ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ա I Տուհք, Տուսք, Տուհաց Գավառ, Տավուշ

     Մովսես Խորենացու շնորհիվ մեզ հասած «Վարդգես մանկան վեպ» համարվող հնգատող չափածո զրույցը բանահյուսական մարգարիտ լինելուց զատ Տավուշ գավառի վաղ շրջանի պատմության եզակի ու շատ կարևոր աղբյուր է։ Այդ զրույցի համաձայն ոմն Վարդգես, որը նաև մանուկ էր (այսինքն՝ հերոս, քաջ, կտրիճ երիտասարդ էր) Տուհաց (Տավուշ) գավառից գնում է Արտիմեդ քաղաք՝ Երվանդ արքայի մոտ խնամախոսության։ Պատմահայրը զրույցին կից անմիջապես հայտնում է, որ խոսքը Երվանդ Ա Սակավակյաց (Ք. Ա. 570-ական թթ.) արքայի մասին է և, որ նա Վարդգես մանուկին չմերժելով` նրան կնության է տալիս իր քրոջը։

      Շարունակության մեջ Մովսես Խորենացին նշում է, որ դրանից հետո Վարդգես մանուկը Արտիմեդի հարևանությամբ կառուցում է Վարդգեսավան բնակավայրը, որը հետագայում Վաղարշ Ա (117-140) թագավորն` ամրացնելով, կոչում է Վաղարշապատ։

     Վերոգրյալից պարզվում է, որ Տավուշ գավառի սկզբնական` չհնչյունափոխված, անվանաձևը եղել է Տուհք։ Այն զրույցում օգտագործվել է սեռական հոլովով և նշանակել է տուհերի գավառ։ Ուրեմն գավառն իր անունը ստացել է այնտեղ ապրող տուհ ցեղի անունից։

     Այդ ցեղը հայտնի է եղել ոչ միայն Մովսես Խորենացուն, այլև V դարի մեկ այլ նշանավոր հեղինակի՝ Դավիթ Քերականին։ Այսպիսով, ի հեճուկս պատմության ադրբեջանական կեղծարարների, Տավուշ գավառն ի սկզբանե բնակեցված է եղել հայ ժողովրդի կազմավորմանը մասնակցած հայկական տուհ ցեղով։ Բացի այդ, այն ոչ միայն Երվանդունիների համահայկական թագավորության անբաժան մասն է եղել, այլև Ք. Ա. VII դարի առաջին կեսին մեր երկրի կյանքում զգալի դեր է խաղացել։ Զրույցին պատմահոր հավելածից նաև պարզվում է, որ հայոց հոգևոր մայրաքաղաք Վաղարշապատի համար, որի 2700-ամյակը շուքով նշվեց 2015 թ., հիմք է ծառայել Վարդգես մանուկի կառուցած Վարդգեսավան բնակավայրը։