Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է օգոստոս ամիսը
Բնակչության պաշտպանվածությունը բարձրացնելու, մարզին, համայնքներին և բնակավայրերին բնորոշ աղետների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելու, իրազեկելու, ինչպես նաև վարքականոնների մասին ուսուցանելու նպատակով ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացրել են մի շարք միջոցառումներ։
Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է մարզի Բերդի համայնքապետարանում անցկացված «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը, որի նպատակն էր ստուգել համայնքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի տեսական ունակությունները՝ ՔՊ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ:
Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից ՇՄՆ Էկոպարեկային ծառայության ՀՀ Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի վարչական շենքի տարածքում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման աշխատանքների իրականացումը խոշոր անտառային հրդեհների դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ կարևորելով կազմակերպության ղեկավար կազմի՝ անտառային հրդեհների սպառնալիքի դեպքում, պատրաստության ստուգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների նվազեցման ու վերացման գործում կազմակերպության կազմավորումների ղեկավար կազմի հմտությունների և ունակությունների կատարելագործումը, մասնակիցների փոխհամագործակցության մակարդակի բարձրացումը։
Ջոկատի կողմից հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացվել նաև Իջևան քաղաքի կարի արտադրամասում՝ «Հրդեհաշիջման և տարհանման միջոցառումների կազմակերպումը արտադրական օբյեկտներում» թեմայով։
Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է նաև «Իջևանի ԲԿ» ՓԲԸ–ում անցկացված օբյեկտային վարժանքին՝ «Խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել բժշկական կենտրոնի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները խաղաղից ռազմական դրության անցման դեպքում:
Ամսվա ընթացքում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում, Արճիս, Դովեղ, Դեղձավան, Բագրատաշեն, Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրերում անց են կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:
Միջոցառումների շրջանակում Տավուշի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները մի շարք բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում պարբերաբար իրականացրել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հրդեհների առաջացման և տարածման վտանգի կանխարգելմանը: