ՏԱՎՈՒՇԱՊԱՏՈՒՄ Գ I Տավուշի բերդը

Տավուշ բերդը եղել է միջնադարյան Հայաստանի հզոր ու նշանավոր ամրություններից մեկը։ Սմբատ Ա թագավորը (890-914թթ․) այն վստահաբար կառուցել է 895-910թթ․ միջակայքում։ Այդ բերդի կառուցմամբ նա խնդիր է ունեցել ամրապնդելու իր իշխանությունը Ուտիքի Աղուէ ու Տավուշ և Գուգարքի Ձորոփոր գավառներն ընդգրկող անհնազանդ Ուտի վարչական միավորում, միաժամանակ ամրապնդելով Հայաստանի հյուսիս արևելյան սահմանների պաշտպանությունը։

Տավուշ բերդն իր փոթորկուն պատմության ընթացքում քանիցս ենթարկվել է տարատեսակ թշնամիների հարձակումներին, գրավվել և անցել ձեռքից ձեռք։ Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, այն ճակատագրի հեգնանքով առաջին անգամ մի կարճ ժամանակով գրավվել (հափշտակվել) է ներքին թշնամու՝ Աշոտ Բ Երկաթ թագավորի (914-928թթ․) դեմ 921թ․ ապստամբած դավաճան Ցլիկ Ամրամի՝ Ուտիքի կառավարչի կողմից։

Բագրատունյաց թագավորության անկումից հետո (1045թ․) այն անցել է Բյուզանդիային, ապա Բագրատունիների ժառանգորդ Կյուրիկյաններին, որոնք 1088թ․ հպատակվել են Գանձակի Էլտկուզյան մալիքությանը։ Վրաց թագավոր Դավիթ IV Շինարարը (1089-1125) Տավուշ բերդը 1124թ․ գրավել է։ Սակայն շատ չանցած՝ 1130-ական թթ․ վերջին, Գանձակի Էլտկուզյան մալիքության կառավարիչ Ղարա Սոնկուրն այն խլել է նրա որդի Դեմետրեից (1125-1155) և թողել Կյուրիկյանների տիրապետության տակ։

Մի քանի տարի անց՝ 1144թ․ Պարսկաստանից եկած ոմն Չավլի զորապետ 40 օրյա պաշարումից հետո Տավուշ բերդը գրավել է։ Այնուհետև, մինչև 1203թ․, Զաքարյանների Վահրամյան ճյուղին պատկանող իշխան Բլուզ Զաքարեի կողմից գրավվելը (ազատագրվելը) Տավուշ բերդը եղել է սելջուկյան տիրապետության տակ։ Վերջին անգամ Տավուշ բերդը գրավվել է 1236թ․ ամռանը՝ մոնղոլ զորապետ Մոլար նոյինի կողմից։ Գրիգոր Ակներցու վկայությամբ մոնղոլները Տավուշը «գործով» գրավել են։ Դրանից հետևում է, որ այն ընկել է համառ դիմադրությունից հետո։ Շատ չանցած այդ հզոր բերդը դադարեցրել է իր գոյությունը, քանի որ հյուսիսային Հայաստանի այլ ամրությունների նման մոնղոլների կողմից ավերվել է։

Տավուշ բերդն ու շրջակայքն արևելակողմից (1935թ)։ Լուսանկարի հեղինակը նշանավոր հայագետ Սմբատ Տեր-Ավետիսյանն է։