ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Դ
Վանական վարդապետ Տավուշեցին միջնադարյան հայոց գիտամշակութային, հոգևոր ու հասարակական կյանքի խոշորագույն դեմքերից է։ Ծնվել է 1181 թ. Տավուշ գավառի նույնանուն (այժմ՝ Բերդ) գյուղում։ Նախ ուսանել է իր եղբայր, կուսակրոն քահանա Պողոսի մոտ և 20 ամյա հասակում օծվել քահանա։ Բարձրագույն կրթությունը ստացել է Նոր Գետիկի նշանավոր վարդապետարանում՝՝ դառնալով այդ կրթօջախի ուսուցչապետ, հռչակավոր Մխիթար Գոշի երկու երևելի սաներից մեկը։ Ուսումնառությունն ավարտելուց հետո վարդապետական գավազան ստացած և «կատարյալ գիտնական» դարձած Վանականը վերադառնում է հայրենի գավառ։ Հավանաբար 1209 թ. նա հիմնարկում է Խորանաշատի վանքը, որին կից շատ չանցած բացում է պատմագիտական թեքում ունեցող վարդապետարան։
Խորեմշահ Ջալալ ադ-Դինի հրոսակների կողմից 1229 թ. Խորանաշատի ավերումից հետո Վանական վարդապետն իր աշակերտների հետ հանգրվանում է Տավուշ բերդի հարավակողմում գտնվող Լորուտ գյուղի հանդիպակաց բարձր ժայռի գագաթին «իր աշխատությամբ» փորված քարայրում։ Նոր բնակատեղիում համապատասխան պայմանները ստեղծելով նա շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը։ Այդ քարայրի տեղը, ցավոք, հայտնի չէ։
Սակայն 1236 թ. հուլիսին Վարդավառի օրը մոնղոլական զորքը պաշարում է Վանական վարդապետի քարայրը, որը լցվել էր «տղամարդկանցով, կանանցով ու երեխաներով»։ Երեք օր անց կյանքը վտանգելով Վանականը գնում է մոնղոլ զորապետ Մոլար նոյինի մոտ և խելացի խոսքերով փրկում քարայրում ապաստանածներին։ Սակայն մոնղոլները գերում են Վանական վարդապետին ու նրա աշակերտներին։ Վերջիններիս, բացի երկուսից, հաջողվում է աշնանը փախուստով փրկվել, իսկ Վանական վարդապետին 80 դահեկանով փրկում են Գագ բերդի բնակիչները։
Անխոնջ շինարար-ուսուցչապետը դրանից հետո գնում է Խորանաշատ, այն նորոգում ու կառուցապատումը շարունակում՝ դրան զուգահեռ շարունակելով զբաղվել գիտամանկավարժական ու հասարակական բեղուն գործունեությամբ։ Նա 1238 թ. գնում է Տփխիս և վերադարձնում գերվելիս մոնղոլների խլած երկու ավետարաններից մեկը։ Այն «բազում ծախսով ու աշխատությամբ գնել էին տեղի հայերը»։ Վանականն այդ մասին թողել է ինքնագիր հիշատակարան։ «Մեծ վարդապետ» Վանականը շատ ուսուցիչներով 1240 թ. մասնակցում է Գանձասարի վանքի Սուրբ Հովհաննես եկեղեցու օծմանը։
Նա անձնական ու գործնական սերտ կապեր է ունեցել Ներքին Խաչենի իշխան Հասան Ջալալի, նաև Տավուշ գավառը ներառող Վահրամյանների իշխանության իշխան Վահրամ Գագեցու, Ամենայն Հայոց կաթողիկոս Կոստանդին Բարձրբերդցու (1221-1267 թթ.) և Հայ Աղվանից կաթողիկոս Ներսես Բ-ի (1235-1262 թթ.) հետ։ Լինելով անառարկելի հեղինակությամբ օժտված աստվածաբան, գործուն մասնակցել է դավանաբանական մի շարք խնդիրների լուծմանը, հիմնավորել Դավիթ Ծարեցու գլխավորած աղանդավորական շարժման գաղափարական սնանկությունը։
Վանական վարդապետի մատենագրական ժառանգությունը հարուստ է ու բազմաբովանդակ։ Ցավոք, նրա գլխավոր ու ամենակարևոր աշխատությունը՝ «Պատմություն»-ը, որից օգտվել են ոչ միայն նրա աշակերտները, այլև հետագայի այլ հեղինակներ, չի պահպանվել։ Վանական վարդապետի մեզ հասած գործերից ամենաարժեքավորն իր ժամանակի հանրագիտարանային բառարան հանդիսացող «Հարցմունք և պատասխանիք»-ն է։ Այն գիտական հրատարակության է պատրաստում նրա հայրենակից, ժամանակին շրջանի պատմական Տավուշ անվան վերականգնմանը մեծ նպաստ բերած Գևորգ Տեր-Վարդանյանը։ Իր ուսուցիչ Մխիթար Գոշից հետո հայոց ամենանշանավոր ու հեղինակավոր գիտնական վարդապետ և ուսուցչապետ ճանաչված Վանականը տվել է բազմաթիվ ականավոր աշակերտներ։ Նրանցից են՝ Վարդան վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Ակներցին, Տեր Իսրայելը և այլ մեծություններ, առանց որոնց 13-րդ դարի հայ մշակույթն անհնար է պատկերացնել։
Նրանք ոչ միայն չէին կտրում Վանական վարդապետի հետ իրենց գործնական ու անձնական կապերը, այլև հիացական խոսքեր չէին խնայում իրենց ուսուցչին իբրև գիտնականի, աստվածաբանի, մանկավարժի ու խարիզմատիկ անձնավորության բնութագրելու համար։
«Անձամբն չափահասակ, մեծերես և փոքրաքիթ, լայնամորուս և փառահեղ» Վանական վարդապետն իր մահկանացուն կնքեց 770 տարի առաջ մարտի 18-ին։ Իր ցանկության համաձայն նրա մարմինն ամփոփվեց Խորանաշատի արևելակողմում գտնվող Սուրբ Ճգնավոր եկեղեցու մոտ գտնվող աղքատների գերեզմանոցում։ Ահա Վանական վարդապետի ինքնագիր հիշատակարանը։