Տավուշ Մեդիան մասնակցեց փաստերի ստուգման լրագրության դպրոցին

Սեպտեմբերի 16-18-ը Երևանում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում, անցկացվեց փաստերի ստուգման լրագրության դպրոցը։ Դասընթացը կազմակերպվել էր «Փաստացի» ցանցի անդամ լրատվամիջոցների և այլ խմբագրությունների լրագրողների համար՝ նպատակ ունենալով խորացնել գիտելիքները փաստերի ստուգման ոլորտում։
Դպրոցը վարեցին լեհական «Պրավդա» խմբագրության փորձառու փաստեր ստուգող լրագրող Յակուբ Սլիցը և տվյալների լրագրության մասնագետ Կատյա Մամյանը։
Ուսուցումը ներառում էր արդի և կարևոր թեմաներ․
- արհեստական բանականությունը և փաստերի ստուգումը,
- ընտրություններն ու ապատեղեկատվությունը,
- ապատեղեկատվության տարածումը կանխարգելող մեխանիզմները,
- բաց տվյալների հավաքագրում և թվային հետաքննություններ (OSINT),
- մեծ ծավալի տվյալների հավաքագրում ու վերլուծություն՝ ազատ գործիքներով, Python ծրագրային լեզվով և ԱԲ-ի գործիքներով։
Մենք ևս մասնակցեցինք այս դպրոցին։ Տավուշ Մեդիան Հայաստանի փաստերի ստուգման «Փաստացի» ցանցի անդամներից է․ սա կարևոր քայլ է դեպի ավելի որակյալ ու մրցունակ մեդիա ունենալուն, այնպիսի հեռուստաընկերություն, որը հավատարիմ է իր իսկ սահմանած արժեքներին և լսարանի սպասելիքներին։





