Տավուշեցի արձակագիր Գայանե Փայտյանի «Ասպրամ» վեպը՝ արդեն ընթերցողի սեղանին

Մայիսի 30-ին Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ ծննդով այգեպարցի արձակագիր Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը։

Շնորհանդեսի միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդը, ժամանակակից բանաստեղծներ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ։

Միջոցառման ընթացքում ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի ընթերցմամբ հնչեցին հատվածներ վեպից։ Շնորհավորանքի խոսքեր հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

«Ասպրամ» վեպը Տավուշում ապրող կնոջ պատմություն է․ սա է այն գլխավոր պատճառը, որ որպես շնորհանդեսի կայացման վայր ընտրվել է Տավուշը։ Հեղինակի խոսքով՝ վեպի ոգեշնչման աղբյուրն իր հայրենի Տավուշում գտնվող Ցլիկ Ամրամի բերդն է, Ասպրամի կերպարն ու նրա ունեցած ապրումները։ Ասպրամը` հայոց պատմության՝ 10-րդ դարից հայտնի կերպարը, կնոջ ներքին դրամատիկ շղթաների անցումների մի ամբողջ համակարգ է ենթադրում։

2006թ․ -ից բնակություն հաստատելով Ռուսաստանում, ապրելով միայնության զգացումով՝ Գայանեն իրեն նույնացրել է հենց Ասպրամի հետ։ «Ասպրամ» վեպը տպագրվել է «Արմավ» հրատարակչությունում։