Երկրաշարժ Իրանի Իսլամական Հանրապետության Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք

Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ,  Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԶԳԱՑՎԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻՑ ՀԵՏՈ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ.

Ո՞րն է երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գլխավոր ուղղությունը.

– Հիմնախնդրի լուծման համար պարտադիր է կատարել հետևյալ քայլերը. հուսալի գնահատել տարածքների սեյսմիկ վտանգը, գնահատել շենքերի և կառույցների սեյսմիկ խոցելիությունը, ապա և տարածքների սեյսմիկ ռիսկը, վերջապես՝ իրականացնել պլանավորված գործողություններ սեյսմիկ ռիսկի նվազեցման համար: Վերջին խնդիրը` ռիսկի նվազեցումը, բարդ, մեծ նյութական միջոցներ և ժամանակ պահանջող գործընթաց է:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնամ, թե՞ոչ.

– Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը.

– Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:




Ցնցումներ Տավուշի մարզի հյուսիսային շրջաններում

Այսօր Թբիլիսիի ժամանակով 23:35-ին Դմանիսիի մերձակայքում գտնվող Իրգանչայ գյուղում (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ) 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Հետցնցումները զգացվել են Վրաստանի մի շարք քաղաքաներում, ինչպես նաև Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ:




Երկրաշարժի կանխատեսում




Որ փորձությունը փորձանք չդառնա

Ներբեռնել

Սիրելի բարեկամներ, յուրաքանչյուրիս կյանքում էլ տարաբնույթ դեպք‐պատահարներ եղել են: Մի բան պատահել է, մեկս մյուսին օգնության է հասել: Նույնն էլ մեր պետությունը. որևէ մարզում աղետ է եղել, պետական կառույցներն արձագանքել են, հասել են, օգնել են, փրկել են, փոխհատուցել են: Ուշ թե շուտ, լավ թե վատ, այլ հարց է:

Այսօր ամբողջ աշխարհը փոխել է իր ռազմավարությունը՝ արձագանքման մշակույթից անցնելով կանխարգելման և համայնքների խոցելիության նվազեցման մշակույթին: Իսկ այդ մշակույթի հիմքը իրազեկված քաղաքացին է, մենք բոլորս և մեզնից յուրաքանչյուրը, ով գիտի, թե ինչ վտանգներ կան, ինչ է արտակարգ իրավիճակը, ինչ բնութագրեր ու դասակարգում ունի այն, ինչ են նշանակում խոցելիությունն ու կարողությունը, ինչպես է ձևավորվում աղետների ռիսկը և ինչպես կարելի է այն նվազեցնել, գիտակցում է, որ աղետների ռիսկի նվազեցումը մարդկային կյանքերի փրկություն է և ապրուստի միջոցների աղբյուրների պաշտպանություն, որ կանխարգելմանն ուղղված ֆինանսները ոչ թե ծախս են, այլ ներդրում, գիտի ինքնօգնության, փոխօգնության, առաջին նախաբժշկական օգնության տարրական հիմունքները, գնահատում ու պահպանում է անվտանգ ու առողջ շրջակա միջավայրը, կարողանում է գրագետ կառավարել հողը, ջուրը, օդը, արագ ուրբանիզացվող ու զարգացող, տեխնիկապես հագեցվող քաղաքային միջավայրը, նաև՝ կլիմայի փոփոխության ռիսկերը:

Մենք բոլորովին էլ այն քաղաքականության կողմնակիցը չենք, որը մարդկանց վախեցնում է աղետ‐բոբոներով՝ այ եթե չիրազեկվեք‐չպատրաստվեք, աղետը կգա ու կսրբի կտանի ձեր ունեցած‐չունեցածը, կվնասի ձեզ ու ձեր մերձավորներին՝ անկախ ձեր դիրքից, պաշտոնից ու կուսակցական պատկանելությունից: Ընդհակառակը, մենք ցանկանում ենք, որ դուք ինքներդ բացահայտեք, թե ինչ է պետք իմանալ, ձեր կյանքը բարելավելու և առավել անվտանգ դարձնելու համար, որն է աշխարհի լավագույն փորձը, ինչ աղետներ են պատուհասել ու սպառնում մեր երկրին, ինչ նոր մարտահրավերներ կան, ինչպես կարելի է հզորացնել ձեր կարողությունները, նվազեցնել խոցելիությունն ու մեղմել անկանխելի աղետի հետևանքները:

Խնդրում ենք գիրքն ընթերցել անշտապ ու կանգ առնել առանձին գլուխների վրա: Քննարկեք այն ձեր ընտանիքի անդամների ու գործընկերների հետ: Համադրեք այս հանրամատչելի ձեռնարկը Տեղական մակարդակում աղետների ռիսկի կառավարման ուղեցույցի հետ: Հիշեք, որ հենց ձեզանից, ձեր գիտելիքներից, հմտություն‐կարողությունից է կախված, թե արդյոք, փորձանք կդառնա վերահաս փորձությունը, թե՝ անցյալի գիրկն անցած, դիմագրավված ու հաղթահարված հերթական մարտահրավեր:




Սցենարը՝ երկրաշարժ․ դաշտային վարժանք Տավուշում

Սեպտեմբերի 9-10-ը անց է կացվել «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք, որին մասնակցել են Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը: