Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։37-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Շենավան, Արևաշող և Քարաձոր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։




Որ փորձությունը փորձանք չդառնա

Ներբեռնել

Սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրիս կյանքում էլ տարաբնույթ դեպք‐պատահարներ եղել են: Մի բան պատահել է, մեկս մյուսին օգնության է հասել: Նույնն էլ մեր պետությունը. որևէ մարզում աղետ է եղել, պետական կառույցներն արձագանքել են, հասել են, օգնել են, փրկել են, փոխհատուցել են: Ուշ թե շուտ, լավ թե վատ, այլ հարց է:

Այսօր ամբողջ աշխարհը փոխել է իր ռազմավարությունը՝ արձագանքման մշակույթից անցնելով կանխարգելման և համայնքների խոցելիության նվազեցման մշակույթին: Իսկ այդ մշակույթի հիմքը իրազեկված քաղաքացին է, մենք բոլորս և մեզնից յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչ վտանգներ կան, ինչ է արտակարգ իրավիճակը, ինչ բնութագրեր ու դասակարգում ունի այն, ինչ են նշանակում խոցելիությունն ու կարողությունը, ինչպես է ձևավորվում աղետների ռիսկը և ինչպես կարելի է այն նվազեցնել, գիտակցում է, որ աղետների ռիսկի նվազեցումը մարդկային կյանքերի փրկություն է և ապրուստի միջոցների աղբյուրների պաշտպանություն, որ կանխարգելմանն ուղղված ֆինանսները ոչ թե ծախս են, այլ ներդրում, գիտի ինքնօգնության, փոխօգնության, առաջին նախաբժշկական օգնության տարրական հիմունքները, գնահատում ու պահպանում է անվտանգ ու առողջ շրջակա միջավայրը, կարողանում է գրագետ կառավարել հողը, ջուրը, օդը, արագ ուրբանիզացվող ու զարգացող, տեխնիկապես հագեցվող քաղաքային միջավայրը, նաև՝ կլիմայի փոփոխության ռիսկերը:

Մենք բոլորովին էլ այն քաղաքականության կողմնակիցը չենք, որը մարդկանց վախեցնում է աղետ‐բոբոներով՝ այ եթե չիրազեկվեք‐չպատրաստվեք, աղետը կգա ու կսրբի կտանի ձեր ունեցած‐չունեցածը, կվնասի ձեզ ու ձեր մերձավորներին՝ անկախ ձեր դիրքից, պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ դուք ինքներդ բացահայտեք, թե ինչ է պետք իմանալ, ձեր կյանքը բարելավելու և առավել անվտանգ դարձնելու համար, որն է աշխարհի լավագույն փորձը, ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում մեր երկրին, ինչ նոր մարտահրավերներ կան, ինչպես կարելի է հզորացնել ձեր կարողությունները, նվազեցնել խոցելիությունն ու մեղմել անկանխելի աղետի հետևանքները:

Խնդրում ենք գիրքն ընթերցել անշտապ ու կանգ առնել առանձին գլուխների վրա: Քննարկեք այն ձեր ընտանիքի անդամների ու գործընկերների հետ: Համադրեք այս հանրամատչելի ձեռնարկը Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հետ: Հիշեք, որ հենց ձեզանից, ձեր գիտելիքներից, հմտություն‐կարողությունից է կախված, թե արդյոք, փորձանք կդառնա վերահաս փորձությունը, թե՝ անցյալի գիրկն անցած, դիմագրավված ու հաղթահարված հերթական մարտահրավեր:




Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Ճգնաժամային հաղորդակցության միջազգային փորձագետ Նիկոլայ Գրիգորյանն իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 21-ին գիշերը երեքն անց էր՝ երկրաշարժերի Last Quake հավելվածն ահազանգեց մոտերքում տեղի ունեցած 4.5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի մասին: Ադրբեջանի տարածքում էր, Գյանջայի մոտ: Բայց զգացվել էր ՀՀ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում: Նաև Իրանում: Ընդամենը մեկ ամիս առաջ նույն տեղում էլի երկրաշարժ էր, որը մենք էլ զգացինք: Չգիտեմ ձեզ ինչքանով կհետաքրքրի, բայց վերջին մեկ ամսում 4 մագնիտուդին մոտ ու ավելի 17 երկրաշարժ է արձանագրվել Ադրբեջանում: Իսկ երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն:

1139 թ. Գանձակն ավերած աղետաբեր երկրաշարժի մասին Կիրակոս Գանձակեցին գրում է.
«Գանձակի երկրաշարժը կործանեց քաղաքը և շինությունները, քաղաքը տապալվեց բնակիչների վրա… Երկրաշարժից մեռավ մեծ վարդապետ Գրիգորը, հանդերձ բազմաթիվ այլ մարդկանց՝ կանանց ու մանուկների, որոնց թիվ չկար և որոնք սպանվեցին` մնալով շենքերի փլատակներում: Փլվեց և Ալհարկ լեռը, և կապեց այն ձորակը, որն անցնում էր նրա միջով, որից գոյացավ ծով, որը մնում է մինչև այսօր»:

——
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 21-ին` տեղական ժամանակով ժամը 03:01-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 20-ին` ժամը 23։01-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39․83⁰ և արևելյան երկայնության 46.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Ընթերցեք նաև՝




Մոտենում է Սպիտակի երկրաշարժի 36-րդ տարելիցը

Սպիտակի երկրաշարժը

Սպիտակի երկրաշարժից դասեր քաղեց ամբողջ աշխարհը. աշխարհն ավելի համախմբվեց. ստեղծվեցին փրկարարական միջազգային կազմակերպություններ։ Մարդիկ սկսեցին պատրաստվել երկրաշարժերին:

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը գրում է.

«Հազարավոր վերլուծականներ են գրվել Սպիտակի երկրաշարժի մասին, մի քանիսն էլ ես եմ հեղինակել: Բայց գլխավորներն առանձնացնեմ ու էլի հիշեցնեմ:

1. Սովետմիությունում սխալ էր գնահատված սեյսմիկ վտանգը: Բոլոր շենքերը` Մերձբալթիկայում, Մոսկվայում, Կամչատկայում, Անդրկովկասում կառուցում էին նույն սեյսմակայունությամբ, ամենաշատը`յոթ-ութ բալի համար, հաշվի չառնելով, որ հնարավոր են մինչև 11 բալ ուժգնության երկրաշարժեր: Միայն շատ նեղ մասնագետներին էր հասու այդ տեղեկատվությունը: Մենք չգիտեինք, որ հողը կարող է շարժվել, ու շենքերը կարող են փլվել: Մենք չգիտեինք` ինչ է սեյսմիկ վտանգը և ինչ է սեյսմիկ ռիսկը:

2. Ամբողջ սովետով մեկ մեծ զարկ էր տրվել մասնավոր շինարարությանը` առանձնատներ ու ամառանոցներ, իսկ շինանյութերը միայն պետական էին: Բոլորն աչք էին փակում, և պրորաբներն աջ ու ձախ վաճառում էին պետական շենքերի շինարարության համար նախատեսված քարն ու փայտը, ցեմենտն ու արմատուրան: Շատ շենքեր քանդվեցին հենց անորակության պատճառով: Մենք չգիտեինք, ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ մասսայական գողությունների վրա աչք փակելը: Անորակ շինարարությունը դեռ մահվան սպառնալիք չէր:

3. Սպիտակի երկրաշարժի դասերի վերլուծությունը ցույց է տվել, որ քանդված շենքերի տասը տոկոսի փլուզման պատճառ են հանդիսացել բնակիչների կատարած ապօրինի, ոչ նախագծային փոփոխությունները` կցակառույցները, միջնապատեր քանդելը, նկուղներ փորելը, տանիքները ավելացները և այլն: Մենք գիտեինք, թե փոփոխությունների թույլտվությունը չինովնիկների քմահաճույքն է ու անաշխատ եկամտի ձեռքբերման պարարտ դաշտը: Մենք չգիտեինք, թե ինչքան թույլ ու խոցելի ենք դարձնում մեր բնակատեղիները, աշխատավայրերը, մեր երեխաների դպրոցներն ու մանկապարտեզները: Այս տեղեկությունը հույժ կարևոր ու արդիական է նաև այսօր, որովհետև համատարած շարունակվում են ինքնակամ փոփոխությունները:

4. Սովետական Միությունում չկար աղետների կառավարման համակարգ: Կար քաղպաշտպանությունը, որի պլանները, ցավոք, միայն թղթի վրա էին: Այն նախատեսված էր հակառակորդի միջուկային հարձակումը դիմագրավելու համար, և վերակազմավորումը շատ դանդաղ ու մահու չափ ցավագին էր: Հավաքվեց երկրի ամենաբարձր ղեկավարությունը, հավաքվեցին իրար գլխի ու սկսեցին սովորել կառավարել աղետի հետևանքների վերացման բարդ գործընթացը: Ասենք`միայն յոթ օր անց իմացան, որ բացի քաղաքներից, հիմնովին ավերվել է նաև 57 գյուղ, և նրանք հրատապ օգնության կարիք ունեն: Մենք չգիտեինք, որ հնարավոր են մեծ աղետներ, և չգիտեինք` ինչպես կարելի է դրանք կանխել, հետևանքները նվազեցնել կամ մեղմել, մենք չգիտեինք, որ աշխարհում կա աղետների ռիսկի կառավարման համակարգ:

5. Չկար աղետ, չկար աղետների ռիսկի կառավարման համակարգ, չկային նաև փրկարարներ: Ունեինք, ասենք` ջրափրկարարներ, լեռնափրկարարներ, բայց ընդհանուր պրոֆիլի փրկարարներ չունեինք: Ավելորդ է խոսել փրկարարական գույքի ու սարքավորումների մասին: Երրորդ օրից հետո միայն սկսեցին ժամանել փրկարարներ աշխարհի բոլոր կողմերից` իրենց սարքավորումներով ու շներով: Հազարավոր մարդկանց կյանք հնարավոր կլիներ փրկել, եթե արձագանքն օպերատիվ ու պրոֆեսիոնալ լիներ: Փրկարարներն ունեն ոսկյա 72 ժամ հասկացողություն, որից հետո զոհերի թիվն սկսում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Պատկերացրեք արտասահմանցի փրկարարների զարմանքը, երբ մի քանի ժամով ամբողջ Լենինականով մեկ դադարեցվեցին որոնողափրկարարական աշխատանքները, որովհետև… Գորբաչովն էր գալիս: Սպիտակի երկրաշարժից հետո օգնության եկած արտասահմանցի մի քանի փրկարարների առաջարկով ստեղծվեց ԻՆՍԱՌԱԳ կազմակերպությունը, որի խնդիրը միջազգային բարձր ստանդարտներով, նույնատիպ տեխնիկայով հագեցված և նույն սկզբունքներով առաջնորդվող փրկարարական խմբերի ստեղծումն էր ամբողջ աշխարհում, ովքեր խոշոր երկրաշարժերի ժամանակ կարող են համագործակցված ու արդյունավետ աշխատել: Չգիտեինք, որ նման մասնագիտություն կա`փրկարար, որ նա հատուկ գործիքներ ունի, շուն ունի, չգիտեինք, ինչ է նշանակում որոնողափրկարարական աշխատանք, ինչպես փնտրել մարդկանց, ինչպես հանել փլատակից:

6. Ճիշտ է` փրկարարներ չունեինք, բայց դե գլուխ գովալու բժշկություն ունեինք, հերոս բժիշկներ: Պարզվեց, որ էս սովետմիությունում աղետների բժշկություն չկա, որ շատ բժիշկներ նույնիսկ առաջին օգնություն ցույց տալու հմտություն չունեն, ճմլման` Կրաշ, սինդրոմից գաղափար չունեն, չգիտեն` որ տրավմայի դեպքում տուժածին ինչպես տեղափոխել, հիվանդանոցներն արհեստական երիկամներ չունեն: Մի քանի իրադարձություններ վերջին տարիներին եկան շեշտելու ճիշտ ու գրագետ առաջին օգնության արդիականությունն ու անհրաժեշտությունը նաև այսօր: Ոչ ոք, նույնիսկ բժիշկների մեծ մասը, առաջին օգնություն ցուցաբերել չգիտեր: Լսել էինք սոված մնալու, անջուր դիմանալու, կորով ու կամք դրսևորելու կամ խուճապ հաղթահարելու մասին, բայց չգիտեինք` ինչպես դա անել:

7. Ամբողջ հանրապետությունը նետվել էր աղետի գոտի. Մարդիկ բահերով, քլունգներով, շերեփներով, կաթսայի կապարիչներով, մատներով փորում ու քանդում էին քարն ու բետոնը, արցունքներով տաքացնելով սառած գետինը: Վերամբարձ կռունկ չկար, մղան չկար, տրակտոր չկար: Ամբողջ հանրապետությունից ծանր տեխնիկան սկսեց շարժվել աղետի գոտի, բայց ճանապարհներն արդեն խցանված էին անձնական մեքենաներով, որովհետև ամենաբարձր ղեկավարներից մեկը հեռուստատեսությամբ ասել էր` ով ինչով կարող է, հասեք: Երրորդ օրից հետո միայն սահմանվեց պարետային ժամ: Որոնողափրկարարական աշխատանքները տապալած ղեկավարությունը չէր էլ պատկերացնում իր հաջորդ քայլերը, այդ իսկ պատճառով ձգձգվեցին նաև վթարավերականգնողական ու կենսապահովման աշխատանքները: Մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ տասնյակ հազարավոր զոհերին թաղել է պետք, ու մեծ քանակությամբ դագաղներ անհրաժեշտ կլինեն: Ով գիտեր, թե ինչ է նշանակում` որոնողափրկարարական, վթարավերականգնողական, վերականգնման կամ վերակառուցման աշխատանքներ:

8. Սովետական անծայրածիր երկրի բնակիչները` ամենաբարձր ղեկավարներից մինչև մանկապարտեզի սաներ, դպրոցականներ, ուսանողներ, ամենանեղ մասնագետներ ու բանվոր-գյուղացիներ, չգիտեին ինչպես պահել իրենց երկրաշարժի ժամանակ ու դրանից հետո, էլ չեմ խոսում մինչև երկրաշարժը գործողությունների, այսինքն` նախապատրաստվելու մասին: (Մենք մեր հեռուստատեսությունում անմեղ ծիծաղում էինք փախչողների վրա, իսկ աղետի գոտում` Լենինականում, Կիրովականում, Սպիտակում, շատ գյուղերում, ուսուցիչներն ու դասախոսներն արգելում էին երեխաներին շենքից դուրս գալ` նույնիսկ փակելով դռները: Սովետական դպրոցների ցածր դասարաններում կարգ ու կանոնը ընդգծելու համար, երեխաները նստարանին նստում էին ձեռքերը հետևները դրած: Քանի-քանի դպրոց, պանելները վրայից վերցնելուց հետո, գտել են երեխաներին իրենց նստարաններին նստած`ձեռքները հետև տարած: Դասարան ու լսարան կար, որտեղ երեխաները պանելներից չէին վնասվել, բայց նրանց ոչ միայն տարհանվել չէին սովորացրել, այլև` ոչ մեկը չէր ասել, որ փլուզման ժամանակ փոշի է բարձրանում, ու մարդիկ խեղդվում են, եթե շորի կտորով կամ թաշկինակով չեն ծածկում իրենց քիթն ու բերանը: Հարյուրավոր մարդիկ, նաև այլազգի, եղբայրական գերեզմանների նման տեսարաններից հետո կորցրեցին իրենց հոգեկան հավասարակշռությունը, եղան նաև ինքնասպանության դեպքեր): Բարոյահոգեբանական պատրաստվածությունն էլ առանձին խնդիր էր, որ դարձյալ գալիս էր իրազեկության պակասից: Մարդիկ չգիտեին, չէին պատկերացնում իրենց հնարավորությունները, անտեսում էին տոկունությունը, կամքն ու կորովը և փլատակներում անվնաս մեռնում էին… վախից ու խուճապից:

9. Չկար, չգիտեինք, չէին տեղեկացրել, տեղեկացնողը չկար, տեղեկացնելիք նյութն ապրանքային տեսքով չկար, մենք տեղյակ չէինք` արտակարգ իրավիճակների, աղետների ռիսկի նվազեցման հանրային իրազեկում չկար, անվտանգության մշակույթի դաստիարակման նշույլ չկար: Մի բան հստակ կար, որ համաղետի պատճառ դարձավ` դա չ-երի առատությունն էր:

10. Հիմա արդեն մենք գիտենք, թե մեծ աղետներից հետո ինչքան կարևոր է կենսապահովման նորմալ պայմանների ստեղծումը, երեխաների կրթության շարունակականության ապահովումը, հոգեբանական աջակցությունն ու աշխատատեղերի ստեղծումը, , քաղաքային կոլորիտի ու մշակույթի պահպանումը, հողին հավասարեցված քաղաքի վերականգնման տեղի ընտրությունը, արտագաղթի կանխարգելումը»։


Հայաստանի, և հատկապես Սպիտակի երկրաշարժի դասերն առաջինը մենք պիտի յուրացնենք՝ մշտապես հիշելով, որ ով իրազեկված է, նա պաշտպանված է։




Երկրաշարժ Հայաստանում` Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Օգոստոսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


Հարգելի հայրենակիցներ, կրկին հիշեցնում ենք կարևորի մասին.

Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում․

Կարևոր հղումներ.


Երկրաշարժերը կրկնվելու հատկություն ունեն: Իսկ Հայաստանը երկու հազար տարվա գրավոր պատմություն ունի:

Հայաստանի երկրաշարժերի մասին պատմական վկայություններ




Երկրաշարժ Վրաստանում․Էպիկենտրոնային գոտում ուժգնությունը կազմել է 5-6 բալ

Երկրաշարժ Ադրբեջանում, որն զգացվեց Հայաստանում

Երկրաշարժ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ

Հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06։09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:09-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.48⁰ և արևելյան երկայնության 45.87⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Գուրջաանի քաղաքից 30 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։


Կրկին հիշեցնում ենք կարևորի մասին:

Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած երկրաշարժերի, երկրաշարժերի պատճառների, հետևանքների և ամենագլխավորը՝ երկրաշարժի ժամանակ վարքականոնի մասին կենսական տեղեկատվություն կարող եք ստանալ «Դիմակայուն Տավուշ» բաժնում։

ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

Կարևոր հղումներ.




Երկրաշարժի մագնիտուդ և ուժգնություն

Ինչ է երկրաշարժը

Երկրաշարժերն ըստ ծագման բաժանվում են երկու խմբի բնական և տեխնածին: Բնական ծագման երկրաշարժերի պատճառ կարող են հանդիսանալ ստորգետնյա ցնցումները, հրաբուխները, երկրակեղևում առաջացած դատարկությունների փլուզումները, ինչպես նաև մետեորիտների բախումը երկրի մակերևույթին (օրինակ հայտնի է 1908 թ. Տունգուսյան մետեորիտի բախումը երկրի մակերևույթին, որը հզոր երկրաշարժ առաջացրեց):

Երկրաշարժը բնության ամենահզոր և խորհրդավոր երևույթ ներից կամ բնական աղետներից մեկն է, որն ունի առաջացման և ծագման տարբեր պատճառներ:

Եթե գիտական տեսակետից դա հզոր տեղեկատվական աղբյուր է երկրի ընդերքում տեղի ունեցող երևույթների մասին, ապա բնակչության համար դա սոսկ արհավիրք է՝ հազարավոր զոհերով ու ավերածություններով: Ու եթե ուզում ենք աղետից պաշտպանվել, գոնե կորուստները հասցնել նվազագույնի, նախ և առաջ պետք է հասկանանք, թե ի՞նչ է երկրաշարժը, ինչու՞ է այն տեղի ունենում, ինչու՞ է տևում կարճ կամ կարող է կրել շարունակական բնույթ:

Դեռ հարյուրամյակներ առաջ մարդիկ փորձել են որոշել երկրաշարժերի ուժը ելնելով դրանց պատճառած վնասներից: եթե մի երկրաշարժ ավերել է ավելի շատ շենք, քան մյուսը, ապա այն համարվում էր ավելի ուժգին: Թեև նման մոտեցումը թվում է տրամաբանական, սակայն այն չի կարող համարվել բացարձակ ճիշտ: Ավերածությունների չափերը կախված են ոչ միայն երկ- րաշարժի ուժից, այլև շինությունների որակից և նրանց հիմնա- տակի ապարների հատկությունից։ Բացի այդ, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ թվա, հզոր երկրաշարժը կարող է ավելի քիչ վնաս պատճառել, քան թույլը։ Այս «հանելուկը» բացատրե- լու համար հիշենք, որ տատանումների մեծությունը մակերեսի վրա կախված է երկու գործոնից` հիպոկենտրոնից ճառագայթվող էներգիայի քանակից և երկրաշարժի օջախի խորությունից: Կա- րող է լինել այնպես, որ ճառագայթվող էներգիայի քանակը լինի շատ, բայց այն անջատվի մեծ խորությունում, այսինքն օջախը լինի խոր։ Այս դեպքում սեյսմիկ ալիքները, մինչև երկրի մակերես հասնելը, զգալիորեն մարում են, թուլանում, ցնցումներն էլ, բնա- կանաբար, լինում են թույլ։ Մի այլ երկրաշարժի դեպքում կարող է անջատվել ավելի քիչ էներգիա, բայց փոքր խորություններում։ Սեյսմիկ ալիքներն այդ դեպքում քիչ թուլանալով կհասնեն երկրի մակերես և, հետևաբար, կառաջացնեն ուժեղ ցնցումներ։

Անջատված սեյսմիկ էներգիայի մեծությունը սեյսմոլոգները գնահատում են մագնիտուդով։ «Մագնիտուդ» հասկացությունը 1935 թ. գործածության մեջ դրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիա- կան ինստիտուտի պրոֆեսոր Չարլզ Ռիխտերը: Նա էլ մշակեց երկրաշարժերի` մագնիտուդների սանդղակ, որն այժմ կրում է «Ռիխտերի սանդղակ» անունը: Այդ սանդղակի ամենաբարձր աստիճանը համապատասխանում է 9 մագնիտուդի, որի էներգիայի մեծությունը կարելի է համեմատել ջրածնային ռումբի պայթյունից անջատված էներգիայի հետ:

Այլ բան է երկրաշարժի ուժգնությունը, որը որոշվում է շինություններում ցնցումների հետևանքով առաջացած վնաս- վածքների և ավերածությունների աստիճանով: Ամենաուժեղ ցնցումները, բնականաբար, տեղի կունենան էպիկենտրոնում և նրա մոտակա տարածքում: Ինչքան հեռու է տեղանքը էպիկենտ- րոնից, այնքան փոքր է այնտեղ երկրաշարժի ուժգնությունը: Ի տարբերություն մագնիտուդի՝ ուժգնությունն անմիջականորեն չափվող մեծություն չէ: Այն որոշելու համար հարկավոր է ու- սումնասիրել վնասված տեղանքը, բնակավայրերը, տեսնել, թե ցնցումների հետևանքով ինչ վնասվածքներ են ստացել շենքերը, շինությունները և տեղանքի ռելիեֆը։ Երկրաշարժի ուժգնության որակական գնահատման համար մշակված է 12-բալանոց սանդղակ (MSK-64), որի պարզեցված տարբերակը բերվում է ստորև։

 

1 բալ Մարդիկ այն չեն զգում։ Գրանցվում է միայն սեյսմոգրաֆների կողմից:
2 բալ Զգում են շատ քչերը, եթե նրանք գտնվում են բարձրահարկ շենքերում, հանգիստ վիճակում:
3 բալ Զգում են նրանք, ովքեր գտնվում են շինություններում,հատկապես վերին հարկերում։ Դրսում գտնվողների մեծամասնության կողմից այն որպես երկրաշարժ չի ընկալվում: Նկատվում է վիբրացիա և առարկաների թույլ ճոճում։
4 բալ Շենքի ներսում զգում են գրեթե բոլորը, դրսում՝ քչերը։ Գիշերը ոմանք արթնանում են, ամանեղենը զրնգում է։ Լսվում է պատուհանների և դռների դռռոց: Կահույքը ցնցվում է, կախված առարկաները նկատելիորեն ճոճվում են:
5 բալ Զգում եմ բոլորը, շենքերը ցնցվում են ամբողջությամբ։ Գիշերը շատերն արթնանում են, ամանեղենի մի մասը և պատուհանների ապակիները կոտրվում են պատերի ծեփի մեջ տեղ-տեղ ճեղքեր են առաջանում։ Կախված առարկաներն ուժեղ Ճոճվում են։
6 բալ Զգում են բոլորը, ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում: Շատերը վախից դուրս են վազում: Չամրացված կահույքը տեղաշարժվում է։ Որոշ տեղերում պատերի ծեփը թափվում է։ Ծխնելույզները թեքվում են: Ավերածությունը քիչ է։
7 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները քիչ են, տիպային լավ կառույցներում թույլից-չափավոր, վատ նախագծված կամ վատ կառուցված շինություններում՝ զգալի։ Շենքերի ծխնելույզները շարքից դուրս են գալիս։
8 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները թեթևակի են, տիպայինում՝ նշանակալի, վատ կառույցներում տեղի են ունենում ավերածություններ։ Թեքվում և ընկնում են վառարանային և գործարանային ծխնելույզները, սյուները և հուշարձանները։ Հորատանցքերում և ջրհորներում փոխվում է ջրի մակարդակը։ Երկրի մակերեսի վրա երբեմն առաջանում են ճեղքեր։
9 բալ Հատուկ նախագծով կառուցված շենքերում վնասվածքները լուրջ են, մյուսներում նկատվում են զանգվածային փլուզումներ: Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր:
10 բալ Երկրի մակերեսին առաջացած ճեղքերի լայնությունը հասնում է մինչև 1 մետրի։ Ավերվում է նույնիսկ լավ կառուցված փայտե և քարե տների մեծամասնությունը։ Ծռվում են երկաթգծի ռելսերը։ Գետերի ափերի և սարալանջերի հողը սկսում է սահել:
11 բալ Կանգուն են մնում միայն շատ քիչ երկաթբետոնե կառույցներ, փլվում են կամուրջները։ Երկրի մակերեսին առաջանում են բազմաթիվ ճեղքեր: Փլուզումները համատարած են:
12 բալ Հիմնահատակ կործանում։ Երկրի մակերեսին առաջանում են լայն և երկար ճեղքեր: Գետերը փոխում են հուները։ Փլուզվում են լեռները, լանջերի վրա առաջանում են բազմաթիվ սողանքներ, որոնց հետևանքով երբեմն առաջանում են արհեստական լճեր։



Հաշտ ապրել երկրաշարժի հետ

Հիշեք. երկրաշարժը ձեզ, ամենայն հավանականությամբ, հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում, հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։




Հաշտ ապրել երկրաշարժի հետ

Հիշեք. երկրաշարժը ձեզ, ամենայն հավանականությամբ, հանկարծակիի կբերի։ Ինքնատիրապետում, հանգստություն և հստակ կշռադատված գործողություններ. ահա թե ինչ է ձեզ անհրաժեշտ։ Ձեր հանգստությունը վստահություն կներշնչի շրջապատին։




Սպիտակի երկրաշարժի դասերը

Ներբեռնել

Սպիտակի երկրաշարժից դասեր քաղեց ամբողջ աշխարհը.աշխարհն ավելի համախմբվեց. ստեղծվեցին փրկարարական միջազգային կազմակերպություններ, փրկությունն ու օգնությունը, մարդկային, նյութական ու տեխնիկական աջակցությունը սկսեց համակարգվել: Մարդիկ սկսեցին պատրաստվել երկրաշարժերին: Սպիտակի երկրաշարժի դասերն առաջինը մենք պիտի յուրացնեինք, ամենաուշիմ աշակերտը մենք պիտի լինեինք, որովհետև ոչ մի երկրաշարժ այդքան լավ ու խոր ուսումնասիրված չէ, որքան մերը:

Սովորելու համար երբեք էլ ուշ չէ, եկեք մեկ անգամ էլ թերթենք ողբերգական այդ էջերը, վերլուծենք այդ դասընթացը, յուրացնենք պարզագույն գիտելիքներն ու վաղվա օրվան նայենք լրագրողի, սեյսմոլոգ-գիտնականի, պետական պաշտոնյայի, պարզապես հայ մարդու աչքերով: