Տավուշի հողի չբացահայտված ներուժը․ ավանդույթից՝ նոր գյուղատնտեսական հնարավորություններ

Տավուշը միայն իր բնությամբ ու բերրի հողերով չէ, որ առանձնանում է։ Մարզն ունի գյուղատնտեսական հարուստ ներուժ, որը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է դառնալ համայնքների տնտեսական զարգացման կարևոր հենասյուներից մեկը։ Սակայն բնական բարենպաստ պայմանները դեռևս բավարար չեն․ անհրաժեշտ են գիտելիք, նոր մոտեցումներ, իրացման հնարավորություններ և, ամենակարևորը, տեղական նախաձեռնություններ։ Նոյեմբերյան համայնքից տոհմիկ գյուղատնտես, փորձագետ Դերենիկ Բեջանյանը համոզված է՝ Տավուշի հողն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան այսօր օգտագործվում է։

Նոյեմբերյանի գյուղատնտեսական ավանդույթները ձևավորվել են տասնամյակների ընթացքում։ Եթե նախկինում տարածաշրջանում գերակշռում էին դեղձի այգիները, ապա այսօր գյուղացիներն աստիճանաբար անցնում են բազմամշակութային այգեգործության՝ փորձելով աճեցնել նաև թուզ, նուռ, ձիթապտուղ և այլ պտղատեսակներ։

Լճկաձոր գյուղում գյուղատնտես Բեջանյանը շարունակում է ընտանեկան գյուղատնտեսական ավանդույթները, հարկ եղած դեպքում օգնության հասնում այգիներում աշխատող իր համերկրացիներին, նաև զբաղվում է հազվագյուտ ծառատեսակների բազմացմամբ ու պատվաստմամբ։ Նրա նախաձեռնություններից մեկը Կարմիր գրքում ընդգրկված արջատխլենու բազմացումն է՝ միավորելով բնապահպանական նշանակությունն ու տնտեսական հեռանկարը։ նույնիսկ բարենպաստ բնակլիմայական պայմաններն ու գյուղացու փորձը միշտ չէ, որ բավարար են արդյունք ստանալու համար։

Գյուղատնտեսության զարգացմանը խոչընդոտում են իրացման դժվարությունները, ոլորտային տեղեկատվության պակասը, մասնագիտական աջակցության և վերամշակման հնարավորությունների սահմանափակ լինելը։ Անհրաժեշտ են համակարգված ծրագրեր, համագործակցություն և համայնքի տնտեսական ներուժը բացահայտող նախաձեռնություններ։

Տավուշի գյուղատնտեսական զարգացման հեռանկարը, թերևս, հենց այսպիսի պատմությունների մեջ է՝ մարդկանց, որոնք իրենց գիտելիքով ու աշխատանքով փորձում են նոր հնարավորություններ ստեղծել սեփական համայնքում։ Համայնքի զարգացումը ընդհանուր գործ է, որտեղ բնակիչն իր փորձով, գաղափարով ու մասնակցությամբ կարող է ազդել փոփոխություններ բերել։ Իսկ Տավուշի հողը այդ փոփոխությունների համար դեռ շատ չօգտագործված հնարավորություններ ունի։