Տավուշ մեդիայի արտակարգ շնորհավորանքը՝ գարնանաբույր ու գարնանաշունչ
Մեր շատ սիրելի կանայք ու աղջիկներ Տավուշ աշխարհի,
Կյանքի երկրաշարժերի փլատակներից հեզ ժպտացող, ջրհեղեղներից ու սելավներից, փոթորիկներից ու հողմերից չքշվող, հրդեհներից սոսկ շիկնող, արժեզրկումների սողանքներից ու անդունդներից վեր հառնող, միշտ կանացի, դյութիչ, հմայիչ ու ցանկալի, առինքնող ու նրբագեղ, հավատավոր ու արժանապատիվ, առաքինի, ազնիվ, համեստ ու շիտակ, ժպտադեմ ու նրբանկատ, բարեկիրթ ու ներողամիտ, համբերատար, հոգատար, զիջող ու քնքուշ, գթառատ ու կարեկից, մեծահոգի ու պատրաստակամ, զգայուն, զգացմունքային, փխրուն ու աներեր, բարի, լռող, լսող ու հասկացող, գոհ, երախտապարտ ու ամենակարող….
Թող այսուհետ երկինքը Ձեր սրտով կապույտ լինի կամ` շառագունած, անձրևը մեղմ մաղի կամ` հորդառատ, զեփյուռը խաղա թփերում կամ` հողմը մեգով երկինքն առնի, եթե սրտներովդ անցնի, թող մի քիչ էլ` գալարի բուքը ձյան:
Թող դոլարի կուրսը համընկնի Ձեր երազների նավի կուրսին:
Թող աշխարհի բոլոր պատերազմներին մասնակցեն միայն Ձեր զորավարների շախմատային ֆիգուրները, ու թող հաղթողի թագը, հաղթողի թիկնոցը, հաղթողի հպարտությունն ու ուրախությունը, երջանկությունը համակեն Ձեզ ու Ձեր տղամարդկանց` Ձեր ամուսիններին ու որդիներին:
Թող Ձեզ շրջապատող տղամարդիկ տիեզերագնաց դառնան Ձեր անծիր հոգու տիեզերքին հասնելու համար, հատիկ-հատիկ աստղեր հավաքեն ու Ձեր ապրած ու ապրելիք հուշ-պատառիկներից երկրագունդը պարուրող՝ Ձեր լանջը զարդարող, աստղաշղթա հյուսեն, անվախ լինեն, խիզախ ու քաջ, կենսասեր, կնամեծար ու կենսախինդ, պատվախնդիր, վեհանձն, սրտաբաց, սկզբունքային, աշխատասեր ու վճռական, պարտքի, պատասխանատվության և հումորի զգացումով, չափավոր ու հավասարակշիռ, ռոմանտիկ ու շռայլ, տղամարդ լինեն ու ձեզ արժանի:
ԱՐՏԱԿԱՐԳ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՄԵԿ ԱՅԼ ԴԵԿՈՐ
Աստված Ձեզ հեռու պահի շառ ու փորձանքից, թունահրդեհապայթունավտանգ նյութերից, համաճարակներից, ճանապարհատրանսպորտային պատահարներից, դժբախտ դեպքերից, սառցալուլաներից ու մերկասառույցից, ձնաբքից ու գլոբալ տաքացումներից, խալխի համար փորած փոսից, բանանի կճեպից ու ոտքի տակ նետված օճառից, սառն ու օտարոտի հայացքից, թթու խոսքից, բռի ու գծուծ, անալի, անհամ ու անհումոր մարդկանցից, կատաղած շներից, առնետներից, ստորաքարշներից, անտարբերներից, թրաֆիկինգից, տեռորիզմից ու կոռուպցիայից:
Մաղթում ենք` սեյսմակայուն ու սողանքակայուն, ջրակայուն ու հրակայուն հույս ու հավատ, գնահատանք-պարգևատրում- նվերների անձրեւ, հաջողությունների ու նվաճումների հեղեղ, հաճելի անակնկալների սելավ, դիմակայող պատվար-պատնեշների, թշնամության ամրոցների փլուզում, համաճարակի միտող համատարած վարակ` բարության ու գթասրտության:
Հրդեհ ու տապակում սիրո կրակներից, ծիծաղի պայթյուն, դրական զգացումների ու տպավորությունների հրաբուխ, երջանկավետ անուրջների, հույզերի ու զվարճանքի փոթորիկ:
Առողջություն, հաջողություն, հաջողակություն, լավ վարձատրվող սրտամոտ աշխատանք, լիարժեք հանգիստ, ինքնաիրացում, ինքնակատարելագործում, երջանկության անափ զգացողություն, հաշտ ու համերաշխ` ինքներդ Ձեզ, բնության ու նրա խորհրդի հետ: