Տավուշի մարզպետարանում կայացավ Լիլիթ Չիբուխչյանի երեք գրքերի շնորհանդեսը
«Գթության մայր» միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանի գրած գրքերը կրկին Տավուշի մարզը միավորել էին մեկ հարկի տակ։ Լույս տեսած 3 նոր գրքերում ներկայաված են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների կյանքի պատմությունը, նրանց մարտական ուղին ու սխրագործությունները: Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցան Լիլիթ Չիբուխչյանի «Պահիր վերջին փամփուշը, որդիս», «Սիրո ուժը, երկինք, երկիր» և «Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք» գրքերի շնորհանդեսները:
«Պահիր վերջին փամփուշը, որդիս» վերնագրով գիրքը նվիրվում է բոլոր հերոսածին մայրերին: Այս միջոցով հեղինակն իր երախտագիտությունն ու խոնարհման խոսքն է հղում բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի համար դաստիարակեցին նվիրյալ զավակներ:
«Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք»․ այս վերնագրով գիրքը պատմում է մեր անմահացած տղերքի՝ նրանց կյանքի ու հերոսությունների, երազանքների ու նպատակների մասին, իսկ «Սիրո ուժը, երկինք, երկիր» գիրքը հերոսների կանանց` այրիների մասին է:
Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի սաները, «M» պարային համույթը և ԵՊՀ ԻՄ ուսանողները:
Միջոցառման վերջում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողներին «Գթության մայր» Միջազգային միության կողմից հանձնվեցին գրքերից օրինակներ, պատվոգրեր ու մեդալներ: