Տավուշի մարզի Լուսաձոր բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է

2025 թվականի մարտի 17-ին` ժամը 16։46-ին, ահազանգ է ստացվել, որ Լուսաձոր-Գետահովիտ բնակավայրերի վարչական սահմանում հրդեհ է բռնկվել։ Օպերատիվորեն կազմակերպվել է համապատասխան արձագանքում, դեպքի վայր են մեկնել Տավուշի ՄՓՎ ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի անձնակազմը։

ՆԳՆ փրկարար ծառայությունում հայտարարվել է անձնակազմի հավաք։

Դեպքի վայրում իրականացվել է անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հետախուզություն, որը հնարավորություն է տվել ստանալ ծավալուն և հստակ պատկեր հրդեհի տարածման և օջախների մասին։

Պարզվել է, որ երկու օջախներով այրվում է մոտ 30 հեկտար բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքները կենտրոնացվել են երկու հիմնական տեղամասերում՝ բլրի գագաթին և ստորոտում, որտեղ իրականացվել են ինտենսիվ և համակարգված աշխատանքներ՝ կրակի տարածման կանխարգելման նպատակով։

Տեղանքի բարդ ռելիեֆի և որոշ հատվածներում մոտեցման ուղիների բացակայության պայմաններում, փրկարարները ստիպված են եղել հրդեհի օջախներին հասնելու համար դժվարանացանելի հատվածներն անցնել ոտքով՝ որտեղ տեխնիկայի մուտքն անհնար էր։ Միաժամանակ, առավել նպաստավոր և հասանելի հատվածներում, որտեղ տեղանքի պայմանները թույլ են տվել, կիրառվել է բարձր անցանելիություն ունեցող տեխնիկա։

Հրդեհի դեմ արդյունավետ պայքարելու նպատակով արձագանքմանը ներգրավվել է նաև Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 80 փրկարարական ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին տեղում հետևել են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները:

Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 120 փրկարարական ծառայող և 25 միավոր տեխնիկա, որից՝ 10 հիմնական, 15 հատուկ և օժանդակ։ Աշխատանքներին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայության 13 աշխատակից և բնակավայրի 8 բնակիչ: Հրդեհաշիջման երկու տեղամասերում հաջողվել է մարել 125 ծխացող օջախ։

Ծավալուն օպերատիվ գործողությունների արդյունքում  մարտի 19-ին՝ ժամը 10:14-ին,  հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի հետագա տարածումը և մարել հրդեհը։