Տավուշ Մեդիայի թղթակիցները մասնակցել են համայնքային ակտիվիզմի լուսաբանման աշխատարանին

Տավուշ Մեդիայի երիտասարդ թղթակիցները սեպտեմբերի 19-20-ին Լոռու մարզի Փոքր Այրում գյուղում մասնակցել են «Համայնքային ակտիվիզմի լուսաբանումը և կեղծ խոսույթներին հակազդումը մեդիայում» թեմայով երկօրյա աշխատարանին։

Աշխատարանը կազմակերպել էր «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն՝ մարզային և երևանյան լրատվամիջոցների լրագրողների ու երիտասարդ թղթակիցների մասնակցությամբ։

Երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկել են, թե ինչպես է մեդիան ձևավորում քաղաքացիական ակտիվիզմի մասին հանրային պատկերացումները, ինչ բառերով ու շրջանակներով են ներկայացվում ակտիվիստները և համայնքային նախաձեռնությունները, և ինչպես կարող է լրագրողական պատմությունը ուշադրությունը բողոքի կամ հակադրության տեսարանից տեղափոխել դրա պատճառների, խնդիրների և համայնքային համատեքստի վրա։

Աշխատարանը հնարավորություն տվեց նոր գործիքներով անդրադառնալ մի կարևոր հարցի՝ ինչպես պատմել համայնքում տեղի ունեցող գործընթացների մասին այնպես, որ պատմության կենտրոնում լինի ոչ միայն հակասությունը կամ բողոքը, այլև դրա պատճառները, մարդկանց իրական խնդիրներն ու այն ձայները, որոնք հաճախ չեն հասնում հանրային խոսակցության դաշտ։