Դիլիջանի համայնքային կենտրոնը հյուրընկալել է Diamond Challenge մրցույթի եզրափակիչ փուլը

Մարտի 13-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Diamond Challenge երիտասարդների ձեռնարկատիրական մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը։ Այս փուլի ընթացքում Գորիսի, Մեղրիի, Երևանի, Դիլիջանի ու Իջևանի թիմերը ներկայացրին իրենց գաղափարներն ընտրող հանձնաժողովին:

«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ Դիլիջանի Համայնքային կենտրոնը հյուրընկալում է մրցույթի եզրափակիչ փուլը Հայաստանում արդեն 5 տարի շարունակ․ «Մենք տարեցտարի փորձում ենք ընդլայնել մեր շրջանակները և ավելի շատ ավագ դպրոցականներ ընդգրկել, քանի որ շատ ենք կարևորում ձեռնարկատիրական հմտությունների և գիտելիքների փոխանցումը նրանց։ Երեխաներն այսօր եկել են մրցելու՝ իրենց մասնակցում են մրցույթի, սակայն ինձ համար առավել կարևոր է, որ նրանք այս ամիսների ընթացքում սովորեցին, հասկացան, թե ինչ է բիզնես գաղափարը, կարողացան ձևակերպել այդ բիզնես գաղափարը, հասկանալ իրենց հաճախորդներին և գնորդներին, ձեռք բերեցին բյուջե կազմելու, խնդիրներ լուծելու, հանրային խոսքի և մի շարք այլ փափուկ հմտություններ։ Ինձ համար հենց սա է հաղթանակը»։

Երևանը ներկայացնող Small Business թիմն ուտելի ծաղիկների մենյուով սրճարանի իրենց գաղափարով ճանաչվեց հաղթող՝ ստանալով 250 ԱՄՆ դոլար դրամական մրցանակ Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից և հրավեր՝ մասնակցելու մրցույթի եզրափակիչ փուլին ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում։ 

Մրցույթը ստեղծվել է ձեռնարկատիրական գործունեության հիմնաքար համարվող Horn ձեռնարկության կողմից, որը հիմնվել է ԱՄՆ-ի Դելավերի համալսարանում։

Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն Գաբրիել-Էռնեսթ Աբաթ Ֆերնանդեսը նշում է՝ ուրախ է այս միջոցառմանը ներկա գտնվելու համար․ «Սա հիանալի հնարավորություն է՝ տեսնելու հայ երիտասարդների ձեռնարկատիրական ոգին, ովքեր փորձում են իրենց ազդեցությունն ունենալու և գաղափարները կյանքի կոչելու համար նոր ճանապարհներ և արահետներ գտնել»։

Մրցույթի նպատակն է զարգացնել ավագ դպրոցականների ձեռնարկատիրական հմտությունները՝ տալով նրանց սեփական բիզնեսը սկսելու հնարավորություն։ «Եթե նույնիսկ չհաղթենք՝ սա մեծ փորձ կլինի, և կկարողանանք հետագայում այն, ինչ որ հիմա չստացվեց, գործածել մեր հաջորդ բիզնես ծրագրերում»,-ասում է մրցույթի մասնակիցներից Ռուսլաննա Դիլբարյանը։

Նախորդ տարիներին հաղթող թիմերը եզրափակչին ներկայացրել են Դիլիջան, Երևան և Եղեգնաձոր քաղաքները։ 2021 թվականին հաղթող ճանաչված «Փափուկ» թիմը Դիլիջանից ներկայացնում էր վերամշակված կահույքի գաղափարը, որի շրջանակում օգտագործված և ոչ պիտանի անիվներից պատրաստում են փափուկ կահույք։ «Փափուկ» թիմն արդեն հասցրել է վաճառել իր արտադրանքը, որը նաև տեղ է գտել Դիլիջանի քաղաքային այգում։

Մրցույթի ժյուրիի անդամ, «Կճուճ» և «Թավա» ռեստորանների հիմնադիր Վարդա Ավետիսյանի կարծիքով՝ նման միջոցառումները երիտասարդների համար շատ կարևոր են և ոգեշնչող․ «Ես ինքս հիշում եմ՝ երբ որ ես այս տարիքում էի, նույնիսկ՝ ավելի երիտասարդ, շատ կազմակերպող և ձեռնարկատերի, բիզնեսի միտք ունեի, բայց դա 90-ականներն էին, և ցավոք սրտի, այն ժամանակ նման ինչ-որ մի բան չէր կազմակերպվում։ Ես կարծում եմ՝ համայնքի համար շատ կարևոր է, որ ոգեշնչենք մեր երիտասարդներին՝ մտածել կառուցողական, համայնքի համար օգտակար, ձեռնարկել տարբեր մեծ ու փոքր խաղեր, որոնց իրենք կմասնակցեն և իրենց տաղանդը կցուցադրեն»։ 




«Ռեստարտ Իջևան»-ը կյանքի է կոչում «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությունը

Ընթացքի մեջ է «Ռեստարտ Իջևան» ՀԿ նախաձեռնությամբ կյանքի կոչվող «Ձեռներեցության խթանումն Իջևանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում համայնքի թվով 5 աղջիկներ, ովքեր չեն ստանում բարձրագույն կրթություն, մասնագիտացում ձեռք կբերեն հրուշակագործության ոլորտում։ Դասընթացների արդյունքում անհրաժեշտ որակավորում ստանալուց հետո ծրագրի մասնակիցները կունենան հնարավորություն աշխատելու հրուշակագործությամբ զբաղվող արտադրամասերում։

«Ծրագրի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ մենք թիմով սկսեցինք նկատել, որ Իջևանում կան շատ կանայք և աղջիկներ, ովքեր ունեն մեծ սեր և ձգտում հրուշակագործության հանդեպ, սակայն չունեն համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ՝ մասնագիտական գիտելիքներ ստանալու։ Մենք որոշեցինք համայնքների զարգացման ծրագրի շրջանակներում տալ նրանց այդ հնարավորությունը, որպեսզի նրանք դառնան հմուտ մասնագետներ հենց այս ոլորտում՝ ունենան իրենց փոքրիկ արտադրությունները, միգուցե աշխատեն արտադրամասներում, կամ հետագայում դառնան ավելի խոշոր ձեռներեցներ», – նշում է ծրագրի նախաձեռնողներից Վիկա Խառատյանը։

Գաղափարն իրականացվում է «Երիտասարդները հանուն համայնքների զարգացման» ծարգրի շրջանակներում, որը ներառում է տավուշեցի շուրջ 50 երիտասարդների։ «Ձեռներեցության խթանումն Իջևանում» նախաձեռնությանը զուգահեռ ներկայումս Տավուշի մարզի տարբեր համայնքներում իրականացման փուլում են գտնվում 5 երիտասարդական ծրագրեր։

Ծրագրի մասնակիցներից Մեդորա Ասիլյանը պատմում է․ «Ընտրվել են ավելի քան 7 ծրագրեր, որոնք ունեին թե՛ կրթական, թե՛ համայնքային բնույթ։ Այս ծրագրի միջոցով մենք փորձել ենք հնարավորություն տալ երիտասարդնեերին և նրանց դարձնել փոփոխության դեսպաններ․ իրենք անձամբ են մշակել այդ ծրագրերը՝ իրենց շրջակայքում նայելով, թե ինչ խնդիրներ կան։ Նպատակն այն էր, որ իրենք անձամբ արդեն սկսեն ներդրում ունենալ իրենց համայնքների զարգացման մեջ»։




Մարզի զարկերակը․ Երիտասարդներին առնչվող հարցերը Տավուշի մարզում

Երկրների ժողովրդավարացման գործընթացի ներուժը երիտասարդներն են։ Նրանց ակտիվ մասնակցությամբ է պայմանավորված համայնքի տնտեսական, մշակութային, սոցիալակն և կրթական բլոկների զարգացումը։

Քննարկում ՏավուշTV-ով շարքի մեր երրորդ հանդիպմանը կլոր սեղանի շուրջ երեք համայնքներից ժամանած մեր հյուրերի հետ խոսել ենք երիտասարդների մասնակցության, ներգրավվածության և իհարկե, նրանց առջև հայտնվող մարտահրավերների մասին։
Այսօրվա մեր հյուրերն են «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող Արարատ Ալիխանյանը, «Բերդ մշակույթի կենտրոն» ՀԿ տնօրեն Մհեր Միրզոյանը և «Բերդավան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Վահրամ Աբովյանը։




Երիտասարդներին առնչվող հարցերը Տավուշի մարզում․ Մարզի զարկերակը

Ոչ ոք համայնքի խնդիրներն ավելի լավ չի պատկերացնում, քան այն երիտասարդը, ով ամեն օր կանգնում է նոր մարտահրավերների առաջ։

Ուստի միայն երիտասարդների մասնակցությամբ է, որ հնարավոր է պատկերացում կազմել այդ խնդիրների լուծումների և հնարավոր տեսլականների մասին։

 


Տավուշ TV-ն ներկայացնում է երիտասարդների դերը և առկա խնդիրները մեր մարզում։ Հաջորդիվ կներկայացնենք թեմայի շուրջ կլոր սեղան-քննարկումը։