •  կայծ կամ կրակ

Այս երեքից որևէ մեկի բացակայությունն անհնար է դարձնում այրումը կամ էլ բերում է արդեն այրվող նյութի (կրակի մարմանը):

Այրվող նյութեր հանդիպում են ամենուր և դրանք կարող են լինել գազային, հեղուկ կամ պինդ վիճակում (օրինակ՝ գազ, բենզին, փայտ): Այրումը կարող է ընթանալ դանդաղ կամ պայթյունի ձևով: Այրման ժամանակ ջերմություն է անջատվում և ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 1000-12000 C:

Հրդեհը չվերահսկվող այրումն է, որն ուղեկցվում է նյութական արժեքների ոչնչացումով և մարդկանց կյանքի ու առողջության համար վտանգ է առաջացնում:

Հիշենք այս ասացվածքը՝ «Առաջին րոպեին հրդեհը կարելի է մարել մի բաժակ ջրով, երկրորդ րոպեին՝ մի դույլ ջրով, երրորդ րոպեին՝ հրշեջ մեքենայով»:

Հրդեհները շատ վտանգավոր են, հրդեհի ժամանակ այրվում են իրերը, բնակարանը և նույնիսկ ամբողջ շենքը (տունը): Բայց ամենասարսափելին այն է, որ հրդեհի ժամանակ կարող են զոհվել մարդիկ: Այդ է պատճառը, որ միշտ պետք է հիշել հակահրդեհային անվտանգության հետևյալ կանոնները՝

  •  չի՛ կարելի խաղալ լուցկիներով կամ կրակվառիչներով,
  •  առանց մեծահասակների մի՛ մոտեցիր վառարանին և մի՛ բացիր դռնակը: Դուրս թռչող կրակներից կամ մոխրից կարող է հրդեհվել բնակարանը,
  •  չի՛ կարելի օգտագործել ինքնաշեն էլեկտրասարքավորումներ,
  •  մեկ վարդակից (ՐՏջպՑՍՈ) չի՛ կարելի միացնել մի քանի էլեկտրասարքավորում,
  •  տնից կամ սենյակից դուրս գալիս մի՛ մոռացեք անջատել էլեկտրասարքավորումները (հատկապես արդուկը, հեռուստացույցը, տաքացուցիչները),
  •  տոնածառից մի՛ կախիր էլեկտրական զարդեր և լույսեր, նաև հիշի՛ր, որ բամբակյա մորուքներն ու թղթե թիկնոցները հեշտ են բռնկվում,
  •  երբեք տանը մի՛ վառիր բենգալյան կրակներ և հրավառելիք (և ընդհանրապես, ավելի լավ է դա անել միայն մեծահասակների ներկայությամբ),
  •  բենզինով լցված մետաղյա տարողությունն ավելի անվտանգ է, քան բենզինից դատարկված տարողությունը, քանի որ դրա ներսում կարող են կուտակվել բենզինի պայթունավտանգ գոլորշիներ՝ օդի հետ խառնված վիճակում,
  •  չի՛ կարելի կրակի մեջ գցել անծանոթ առարկաներ, մասնավորապես՝ աէրոզոլային տուփեր, քանի որ դրանք ևս պայթունավտանգ են,
  •  երբ տանը կա կրակմարիչ, ապա անպայման ծանոթացի՛ր դրա օգտագործման կանոններին: Հիշի՛ր, որ մեկ կրակմարիչը փոխարինում է լոգարանի մեկ վաննա ջրին,
  •  կրակմարիչները լինում են՝ փրփրային, ածխաթթվային և փոշե:

Ածխաթթվային կրակմարիչներով կարելի է մարել բոլոր տեսակի այրվող նյութերը, նույնիսկ լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումները: Իմիջիայլոց՝ լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումները չի՛ կարելի մարել ջրով կամ փրփուրային կրակմարիչներով, քանի որ կարող եք հոսանքահարվել: Նախ պետք է անջատել հոսանքից, այնուհետև՝ մարել:

Մի՛ չորացրու լվացքն էլեկտրասալիկի վերևում: Շատ լավ է, որ դու մայրիկին օգնում ես, բայց վատ կլինի, եթե այն բռնկվի և հրդեհի պատճառ դառնա:

Եթե տանը հրդեհ է բռնկվել

Եթե հրդեհով բռնկված սենյակի (բնակարանի) դուռը դրսից բացեք, ապա կրակը կհարվածի ձեզ դեմ-դիմաց: Ուստի դուռը պետք է բացել դանդաղ և անպայման կանգնել դռան կողքը:

Եթե մուտքում (աստիճանահարթակում) հրդեհ է, և դուք բացում եք ձեր բնակարանի դուռը, ապա ձեր բնակարանը վերածվում է մի հսկա ծխնելույզի և եթե ծուխն անցնի բնակարանի միջով, ապա բնակարանում այլևս ապրել չի լինի, մինչև այն հիմնովին չվերանորոգվի:

Եթե տանը բռնկած հրդեհը մեծ չէ, կարելի է փորձել անմիջապես մարել այն կրակի վրա գցելով պինդ կտոր, ծածկոց կամ վերարկու:

Հիշի՛ր, այրվող բենզինը կամ նավթը չի՛ կարելի մարել ջրով, քանի որ բենզինը ջրից թեթև է, ջուրը իջնում է հատակը և կրակը մարելու հատկությունը կորցնում: Նույն պատճառով, եթե ճաշ պատրաստելիս այրվում է թավայի միջի յուղը, ապա ջուր չի՛ կարելի լցնել, այլ պետք է թավան ծածկել թաց սրբիչով:

Եթե կրակն անմիջապես չի մարում, անհապաղ տանից դուրս վազիր դեպի անվտանգ վայր և միայն այդ ժամանակ ահազանգիր հրշեջ պահպանությանը1-01 հեռախոսահամարով (կամ հարևանին խնդրիր ահազանգել):

Դուրս վազելիս անպայման պետք է փակել այն սենյակի դուռը, որտեղ հրդեհ է բռնկել: Փակելով դուռը հնարավոր է ոչ միայն կանխել ծխի տարածումը, այլև երբեմն մարել կրակը, քանի որ թթվածնի մուտքը փակվում է (եթե իհարկե սենյակի պատուհանները փակ են):

Եթե սենյակում հրդեհ է, չի՛ կարելի կոտրել պատուհանների ապակիները, այլապես սենյակ մուտք կգործի թարմ օդ (թթվածին), որից կրակն ավելի կուժեղանա:

Եթե հրդեհը տարածվել է նաև շքամուտքում, ապա երբեք մի՛ նստիր վերելակ: Այն կարող է անջատվել և դու կխեղդվես, քանի որ ծուխը նախ և առաջ կուտակվում է վերելակի հորանում:

Եթե ապրում եք վերին հարկերում, մի՛ փորձիր դուրս գալ: Անցնելով 2-3 հարկ՝ դու կարող ես թունավորվել այրումից առաջացած թունավոր ծխով: Ուստի մնա տանը, փակիր բոլոր դռները և փեղկերը թաց շորերով: Անմիջապես ահազանգիր 1-01 և հրշեջներին հայտնիր քո բնակարանի ճշգրիտ հասցեն: Պատուհանից օգնության կանչիր հարևաններին և անցորդներին: Այնուհետև փակիր պատուհանները և իջեցրու վարագույրները: Հատակը և դռները թրջիր ջրով: Գազը և էլեկտրականությունն անջատիր անմիջապես:

Հրդեհի ժամանակ ծուխն ավելի վտանգավոր է, քան կրակը: Մարդկանց մեծ մասը ծխից է խեղդվում (հատկապես վտանգավոր է պլաստմասաների այրումից առաջացող թունավոր ծուխը): եթե զգում ես, որ շնչահեղձ ես լինում, ապա կքանստած կամ սողալով (չորեքթաթ) շարժվիր դեպի ելքը, քանի որ ներքևում ծուխը քիչ է: Ուժեղ ծխի դեպքում պետք է շնչել թրջած կտորի միջով:

Հիշիր, մի քանի անգամ ծուխը ներշնչելուց հետո մարդը կարող է կորցնել գիտակցությունը: Ինչպե՞ս մարել մարդու վրայի այվող հագուստը: Պետք է հիշել հետևյալ օրենքը. «Կանգնի՛ր, ընկի՛ր, գլորվի՛ր»: Վառվող մարդուն պետք է կանգնեցնել, գցել գետնին և գլորել, այդպես մարելով կրակը: Կարելի է նաև փաթաթել ծածկոցով կամ խիտ գործվածքով կտորով:

Երբ փակ սենյակում ինքդ քեզ ես օգնում այս ձևերով, պետք է զգուշանաս նաև թունավոր գազից ծխախեղդ լինելուց:

Եթե հաղորդման ժամանակ հեռուստացույցից ծուխ է դուրս գալիս և այն բոցավառվում է, ապա անհապաղ պետք է անջատել այն հոսանքի աղբյուրից, օգնություն կանչել, վրան գցել որևէ ծածկոց, և ջուր լցնել վերևից: Ընդ որում մարելու ողջ ընթացքում պետք է կանգնել էկրանից հեռու՝ հեռուստացույցի կողքը, քանի որ էկրանը կարող է պայթել:

Շատ վտանգավոր է նաև մարմանդ, հանդարտ կրակը: Օրինակ՝ երբ չհանգցրած ծխախոտի մնացորդը ընկնում է ծածկոցին կամ բարձին, կամ էլ մխում է պլաստմասսայե աղբամանում, ապա մարմանդ հրդեհի ծխի պատճառով մեկ ժամում կարող են զոհվել ընտանիքի բոլոր անդամները:

Հրդեհի ժամանակ չի կարելի թաքնվել վարագույրների հետևում, պահարաններում, սեղանների և մահճակալների տակ: Իսկ եթե թաքնվել ես, ապա անպայման պետք է արձագանքել (պատասխանել), երբ հրշեջները կամ փրկարարները քեզ կանչում են:

Սպասելով հրշեջների գալուն՝ խուճապի մի՛ մատնվիր և մի՛ ցատկիր պատուհանից դուրս: Հիշիր՛ քեզ անպայման կփրկեն:

Երբ հրշեջները կժամանեն, լսիր նրանց և մի՛ վախեցիր: Նրանք շատ լավ գիտեն, թե ինչպես քեզ փրկեն:




Երեխայի անվտանգությունը տոն օրերին

Տոնական միջոցառումները մանկության ամենապայծառ հիշողություններից են։ Դրանք կապված են ոչ միայն ստացված նվերների, այլեւ շուրջը տիրող ընդհանուր տոնական մթնոլորտի, բացօդյա համերգների ու զբոսանքների հետ։ Երբեմն ծնողները խուսափում են դրանցից՝ վախենալով կորցնել երեխային որեւէ մարդաշատ վայրում։

Ինչպես անել, որ ամբոխի մեջ միմյանց որոնումները, ծնողների անհանգստությունն եւ երեխայի գլխին թափվող նախատինքները չմթագնեն ուրախ տրամադրությունը։ Փորձենք հիշել, թե սովորաբար ինչից են սկսվում գրեթե բոլոր տոների նախապատրաստական աշխատանքները։ Իհարկե, խանութ կամ տոնավաճառ արշավներից, որոնց հիմնական նպատակը նոր հագուստ կան կոշիկներ գնելն է։

Երեխայի համար զգեստ ընտրելիս աշխատեք, որ այն լինի վառ, աչք ծակող գույնի, որպեսզի փոքրիկի հեռանալու դեպքում կարողանաք հեշտությամբ գտնել նրան ամբոխի մեջ։ Բաճկոնի ներսի կողմից կարող եք ամրացնել երեխայի անուն-ազգանունով, ձեր հեռախոսահամարով եւ առողջության հետ կապված կարեւոր տվյալներով (ալերգիա, հակացուցված դեղեր, հիվանդություններ եւ այլն) փոքրիկ թղթի կտոր այնպես, որ բաճկոնն արձակելիս այն անմիջապես նկատվի։ Տանից դուրս գալուց առաջ երեխային լուսանկարեք այն հագուստով, որով գնալու եք զբոսնելու։ Աշխատեք, որ լուսանկարներում փոքրիկը երեւա ամբողջ հասակով, դեմքի տարբեր արտահայտություններով՝ ժպտացող, մռայլ եւ այլն։ Եթե նա որեւէ առանձնահատուկ արտաքին նշան ունի, այն եւս առանձին լուսանկարեք։ Լավ կլինի, որ դուք օգտվեք անմիջապես նկարը երեւակող լուսանկարչական սարքից, որպեսզի նկարը վերցնեք ձեզ հետ եւ երեխայի կորելու դեպքում այն ցույց տաք շրջապատի մարդկանց։ Եթե այդպիսին չկա, կարող եք վերցնել նրա վերջին լուսանկարներից։ Նշենք, որ ընդհանրապես ցանկալի է երեխային լուսանկարել ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ։

Հագցնելով երեխային եւս մեկ անգամ ուշադիր զննեք նրան՝ լավ հավաքվա՞ծ են շարֆի կամ գլխաշորի ծայրերը եւ կոշիկների քուղերը, որպեսզի նա հանկարծ չընկնի եւ չվնասի իրեն։ Հասնելով խանութ կամ զբոսանքի վայր՝ նախապես երեխայի հետ պայմանավորվեք, թե միմյանց կորցնելու դեպքում որտեղ եք հանդիպելու։ Ընտրեք հեշտ նկատելի վայր՝ որեւէ արձանի, յուրահատուկ շենքի, խանութի մուտքի կամ գունագեղ ցուցանակներից մեկի մոտ։ Լավագույն տարբերակն այն է, որ երեխան կարողանա ցանկացած կետից տեսնել այդ վայրը։

Ամբոխի հետ ձուլվելով՝ բռնեք երեխայի ձեռքից եւ խնդրեք նրան անել նույնը։ Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ նա բռնի հագուստի թեւքից, փեշից կամ պայուսակից, քանի որ այդպես դուք չեք նկատի նրա հեռանալը։ Թույլ մի տվեք, որ նա միայնակ առաջանա դեպի համերգի բեմահարթակը կամ խանութի ցուցափեղկի մոտ։ Գնացեք նրա հետ։ Եթե խանութում մարդիկ հրմշտում են իրար, ապա երեխային պահեք ձեր առջեւում, որպեսզի նա միշտ լինի ձեր տեսադաշտում։

Եթե երեխան կորել է, ապա ձեր շուրջը նրան ուշադիր փնտրել-չգտնելուց հետո գնացեք հանդիպման պայմանավորված վայրը եւ սպասեք նրան այնտեղ։ Նույնը պետք է անի նաեւ երեխան։ Եթե որեւէ մեկն առաջարկի նրան շրջել խանութում կամ գրկել-բարձրացնել, որպեսզի նա ավելի լավ տեսի շրջապատը, փոքրիկը պետք է հրաժարվի։ Եթե ծնողները երկուսով են, ապա մեկը պետք է սպասի պայմանավորված վայրում, իսկ մյուսը կարող է խնդրել միջոցառման կազմակերպիչներին կամ խանութի տնօրինությանը, որ ռադիոկապով կամ բարձրախոսով հայտնեն երեխայի կորելու մասին`չմոռանալով ճանապարհին շրջապատի մարդկանց ցույց տալ երեխայի լուսանկարը։

Եթե փնտրելիս նկատում եք փոքրիկին հեռվում, ապա մի բղավեք։ Նա դժվար թե լսի ձեր ձայնն ընդհանուր աղմուկի մեջ, իսկ եթե լսի, ապա կարող է շփոթվել եւ կորցնել իր ուղենիշը։ Նրան կարող են տանել բոլորովին այլ ուղղությամբ, այնպես, որ դուք կարող եք կորցնել նրան ձեր տեսադաշտից։ Այդ պատճառով երեխային տեսնելիս աշխատեք նրան աչքի առաջ պահելով արագ-արագ մոտենալ։

Գտնելով երեխային ասացեք, որ դուք շատ էիք անհանգստանում, կարծում էիք, որ այլեւս նրան չեք տեսնի եւ հիմա շատ երջանիկ եք, որ գտել եք նրան։ Ձեր խոսքերը կօգնեն փոքրիկին դուրս գալ հուզական սթրեսից։ Չէ՞ որ նա հայտնվել էր արտակարգ իրավիճակում, եւ եթե տեղն ու տեղը սկսեք նրա գլխին քարոզ կարդալ եւ նախատել, դժվար թե նա որեւէ դաս քաղի պատահածից եւ, բացի այդ, նրա մեջ վախ կմնա, որ ինքը կրկին կարող է հայտնվել նման իրավիճակում։

Եթե նույնիսկ երեխան միանգամից չի գտել ձեր ժամադրավայրը, գովեք նրան եւ ասացեք, որ անհրաժեշտ է ավելի զգույշ եւ ուշադիր լինել։ Հարցրեք, թե ինչը խանգարեց նրան արագ գտնել հանդիպման վայրը, պարզեք որոնք էին նրա սխալները եւ բացատրեք, թե ինչ էր անհրաժեշտ անել։ Մտածեք, միգուցե՞դուք էիք հանդիպման համար անհաջող վայր ընտրել, եւ երեխան չի կարողացել այն անմիջապես գտնել։

Հարց է ծագում, թե այս պարագայում որքանո՞վ է օգտակար երեխայի հագուստին նրա անձնական տեղեկություններով թերթիկ փակցնելը։ Հնարավոր է, որ որեւէ վթարի կամ վնասվածքներ ստանալու դեպքում երեխան չկարողանա խոսել, եւ այդ թերթիկը կարող է օգնություն ցույց տվողներին կամ բժիշկներին կարեւոր տեղեկություններ հաղորդել նրա մասին (օրինակ` այն դեղերը, որոնք հակացուցված են փոքրիկին)։

Հետեւելով այս խորհուրդներին` դուք կարող եք խուսափել տհաճ ապրումներից եւ պահպանել ձեր երեխայի անվտանգությունը։




Երեխան ավտոմեքենայում

Վաղուց արդեն ավտոմեքենան ե՛ւ փոխադրամիջոց է, ե՛ւ շքեղություն։ Շատերն են այն գերադասում ուղեւորներով ծանրաբեռնված եւ նյարդային վարորդ ունեցող հասարակական տրանսպորտից, մասնավորապես` երթուղային տաքսիներից։ Հաճախ ավտոմեքենան վերածվում է երկրորդ տան նման մի բան։ Քաղաքից դուրս մեկնելիս կարելի է դրա մեջ քնել, հեռուստացույց նայել, երաժշտություն լսել, զանազան իրեր պահել, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես այնտեղ թողնել անեւ երեխային։ Սակայն պետք է չէ մոռանալ, որ ավտոմեքենան բնակարան չէ, որտեղ երեխան համեմատաբար անվտանգ է։ Այստեղ փոքրիկն առավել հեշտությամբ կարող է գրավել հանցագործների ուշադրությունը։ Օրինակէ շուկա գնալիս շատ ծնողներ սովորաբար երեխային միայնակ թողնում են ավտոմեքենայի մեջ` միամտաբար կարծելով, թե այդ 5-10 րոպեում նրա հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Արդյո՞ք դա այդպես է։ Չէ՞ որ ավտոմեքենայում գտնվող փոքրիկը կարող է արգելք դառնալ մեքենան առեւանգել ցանկացող հանցագործների համար։ Նրան կարող են պարզապես դուրս քաշել ավտոմեքենայից, վնասվածքներ հասցնել կամ, ուղղակի, սպանել։ Նման դեպքերում նույնիսկ թեթեւ վնասվածքը կարող է լուրջ, երեխայի համար ճակատագրական հետեւանքներ ունենալ։ Պետք չէ մտածել. որ եթե փոքրիկն ավտոմեքենայի մեջ քնել է, ապա կարելի է նրան ծածկել ու հանգիստ խղճով հեռանալ։ Արթնանալով` նա կարող է մաինգամից գլխի չընկնել, թե որտեղ է ինքը կամ ուր են գնացել ծնողները։ Քնած երեխային կարող են չնկատել նաեւ ավտոմեքենան կամ դրա միջի մագնիտոֆոնը գողանալ ցանկացող հանցագործները, որոնք կարող են ոչ միայն վախեցնել փոքրիկին, այլեւ` լրջորեն վնասել։ Մտածեք` արժե՞ արդյոք վտանգի ենթարկել երեխայի կյանքը։ Շատ ծնողներ կարող են հակադրվել` ասելով, թե փոքրիկին ավտոմեքենայի մեջ թողնելիս դռները կողպում են կամ երեխային են խնդրում փակել եւ բացել միայն իրենց վերադարձից հետո։ Դա եւս վտանգավոր է, քանի որ հանցագործների մեծամասնության համար ավտոմեքենայի դռները բացելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Բացի այդ, օրինակ, մթության մեջ փոքրիկը կարող է գողերին շփոթել ծնողներից մեկի հետ եւ ինքնուրույն բացել դուռը։ Այսպիսով երբեք փոքրիկին միայնակ մի թողեք ավտոմեքենայի մեջ, նույնիսկ եթե մի քանի վայրկյանով դուրս եք գալիս ծխախոտ գնելու։ Անպայման վերցրեք նրան ձեզ հետ եւ ուշադիր կողպեք ավտոմեքենայի դռները։

Հաճախ է պատահում նաեւ հետեւյալ սխալը։Ավտոմեքենան ճանապարհին փչանում է, իսկ դուք չեք կարող այն տեղում վերանորոգել, ասենք`  մթության կամ անհրաժեշտ պահեստամասը չունենալու պատճառով։ Այս դեպքում չիշտ կլինի մեքենան հրել ճանապարհի եզրը, դռներն ամուր կողպել եւ ուղեւորվել մոտակա ավտոսպասարկման կետը կամ բնակավայրը (եթե գտնվում եք քաղաքից դուրս)։ Ոչ մի դեպքում չի կարելի կնոջն ու երեխային թողնել մեքենայի մեջ եւ միայնակ գնալ օգնության հետեւից, հատկապես, եթե արդեն գիշեր է։ Ճանապարհին կարող է հայտնվել մի մեքենա, որի վարորդը գտնվում է ոգելից խմիչքի ազդեցության տակ կամ այլ չարամիտներ, որոնց համար ձեր կինն եւ երեխան կարող է շատ հեշտ որս դառնալ։ Մի անհանգստացեք ավտոմեքենան թողնելու համար։ Այն չեն կարող գողանալ, որոհետեւ ավտոմեքենան սարքին չէ։ Ապահովության համար կարելի միջի թանկարժեք իրերը կամ մագնիտոֆոնը հանել, որպեսզի դրանք չգրավեն հանցագործների ուշադրությունը։

Եթե ավտոմեքենան խափանվել է ճանապարհի կեսին, նրա մեջ օտար ուղեւորներ կան, եւ դուք փորձում եք ինքնուրույն այն վերանորոգել, ապա աշխատեք այնպես անել, որ մետաղական, վտանգավոր գործիքները չընկնեն օտար մարդկանց ձեռքը։ Դրանք կարող են օգտագործվել ձեր դեմ։

Երեխան արդեն չափահաս է դարձել, ունի վարորդական իրավունք եւ ցանկանում է ժամանակ առ ժամանակ օգտվել հայրիկի ավտոմեքենայից կամ իր համար գնել նորը։ Երեխային վստահելով ավտոմեքենան` խոսեք նրա հետ անվտանգության կանոնների մասին։ Օրինակէ չի կարելի որպես ուղեւոր վերցնել անծանոթ մարդկանց, հատկապես, եթե նրանք խնդրում են տանել իրենց որեւէ անծանոթ կան հեռավոր վայր։ Պետք չէ ճանապարհը հարցնելու համար բացել դուռը։ Բավական է 2-3 սանտիմետրով իջեցնել պատուհանի ապակին այնպես, որ դուք կարողանաք լսել պատասխանը, եւ մարդը չկարողանա ձեռքը ներս մտցնել։ Եթե ավտոմեքենայի մեջ մենակ եք, ապա փակեք բոլոր դռները, իսկ խաչմերուկում կարմիր լույսի տակ կանգնելիս` բարձրացրեք նաեւ պատուհանի ապակին։ Աչալուրջ, փորձառու հանցագործը կարող է վայրկայնների ընթացքում բաց պատուհանից չեզոքացնել երիտասարդ ու անփորձ վարորդին։ Հաճախ, ցանկանալով ցուցադրել իր նոր ձեռքբերումը, երիտասարդները կանգ են առնում մայթեզրին կանգնած որեւէ գեղեցիկ աղջկա մոտ, սակայն հիշեք, որ այդ օրիորդը կարող է միայն խայծ լինել։ Վայրկյաններ անց նրա կողքին կարող է հայտնվել վատ մտադրություններ ունեցող մի աժդահա, որը հեշտությամբ ձեզ դուրս կքաշի ավտոմեքենայից եւ գեղեցկուհու հետ կհեռանա ձեր իսկ մեքենայով։

Եթե ձեր երխան պատրաստվում է որեւէ խնջույքի ոչ մի դեպքում թույլ մի տվեք նրան օգտվել մեքենայից, եթե նույնիսկ լիովին վստահ եք, որ նա ոգելից խմիչքներ չի օգտագործում։

Եթե, այնուամենայնիվ, երեխան արդեն հայտնվել է ավտոմեքենայի ղեկին, ապա բացատրեք նրան, որ վրաերթի դեպքում չի կարելի փախչել։ Անպայման անհրաժեշտ է կանգ առնել,տուժածին հասցնել մոտակա հիվանդանոց կամ շտապօգնություն կանչել։ Շատ հնարավոր է, որ վրաերթը ոչ թե նրա մեղքով լինի, այլ հետիոտնի, սակայն փախչելով` նա ակամա դառնում է մեղավոր եւ կարող է հայտնվել դատարանում։

Այսպիսով, անկախ նրանից երեխան ութ, թե տասնութ տարեկան է, նրա ներկայություննհ ավտոմեքենայում այնքան էլ անվտանգ չէ, եթե, իհարկե, նա եւ իր ծնողները չեն պահպանում համապատասխան անվտանգության կանոնները։ Նախքան երեխային ավտոմեքենան վստահելը, եւս մեկ անգամ ամեն ինչ լավ ծանրութեթեւ արեք։




Երեխան և հրազենը

Պատերազմի բովով անցած երկրներում բնակիչներից շատերի տանն անվտանգության նկատառումներից ելնելով զենք-զինամթերք է պահվում կամ հողի մեջ դեռեւս մնում են զենքերի մնացորդներ։ Հնարավոր է, որ տանը պահվեն նաեւ ինքնաշեն, ծառայողական կամ որպես պարգեւ տրված ատրճանակներ ու որսորդական հրացաններ։ Այդ զինամթերքը հեշտությամբ կարող է հայտնվել երեխայի ձեռքում` պաշտպանական միջոցից վերածվելով վտանգի։

Հաճախ մեծահասակները զենք են ձեռք բերում հենց երեխաներին պաշտպանելու նպատակով, սակայն իրենց անփութության հետեւանքով ստացվում է ճիշտ հակառակը։ Իր ուզածը ստանալու համար փոքրիկը պատրաստ է գլխիվայր շրջել ողջ տունը, միայն թե գտնի այն, ինչ իրենից թաքցնում են։ Բացատրեք նրան զենքից օգտվելու անվտանգության կանոները եւ ասացեք, որ հրացանը կամ ատրճանակը խաղալիք չեն, որ դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել։

Իհարկե, չի կարելի զենքը պահել որտեղ պատահի, հատկապես երեխային հասանելի վայրերում։ Եթե զենքը կախված է պատից, ապա լիցքաթափեք այն եւ փամփուշտները որքան հնարավոր է ապահով պահեք։ Բացատրեք երեխային, որ փամփուշտները պետք է իրենց տրամաչափով համապատասխանեն հրազենի տվյալ տեսակին, չի կարելի օգտագործել պատահական կամ ինքնաշեն լիցքեր։ Դա անհրաժեշտ է անել նրա համար, որ ձեր ժառանգը տուն հրավիրելով իր ընկերներին եւ ցանկանալով պարծենալ` չփորձի առաջին իսկ պատահած փամփուշտով լիցքավորել հրացանը եւ հրաձգության փոքրիկ մրցույթ կազմակերպել, չէ՞ որ խաղալիք ատրճանակներին սովորած պատանին իսկական զենքին էլ է նման կերպ վերաբերվում։ Հիշեք, որ չի կարելի նշան բռնել մարդկանց, կենդանիների կամ թռչունների վրա, եթե նույնիսկ համոզված եք, որ զենքը լիցքավորված չէ։ Չի կարելի նաեւ մարդաշատ վայրերում հրաձգության փորձեր անել, քանի որ պատահաբար կարող եք ուրիշին վնասել։

Գազով ատրճանակը չի կարելի լիցքավորել մարտական փամփուշտներով, նույնիսկ եթե տրամաչափը համապատասխանում է զենքին, քանի որ կրակելիս դրանք կարող են պայթեցնել զենքի փողը, որովհետեւ գազով հրազենը պատրաստվում է ոչ այնքան ամուր մետաղից։ Եթե նույնիսկ երեխան բավականաչափ մեծ է, չարժե նրան զենք վստահել, քանի որ նա կարող է այն ճիշտ չօգտագործել։ Հնարավոր է նաեւ, որ այն երեխայից խլելու համար կարող են հարձակվել նրա վրա։

Հրազենը ձեռքը վերցրած երեխան հաճախ չի կարող իմանալ արդյոք այն լիղցքավորվա՞ծ է, թե՞ ոչ։ Ի դեպ, առանց հսկողության թողնված զենքը կարող է ընկնել ոչ միայն երեխաների, այլեւ ձեր բնակարան մտած կողմնակի մարդկանց ձեռքը, որոնք այն կարող են օգտագործել ձեր դեմ կամ վատ հետեւանքներով չար կատակներ խաղալ (օրինակ` ոչ սթափ վիճակում գտնվող հարեւանը, բարեկամը կամ մտերիմներից մեկը)։

Հնարավոր է, որ ծնողները երեխայի անվտանգությունն ապահովելու համար նրա համար գազով ատրճանակ գնեն` իմանալով, որ նա հաճախ է երեկոյան ուշ վերադառնում։ Այստեղ կարող է պատահել ամենասարսափելին։ Նա ատրճանակն ընկալում է որպես ապահովության երաշխիք եւ թուլացնում զգոնությունը։ Երեխան կարող է գիշերով անվախ մտնել ծառաշատ զբոսայգի կամ վատ լուսավորված փողոցներ` ցանկանալով կրճատել տան ճանապարհը եւ կարծելով, թե գազով ատրճանակը կարող է իրեն պաշտպանել։ Պետք չէ մոռանալ, որ հարձակումը կարող է լինել թիկունքից եւ շատ հանկարծակի, չարամիտները կարող են լինել մի քանի հոգով, ու այս դեպքում արդեն ատրճանակը ոչ միայն չի օգնի, այլեւ կարող է կիրառվել երեխայի դեմ։

Վտանգավոր կարող է լինել նաեւ գազի փոքրիկ բալոնը, որը նույնպես օգտագործվում է ինքնապաշտպանության նպատակով։ Եթե երեխան դեռեւ փոքր է, չի նշանակում, որ բալոնը պետք է թաքուն բերել տուն եւ պահել նրանից հեռու։ Երեխան կարող է գտնել այն նախքան ծնողները կհասցնեն իրեն բացատրել, թե ինչպես պետք է վարվել դրա հետ։ Փոքրիկը կարող է այն շփոթել դեզոդորանտի կամ օդը թարմացնող նյութի հետ եւ գազը փչել իր վրա։ Եթե նույնիսկ նա չկարողանա այն փչել, ապա հնարավոր է, որ խաղալիս գազի բալոնը թողնի կենտրոնական ջեռուցման մարտկոցի, բաց կրակի կամ էլեկտրական տաքացուցիչների կողքին, ինչ հետեւանքով կարող է տեղի ունենալ պայթյուն եւ գազի թունավորում։ Բացատրեք, թե ինչ գազով է այն լիցքավորված` արցունքաբե՞ր, թե՞ նյարդակաթվածահար անող, եւ ինչ ազդեցություն է այն ունենում մարդկանց վրա։ Անհրաժեշտ է հիշել նաեւ, որ քամոտ փողոցում գազն անօգուտ կլինի եւ վնասակար, քանի որ հանդիպակաց քամին այն կփչի ուղիղ փոքրիկի երեսին` այդպիսով թողնելով սպասվածի հակառակ աազդեցությունը։ Գազի բալոնից օգտվելիս այն պետք է ուղղել հարձակվողի դեմքին որքան հնարավոր է մոտ եւ փչելիս շունչը պահել, որպեսզի կուլ չտաք թունավորված օդը։ Օրինակ` փակ տարածքում կամ սենյակում գազի բալոնն օգտագործելիս անհրաժեշտ է հիշել, որ երեխան ինքն էլ ակամայից հայտնվում է դրա ազդեցության գոտում։ Նա պետք է պատրաստ լինի դրան եւ նախքան փչելը որոշի, թե որտեղից է դուրս վազելու։

Ի վերջո, եթե չեն պահպանվում անվտանգության մնացած կանոնները, ապա հրազենը դժվար թե կարողանա ձեզ պաշտպանել։




Վտանգներ խաղալիքների աշխարհում

Երբեւէ ձեր փոքրիկի համար խաղալիք գնելիս նկատե՞լ եք, որ այն տհաճ բույր ունի։ Գուցե այո, բայց ուշադրություն չեք դարձրել։ Ուրեմն իմացեք, որ դա խաղալիքի վտանգավոր լինելու առաջին ազդանշանն է։ Ռետինե կամ պլաստմասայե փափուկ եւ ճկուն մասնիկներով խաղալիքները (գնդակներ, տիկնիկներ, զանազան կենդանիներ), որոնք նախատեսված են մինչեւ վեց տարեկան փոքրիկների համար, հաճախ պարունակում են ֆենոլ, ֆորմալդեհիդ եւ այլ թունավոր նյութեր։ Դրանք կարող են երեխաների մոտ ուժեղ ալերգիա առաջացնել եւ դառնալ արցունքահոսության, հազի կամ բրոնխների սպազմի պատճառ։ Դա հատկապես վտանգավոր է, եթե փոքրիկը քնելիս նման խաղալիքները պահում է անկողնում, իր կողքին։ Ցանկալի է, որ խաղալիքը պատրաստված լինի բնական նյութերից (փայտից, կավից եւ այլն)։ Ուշադիր եղեք, որ բռնկվող նյութերից պատրաստված իրերը կրակից հեռու լինեն։

Մինչեւ երեք տարեկան երեխաներին չի կարելի տալ սուր անկյուններով խաղալիքներ։ Տիկնիկների, փափուկ խաղալիքների աչքերը, որոնք պատրաստվում են ապակուց կամ պլաստմասայից, կարող են կոտրվել ու վնասել փոքրիկին։ Երեխան կարող է նաեւ դրանք կուլ տալ կամ փորձել մտցնել քիթը, ականջը։ Նույն պատճառով վտանգավոր են համարվում նաեւ մանր մասնիկներից հավաքված եւ լարովի խաղալիքները, որոնցով փոքրիկը պետք է խաղա միայն մեծահասակներից մեկի զգոն հսկողության տակ։ Աշխատեք այնպես անել, որ երեխայի ձեռքում չհայտնվեն խաղալիքների առանձին մետաղական մասեր, քանի որ նա կարող է դրանք մտցնել էլեկտրական վարդակի (շտեպսել) մեջ։ Փխրուն խաղալիքներն ընկնելուց, երեխայի կծելուց կամ հարվածներից կարող են կոտրվել եւ, ձեռք բերելով սուր ծայրեր, վնասել նրան։

Էլեկտրականությամբ աշխատող խաղալիքներով փոքրիկները նույնպես պետք է խաղան ծնողներից մեկի հսկողությամբ։

Անհրաժեշտ է հետեւել նաեւ, որ խաղալիքը համապատասխանի երեխայի տարիքին, որի մասին անպայման պետք է պիտակի վրա համապատասխան նշում լինի։

Մանր գնդիկներով կրակող ատրճանակներն ու հրացանները, պայթուցիկները, նետ ու աղեղը խորհուրդ է տրվում հեռու պահել բոլոր տարիքի երեխաներից։

Այնպես որ, փոքրիկների համար խաղալիքներ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն գնին, այլեւ գույներին, բույրերին, նյութին, որից այն պատրաստված է եւ պիտակի վրա եղած նշումներին, որոնց կասկածելի լինելու դեպքում ավելի լավ է խանութից հեռանալ դատարկ ձեռքով։




Վտանգավոր դեղամիջոցներ

Հաճախ նախքան բժշկի գալը մարդիկ հիվանդության հետ միայնակ են մնում։ Իսկ եթե հիվանդ է տան փոքրիկը, խուճապը համարյա անխուսափելի է։ Առաջին հերթին մարդիկ դիմում են դեղամիջոցների օգնությանը։ Այս պարագայում ամենակարեւորը երեխային չվնասելն է։ Այժմ բոլոր դեղատները լի են տարբեր երկրների արտադրության, թանկ ու էժան, քաղցր եւ դառը հաբերով, օշարակներով ու փոշիներով, որոնք ոչ միշտ են լիովին անվտանգ երեխայի առողջության համար։ Ահա մի քանի դեղամիջոց, որոնք փոքրիկներին հակացուցված են։

Ասպիրինն ամենահայտնի ջերմ իջեցնող, ցավազրկող եւ հակաբորբոքիչ դեղամիջոցներից է։ Սակայն գրիպով հիվանդ երեխայի համար այն կարող է մահացու վտանգավոր լինել։ Մեծացնելով անոթների թափանցելիությունը՝ ասպիրինը նպաստում է գրիպի վտանգավոր բարդացումների զարգացմանը՝ թոքաբորբ, արյան զեղում տարբեր օրգաններ եւ հյուսվածքներ։ Այդ պատճառով մանկաբույժները բարձր ջերմության դեպքում խորհուրդ են տալիս երեխային պարացետամոլ տալ, որը նման կողմնակի հետեւանքներ չունի։

Որոշ ծնողներ փորլուծության դեպքում փոքրիկներին “կապող”, փորն ամրացնող դեղեր են տալիս՝ իմոդիում, լեպոդիում կամ օսլայի լուծույթ։ Սակայն եթե փորլուծությունը որեւէ վարակի հետեւանք է, ապա հիվանդության ընթացքը կարող է բարդանալ։ Նախքան դեղերին դիմելն աշխատեք պարզել հիվանդության իրական պատճառը։

Կալիումի պերմանգանատի լուծույթը (մարգանցովկա) տնային պայմաններում բուժման ամենասիրելի միջոցներից է։ Սակայն փորլուծության եւ այլ խնդիրների առկայության դեպքում ստամոքսի լվացման համար լուծույթը կտրականապես արգելվում է տալ փոքրահասակ երեխաներին։ Այն կարող է “այրել” ստամոքսը, իսկ լավ չլուծված բյուրեղիկները կարող են վնասել աղիները։ Բացի դրանից, կալիումի պերմանգանատի լուծույթը թունավոր է։ Այն օրգանիզմից դուրս չի գալիս եւ, կուտակվելով, կարող է հանգեցնել ուղեղի ախտահարման։

Նախկինում բորի սպիրտը նշանակում էին ականջի բորբոքումը բուժելու համար։ Այն կարող է այրել լսողական անցքի մաշկը, վնասել եւ, նույնիսկ, պայթեցնել  ականջի թմբկաթաղանթը։ Այժմ բորի սպիրտը հազվադեպ են օգտագործում։ Անհրաժեշտության դեպքում մանկաբույժները խորհուրդ են տալիս օգտագործել հակաբորբոքիչ կաթիլներ՝ օտրիվին, օտիպաքս, սոֆրադեքս եւ այլն։

Բոլորին լավ հայտնի դիմեդրոլը կարող է երեխայի ջղաձգումների պատճառ դառնալ։ Այն շատ ուժեղ թունավոր ազդեցություն է գործում սրտի վրա։ Մրսածության հետ կապված հիվանդությունների (բրոնխիտ, թոքաբորբ) այն թանձրացնում է խորխը եւ խոչընդոտում օրգանիզմից դրա հեռացմանը։

Ընդհանրապես, դեղամիջոցները բուժման հիմնական կուրսի լավ հավելումներ են։ Սակայն դրանք չի կարելի կիրառել բարձր ջերմությամբ, փորլուծությամբ եւ սրտխառնոցով ուղեկցվող ինֆեկցիոն հիվանդությունների պարագայում։ Այդ ժամանակ մի հապաղեք դիմել բժշկի օգնությանը։