Տավուշ-Միչիգան. կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր
ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։
Հուշագիրը կնքվել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ընթացքում:
Կողմերն իրենց իրավասության շրջանակում և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Տնտեսական բարգավաճումը խթանելու և հանրային ծառայությունները բարելավելու նպատակով կիրականացվեն փոխանակումներ և համագործակցություն տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում:
Միջոցառման ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանը, քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։
Համաժողովը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի, համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։