Ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Կիրակնօրյա Պատարագ, ազգային երգ ու պար, ավանդական խաղեր ու հյուրասիրություն․ Տավուշ TV-ն պատմում է, թե ինչպես են տոնել Սուրբ Զատիկը Տավուշի մարզում։

Ապրիլի 17-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ Տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է «զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված»: Քրիստոսի Հարությունը քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքն է: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ինչպես ամեն տարի, Հարության տոնը յուրովի է նշվել Տավուշի բոլոր համայնքներում։ Մեր նկարահանող խումբը եղել է Մակարավանքում, որտեղ հավաքվել էին Աչաջուր գյուղի և շրջակա համայնքների պատանիներն ու երեխաները՝ միասին Պատարագի մասնակցելու։ Տոնը շարունակվել է վանքի բակում ավանդական հավկիթախաղով ու երգ ու պարով։

Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցները ներկա են եղել Զատկի տոնակատարությանը Ոսկեվանի սբ․ Գայանե եկեղեցու բակում։ Զատկական միջոցառումը կազմակերպել էին Ոսկեվանի Մշակույթի կենտրոնը, Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցների սաները։

Բերդ համայնքում Հարության տոնն ամենամեծ շուքով նշվել է Բերդ քաղաքում՝ սբ․ Հովհաննես եկեղեցու բակում։ Պատարագից հետո ազգային երգ ու պարի ուղեկցությամբ Բերդ համայնքի 17 բնակավայրերը, ինչպես նաև Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի Բերդի մասնաճյուղը առանձին տաղավարներով ներկայացրել են Զատկի խորհուրդը, զատկական ավանդույթներն ու ուտեստները:

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի։ Մեզ և ձեզ մեծ Ավետիս։