«Շարունակություն»․ Տավուշի արվեստագետները համախմբվել են Բերդի համայնքային պատկերասրահում

Տավուշի արվեստագետների ստեղծագործությունները մեկ հարկի տակ են համախմբվել Բերդ քաղաքում։ Տարբեր ձեռագրեր, գեղարվեստական մոտեցումներ ու անհատական ընկալումներ․ Բերդի համայնքային պատկերասրահում բացվել է «Շարունակություն» խորագիրը կրող խմբակային ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը Տավուշի նկարիչների երկրորդ համատեղ նախաձեռնությունն է։ Ինչպես նշում է Տավուշի նկարիչների մասնաճյուղի ղեկավար Ռոմեո Մելիքյանը, այս անգամ ցուցահանդեսն առանձնանում է մասնակիցների մեծ թվով և ներկայացված աշխատանքների բազմազանությամբ։

«Սա մեր երկրորդ ցուցահանդեսն է։ Այս անգամ հատկանշական է նրանով, որ մասնակիցների թիվն ավելի մեծ է, իսկ ոճերը՝ բազմաժանր։ Առաջիկայում կլինեն նաև անհատական ցուցահանդեսներ։ Բացի Տավուշի նկարիչներից՝ նախատեսում ենք հարթակ տրամադրել նաև այլ հեղինակների՝ իրենց աշխատանքները ներկայացնելու համար», — իր խոսքում նշեց Նկարիչների միության Տավուշի մարզի մասնաճյուղի ղեկավար Ռոմեո Մելիքյանը։

Նախաձեռնությունն իրականացվել է Բերդի համայնքապետարանի և Հայաստանի նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի համագործակցությամբ։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ մարզերում մշակութային կյանքի զարգացումն ու արվեստագետների համար ցուցադրվելու հնարավորությունների ստեղծումը միության կարևոր ուղղություններից են։

«Հայաստանի նկարիչների միությունը կարևորում է մարզային մշակութային կյանքի զարգացումը։ Այս հաստատությունը դրա վառ ապացույցն է։ Այսօր մենք կանգնած ենք մի վայրում, որի գոյությունը դեռ մեկ տարի առաջ շատերի համար անհավանական կթվար։ Իսկ այսօր այստեղ մարդիկ հավաքվում են, շփվում արվեստի հետ, ծանոթանում նոր անունների։ Վստահ եմ՝ Բերդից ևս կունենանք նոր արվեստագետներ, որոնք մեր վաղվա նկարիչներն ու մշակույթի գործիչները կլինեն», — նշեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են Տավուշի չորս համայնքների արվեստագետների աշխատանքները։ Տարբեր թեմաներով ու գեղարվեստական լուծումներով ստեղծված գործերն արտացոլում են տարածաշրջանի ստեղծագործական ներուժն ու արվեստագետների անհատական մոտեցումները։

Արվեստագետ Դանիել Խեչյանը ցուցահանդեսին ներկայացրել է երկու աշխատանք, որոնք ստեղծել է 2022 և 2024 թվականներին։ Նրա խոսքով՝ համայնքային պատկերասրահում առաջին անգամ ցուցադրվելն ու հանդիսատեսի հետ անմիջական շփումը կարևոր հնարավորություն են ստեղծագործողների համար։

«Շարունակություն» խորագիրն ընդգծում է արվեստի անընդհատ ընթացքը, ստեղծագործական ավանդույթների փոխանցումն ու նոր գաղափարների ծնունդը։ Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները ոչ միայն մշակութային կյանքն են աշխուժացնում, այլև համայնքի բնակիչներին հնարավորություն տալիս հաղորդակից դառնալու արվեստին։

«Ուրախությամբ ենք արձանագրում, որ այս հարթակը հնարավորություն է ստեղծում համայնքի բնակիչներին գեղեցիկն ու բարին մատուցելու և աշխուժացնելու համայնքը։ Շատ ուրախ ենք, որ այսօր այստեղ ներկա են տարբեր համայնքներից ժամանած արվեստագետներ։ Հուսով եմ՝ նրանք կտեսնեն մեր հրաշալի բնաշխարհի գույներն ու նոր ոգևորություն և ներշնչանք կստանան», — ասաց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Ցուցահանդեսի այցելուների համար ևս նախաձեռնությունը կարևոր մշակութային իրադարձություն է։ Բերդում նման ցուցադրությունները հնարավորություն են ստեղծում հանդիպելու արվեստագետների հետ, ծանոթանալու նրանց աշխատանքներին և բացահայտելու նոր ստեղծագործական անուններ։

«Ողջունելի է այս նախաձեռնությունը, որովհետև հեռավոր քաղաքում նման միջոցառումներ հաճախ չեն կազմակերպվում։ Իսկ կազմակերպելն արդեն իսկ մեծ իրադարձություն է դառնում։ Բացի այդ, այստեղ հանդիպում ենք բազմաթիվ մարդկանց, ովքեր կարևոր դեր ունեն մեր մշակութային կյանքում», — նշեց ցուցահանդեսի այցելուներից Լուսինե Թումանյանը։

«Շարունակություն» ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է՝ բացահայտելու Տավուշի գեղարվեստական ներուժը, արժևորելու տեղական արվեստն ու ստեղծելու նոր համագործակցություններ։ Նախաձեռնության հեղինակները նախատեսում են շարունակել ցուցահանդեսային ծրագրերը՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը և Բերդի համայնքային պատկերասրահը դարձնելով արվեստագետների հանդիպման ու ստեղծագործական երկխոսության հարթակ։