ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Ե I Շխմուրադի վանք

Տավուշ գավառի XII-XIV դդ. արժեքավոր ճարտարապետական համալիրներից է նաև Շխմուրատ կոչվող կիսավեր վանքը։ Այն կառուցվել է XII-XIII դդ. Հախում գետի ամբողջ ավազանն ընդգրկած Նոր բերդի Կյուրիկյան իշխանության տարածքում։ Ընկած է Բերդ համայնքի Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ արևմուտք՝ Հախում՝ Վարագաջուր, գետի ձախ ափին։

Շխմուրատի բուն՝ պատմական, անունը հայտնի չէ։ Հայագիտության մեջ քաղաքացիություն ստացած տեսակետի համաձայն Շխմուրատը ոչ թե վանքի անունն է, այլ՝ շրջակա բնակավայրի։ Հախում գետի ափին գտնվելու պատճառով՝ որոշ հեղինակներ այն ենթադրաբար կամ վստահաբար նույնացրել են Գետակիցք կոչվող վանքի հետ։ Սակայն երջանկահիշատակ Հրաչյա Քարտաշյանի համոզիչ դիտարկմամբ և տողերիս հեղինակի լրացուցիչ փաստարկմամբ Գետակիցքը գտնվել է Բերդ համայնքի Այգեձոր գյուղին մերձակա Ներքին Եղցաձոր (Եկեղեցաձոր) կոչվող հնավայրում։

Շխմուրատի հուշարձանախումբը բաղկացած է չորս կառույցից՝ Սուրբ Աստվածածին կոչվող եկեղեցուց, ժամատնից, գավթից ու «Խորանիկ» անունով հայտնի շինությունից։ Եկեղեցի ու խորան եզրույթների նույնականությունից հետևում է, որ մանրածավալ այդ կառույցը վանական համալիրում փոքր եկեղեցու դեր է կատարել։ Նրա մուտքի բարավորի՝ վերնասեմ, վրա մասնավորապես գրված է.

«Ես տ(է)ր Գրիգոր շինեցի զխորանիկս ա(ստուա)ծաբնակ հրամանաւ Սադունոյ մեծի իշխանի»։

Այս Սադունը և ոչ թե Սադորնը (ինչպես վերծանել է Մ. Բարխուդարյանը) «Մեծ և հզոր իշխան» Սադուն Ա Մահկանաբերդցին է՝ Կայան գավառի տերը։ Նա գործել է XII դ. երկրորդ կեսին – XIII դ. սկզբին։

Shmurat vanq, Tavush

Տեր Գրիգորի այս արձանագրության թվականը՝ 1181, փաստում է, որ «Խորանիկ»-ը Շխմուրատի վանական համալիրի հնագույն կառույցն է։ Նրան ժամանակագրորեն հաջորդողը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, ինչը երևում է նրա 1248 և 1264 թվակիր արձանագրություններից։ Դրանք հիմք են տալիս պնդելու, որ այդ եկեղեցու կառուցումը տևել է շուրջ 20 տարի։

Վանական համալիրի մյուս շինությունների կառուցման ժամանակը հայտնի չէ։ Սակայն, ինչպես նկատվել է՝ ժամատունը եկեղեցուն, իսկ գավիթը դրան ու ժամատանը կցված լինելը վկայում են, որ ժամատունը կառուցվել է XIII դ. վերջին, իսկ գավիթը XIV դ. սկզբին։ «Խորանիկ»-ից բացի Շխմուրատի մնացած կառույցների հեղինակներն անհայտ են։ Այս վանական համալիրը ժամանակին պատված է եղել պարսպով, որի աննշան հետքերն են պահպանվել։

Գրչագիր ու վիմագիր այլ աղբյուրներում չվկայված այս հուշարձանի պատերին ու տարածքում պահպանվել է 16 արձանագրություն։ Ժամանակագրորեն վերջինը գավթում գտնվող խաչքարի վրայի 1619 թվակիր արձանագրությունն է։ Դա վկայում է այդ ժամանակ վանքի՝ իբրև հոգևոր հաստատության, գործելը։