ՏաՈւժ․ նոր որակի առաջնորդների դպրոցներ Տավուշի մարզում

Հզորանալ հոգով, մտքով և մարմնով․ Տավուշ TV-ն պատմում է Տավուշում գործող առաջնորդների պատրաստման դպրոցների՝ «ՏաՈւժ»-ի մասին։

Ռազմական պարապմունքների, արշավների և ճամբարային բանակումների ընթացքում աշակերտները զարգացնում են տրամաբանելու, ինքնապաշտպանության և արագ կողմնորոշվելու որակներ։ Սովորում են նաև աշխատել թիմով և պատասխանատվություն ստանձնել դժվար իրավիճակներում։ Կարևորվում է հատկապես վախերի հաղթահարումը։

Մարզական տարբեր մոտեցումներով ապագա առաջնորդների մեջ դաստիարակվում է ուժեղ, կարգապահ, ինքնավստահ լինելու կամք։ Փորձառու մարզիչների օգնությամբ աշակերտները կոփվում են, ծանոթանում առողջ ապրելակերպի եւ առաջին (բուժ օգնության հիմունքներին։ Սպորտային մարզումներն ամբողջանում են դաշտային պարապմունքներով։

Հոգևոր-հայրենաճանաչողական դասերն իրականացնում են սարկավագները՝ «Լույսի ճանապարհ» դասագրքով։ Աստվածաշնչի ուսուցմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են հայ ինքնության ակունքներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդվում են Սուրբ Պատարագին և ուխտագնացություններին մասնակցությամբ։