Տավուշի մարզի դպրոցներից մեկում փոխտնօրենը ծեծել է աշակերտին. նա ձերբակալվել է

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի աշխատակիցը դպրոցում ծեծի է ենթարկել 9/Բ դասարանում սովորող 14-ամյա աշակերտին, որի հետևանքով երեխայի մարմնի վրա առաջացել են կապտուկներ:

Նույն օրը երեխան հրավիրվել է բաժին, որը կատարվածի վերաբերյալ մայրիկի և մանկավարժի ներկայությամբ հայտնել է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Աչաջուր բնակավայրի Հ. Թամրազյանի անվան դպրոցի 9/Բ դասարանում դասաժամի ընթացքում իր պայուսակում էլ. ծխախոտի փոխարինիչ հայտնաբերելուց հետո նույն դպրոցի ուսուցիչ, Տավուշի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա․-ն մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դուրս է բերել միջանցք, կրկին հարվածներ հասցրել, ապա տարել է դպրոցի տնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 42-ամյա Ստելլա Փ․-ի աշխատասենյակ և 2 անգամ հարվածել մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արմենակ Ա․-ն, ով դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրենն է, ձերբակալվել է, հաղորդման և կից փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: