Պետական աջակցությամբ կստեղծվեն երիտասարդական կենտրոններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Երիտասարդական կենտրոնների ստեղծման» նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթի շրջանակում նախատեսվում է ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների (կամ երիտասարդական միջավայր) ստեղծման նպատակով հաղթող մասնակիցներին անհատույց տրամադրել դրամական հատկացում:
Մասնակիցները կարող են մրցույթին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով)։ Ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 52 մլն 644 հազար (հիսուներկու միլիոն վեց հարյուր քառասունչորս հազար՝ ներառյալ ԱԱՀ) ՀՀ դրամ։ Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) պետք է բավարարի հետևյալ նվազագույն որակավորման չափանիշներին.
- առնվազն 3 տարվա երիտասարդական կենտրոնի կառավարման փորձառություն (սոցիալական ձեռնարկատիրական մոդելով երիտասարդական աշխատանքի կազմակերպման փորձառության առկայությունը կդիտվի առավելություն),
- ծրագրի աշխատակազմի փորձառություն (ծրագրի աշխատակազմը պետք է ունենա երիտասարդական աշխատանքի 3 տարվա փորձառություն),
- սոցիալական ձեռնարկատիրական մոդելի առկայություն,
- կենտրոնի գործունեության համար անհրաժեշտ տարածք:
Հաղթող ճանաչված մասնակիցների դրամաշնորհային հայտով ներկայացված հաջորդող հինգ տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերում յուրաքանչյուր տարվա կտրվածքով ընդգրկվող շահառուների թիվը պետք է կազմի առնվազն 200 երիտասարդ։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 11:00-ը:
Մրցույթի շրջանակներում չեն դիտարկվի այն հայտերը, որոնք կառաջարկեն ստեղծել երիտասարդական կենտրոն Իջևան և Մեղրի համայնքներում։