Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային «Witness Your Country» լուսանկարչական մրցույթում, որը կազմակերպել է Leica Camera Central Asia & Caucasus տարածաշրջանային ընկերությունը։

«Witness Your Country» մրցույթը համախմբել էր 5 երկիր, 957 մասնակից և ավելի քան 3700 լուսանկար։ Միայն Հայաստանից ներկայացվել էր ավելի քան 1500 աշխատանք, որոնցից յուրաքանչյուրը պատմում էր իր յուրահատուկ պատմությունը՝ լույսի, հույզերի, մարդկանց, բնապատկերների և առօրյա պահերի միջոցով։ Մրցույթի նպատակն էր լուսանկարների միջոցով բացահայտել յուրաքանչյուր երկրի ինքնությունն ու մթնոլորտը՝ ներկայացնելով մարդկանց, մշակույթը, առօրյան և այն պահերը, որոնք հաճախ աննկատ են մնում։

Մրցույթին կարող էին մասնակցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից և Մոնղոլիայից։ Աշխատանքները գնահատվել են ստեղծարարության, կոմպոզիցիայի, հուզական ազդեցության և թեմային համապատասխանության չափանիշներով։

Մեր գործընկեր Հայկը նշում է, որ այս հաղթանակը լավ հնարավորություն է իր համար՝ շարունակելու զարգանալ մասնագիտության մեջ, խորացնել փորձն ու նորովի ներկայացնել մարդկային պատմությունները։

Ներկայացնում ենք Հայկի հաղթող լուսանկարն ու դրա նկարագրությունը։

Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում
Տավուշ Մեդիայի թղթակից Հայկ Դոմբրյանը հաղթել է միջազգային լուսանկարչական մրցույթում

«Այս լուսանկարը կյանքի մի հավերժական վայրկյան է, որտեղ հանդիպում են մանկության անմեղությունն ու ճակատագրի առաջին դասերը։ Շրջված հեծանիվը պարզապես տեխնիկական խափանում չէ. այն խորհրդանշում է մարդկային ջանքը՝ սեփական ձեռքերով շտկելու իր ձգտումը։ Լուսանկարի զգայական առանցքը շան թաթի հպումն է տղայի ուսին։ Այդ հպման մեջ կա մի ամբողջ տիեզերք՝ հավատարմություն, լուռ աջակցություն և այն միտքը, որ մարդն իր պայքարում երբեք միայնակ չէ։ Սա իմ երկրի վկայությունն է՝ երկիր, որտեղ տոկունությունն ու քնքշությունը գոյակցում են կողք կողքի, և որտեղ նույնիսկ փոշոտ ճանապարհին կարելի է գտնել բացարձակ հոգևոր արժեք։

Սա լույսի և ստվերի միջոցով պատմված պոեմ է՝ պայքարի, պատասխանատվության և սիրո մասին»։

Հայկ Դոմբրյանը Տավուշի մարզի սահմանամերձ Արծվաբերդ գյուղից է։ Նա Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցներից է, ով պարբերաբար ներկայացնում է տավուշյան գեղեցիկ պատմություններն ու նախաձեռնությունները։ Նրա և մեր բոլոր թղթակիցների աշխատանքները դիտեք այստեղ։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը՝ մաղթելով շարունակական հաջողություններ և նոր ձեռքբերումներ։

 




Տավուշեցի երեխանները՝ մշակութային մրցույթ-փառատոնին

«Իզաբել» կենտրոնի նախաձեռնությամբ անցկացված մրցույթ-փառատոնի հաղթող մասնակիցները ելույթ ունեցան Երևանում՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը։

Հեղինակ՝ Անահիտ Մակյան։




Մեկ օր սարում․ «Կարմիր գյուղ», Նոյեմբերյան

Բոլորս էլ գիտենք՝ սարի կաթը, օդը, հացն ու ջուրը, տնական մածունը ուրիշ են՝ անմահական։ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը դրախտից՝ Նոյեմբերյանի «Կարմիր գյուղ» սարից հոլովակ է պատրաստել, որում կլսեք ձեր մանկության ձայները, կարթնանա տեղանքի հետ կապված մաքուր ու գեղեցիկ ձեր հուշերը։

Աշնան կանչը՝ կատարյալ ներդաշնակության գրկից՝ Տավուշի սարերից։ Այնտեղ խաղաղ է․․․ Բարի դիտում։
Հոլովակն՝ այստեղ




Սվետիկ տատը, բնության հետ ապրելը, ստեղծելն ու սպասելը․ Այգեձոր

Սվետիկ տատը միայնակ ապրում է Այգեձորում, սիրում է գարունը, հողի հետ աշխատանքը, ծաղկած ծառերը եւ անհամբեր սպասում է թոռներին: 

«Գյուղական կյանք» շարքում այգեձորցի տատիկի պատմությունն է մեզ փոխանցում Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանը։




Ամանորը սարերում

Մեր թղթակից Արաքսյա Ամիրաղյանը պատմում է Նոյեմբերյանի սարերում Ամանորի տոնակատարության մասին։




Ձմռան գալուստը Տավուշ․ Ջուջևան

Ձմռան գալուստը Տավուշ․ Եղիշե Պետրոսյանի տեսանյութը




Օղի թորողները․ ավանդական օղու թորումը Գուրգեն և Անահիտ Եգանյանների ընտանիքում

Պատահեց այնպես, որ մի օր Տավուշ TV-ի մեր ստուդիայի հոսանքն անջատեցին․․․ Դե, մենք էլ որոշեցինք ժամանակ չկորցնել․ ողջ թիմով հավաքվեցինք ու գնացինք տավուշյան ավանդույթներին հյուր։ 

Գնացել ենք օղի թորելու, իսկ մեզ սիրով իրենց հարկի տակ են հյուրընկալել Գուրգեն և Անահիտ Եգանյանները՝ Ակնաղբյուր գյուղում։

Օղու թորման ավանդական գործընթացը, ինչպես ասում են՝ «Ա-ից մինչև Ֆ»՝ մեր տավուշյան վլոգում։




Նոյեմբերյանում կայացավ շախմատի հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին

Նոյեմբերյանի «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին։ Մրցաշարին մասնակցեցին Նոյեմբերյան համայնքի երեխաներն ու մեծահասակները։

14-18 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Գարիկ Բարսեղյանը, երկրորդը՝ Նարեկ Նավասարդյանը, երրորդ տեղում Մարիա Նավասարդյանն էր, ով աղջիկների խմբում արժանացավ առաջին մրցանակին։

12-14 տարիքային խմբում առաջին տեղում Էդմոն Կրակոսյանն էր, 10-11 տարիքային խմբում՝ 10-ամյա Նանե Չիլինգարյանը։

Մեծահասակների խմբում հաղթող ճանաչվեց ամենաերիտասարդ մասնակիցը՝ Գարիկը։

Մրցաշարն անցավ չափազանց հետաքրքիր՝ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մրցաշարի վերջում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով։

Մրցաշարի մասին պատմում է Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։




«Հայագիտությունն այնպես, ինչպես կա»․ 10-օրյա աշնանային դպրոց Կողբում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Նոյեմբերյան խոշորացված համայնքը Կողբի գեղարվեստի դպրոցում կազմակերպել էին «Հայագիտությունն այնպես, ինչպես կա» 10-օրյա աշնանային դպրոցը 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացավարները մասնակիցներին փոխանցեցին մասնագիտական հմտություններ հայոց մշակույթն արդյունավետ ուսումնասիրելու, պահպանելու և պաշտպանելու համար։

«Կողբում մեր անցկացրած և՛ ամառային, և աշնանային դպրոցների նպատակը հիմնականում այն է, որ տեղի բնակչությունը տեղյակ լինի ամբողջ Հայաստանի մշակույթի մասին։ Բայց, իհարկե, դա առերես նպատակն է, իսկ ավելի թաքուն նպատակն այն է, որ հատկապես երիտասարդների մեջ սեր արթնացնենք հայրենի մշակույթի հանդեպ, իրենց համար ապագայում Հայաստանն ուսումնասիրելու համար նախադրյալներ ստեղծենք»,- նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը։

Ծրագիրը բաղկացած էր «Հեթանոսությունը և քրիստոնեությունը հայոց մշակույթում», «Հայկական մանրանկարչության արխետիպիկան», «Խորհրդանիշները հայկական մշակույթում», «Տիեզերքի, բնության, ժամանակի մասին պատկերացումները հայոց մեջ», «Հուշարձանների ուսումնասիրության ձևերը», «Ժողովրդական երգ-երաժշտություն, «Հայագիտությունը գրողների և արվեստագետների երկերում», «Բանահյուսություն» և «Ամփոփում» թեմաներից։

Դասախոսություններն ուղեկցվեցին պատկերային նյութի ցուցադրությամբ, ձայանագրությունների ունկնդրումով։ Այն մասնակիցներին, ովքեր հաճախել են 8 և ավելի դասսխոսությունների, տրվելու են վկայականներ։




Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը Կողբում

Կողբի Գեղարվեստի դպրոցում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին հեղինակը պատմեց իր գործունեության մասին և ներկայացրեց գիրքը։

Գիրքը հաջողության, անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման մասին է։ Գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, որոշ գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված մեթոդներ։

Շնորհանդեսի ավարտին ներկաները ձեռքբերեցին հեղինակի մակագրությամբ գրքերը։