Լռության մեջ ծնվող հույզեր․ թատերական հանդիպում տավուշեցի մանուկների հետ

Երբեմն պատմելու համար բառեր պետք չեն․ բավական են մեկ ժեստը, հայացքն ու շարժումը։ Հենց այս լեզվով էլ Երևանի մնջախաղի պետական թատրոնը նոյեմբերի 3-ին Բերդ քաղաքում, իսկ նոյեմբերի 4-ին Արծվաբերդ գյուղում իր արվեստը ներկայացրեց տավուշեցի մանուկներին:

Բերդի մշակույթի տան հետ համագործակցությամբ երեխաներին ներկայացվեց «2+1» ներկայացումը։

Սերը, ընկերությունն ու մանկությունը ներկայացման առանցքում էին։ Մնջախաղի յուրահատուկ արտահայտչամիջոցներով պատմությունը փոխանցել է հույզեր ու արժեքներ՝ երեխաներին հնարավորություն տալով բացահայտելու թատերական աշխարհը, որտեղ լռությունն անգամ կարող է պատմել ամենակարևորի մասին:

Բերդ համայնքում կայացած ներկայացումները համայնքի մշակութային կյանքում նոր հանդիպումների սկիզբ են։ Երևանի մնջախաղի պետական թատրոնն ու Բերդի մշակույթի տունը մտադիր են շարունակել համագործակցությունը՝ նոր ներկայացումներով և նախաձեռնություններով թատերական արվեստն ավելի հասանելի դարձնելով սահմանամերձ համայնքի բնակչությանը:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան