Տավուշի մարզի ամենավթարավտանգ հատվածում 3 տարվա ընթացքում գրանցվել է 21 պատահար

Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին ճանապարհահատվածը վերջին երեք տարվա վիճակագրական տվյալներով Տավուշի մարզի ամենավթարավտանգ ճանապարհահատվածն է։ Միայն այս հատվածում վերջին երեք տարվա ընթացքում արձանագրվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 61-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2023 թվականին Տավուշի մարզում գրանցվել է 150 ճանապարհատրանսպորտային պատահար, զոհվել է 14 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 246-ը։
2024 թվականին արձանագրվել է 137 պատահար․ զոհվել է 11 մարդ, 246-ը՝ վիրավորվել։ 2025 թվականին դեպքերի թիվը հասել է 168-ի․ զոհվել է 9 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել՝ 347 անձ։

Այս ճանապարհահատվածն ամենօրյա ակտիվ օգտագործման մեջ է․ այստեղով երթևեկում են թե՛ թեթև մարդատար, թե՛ բեռնատար ավտոմեքենաներ։ Տարածքն առանձնանում է ինտենսիվ երթևեկությամբ, սակայն միաժամանակ ունի ռիսկային առանձնահատկություններ։ Տեսանելիության սահմանափակ հատվածները, արագության պահպանման հետ կապված խնդիրները, վտանգավոր վազանցները և վարորդների անուշադրությունը հաճախ դառնում են պատահարների հիմնական պատճառ։ Յուրաքանչյուր սխալ որոշում այս ճանապարհին կարող է արժենալ շատ ավելի թանկ, քան մի քանի կորցրած վայրկյանը։

Պարեկային ծառայությունից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում տվյալ հատվածում արձանագրված 21 պատահարների վերլուծությունը ցույց է տալիս՝ հիմնական պատճառները կապված են արագության գերազանցման, վտանգավոր վազանցի և վարորդների անուշադրության հետ։

«Ոստիկանությունը պարբերաբար ուժեղացնում է հսկողությունն այս հատվածում, սակայն միայն վերահսկողությունը բավարար չէ․ անհրաժեշտ է նաև վարորդների պատասխանատու վարքագիծը։ Անվտանգ երթևեկությունը սկսվում է յուրաքանչյուր վարորդի պատասխանատվությունից։ Յուրաքանչյուր խախտում կարող է ունենալ անդառնալի հետևանքներ»,– նշում են ծառայությունից։

Ճանապարհային անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս։ Հարգելի վարորդներ, պահպանեք երթևեկության կանոնները, եղեք առավել զգոն երթևեկության ընթացքում։