Տավուշի մարզում 5 կրթահամալիր ու 8 դպրոց կկառուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ 224 մլն 100 հազար դրամ գումար կուղղվի Տավուշի ու Վայոց ձորի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշում է, որ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: Տավուշի մարզում կրթահամալիրների ստեղծման համար ընտրվել են հետևյալ 5 բնակավայրերը՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն ու Ոսկևան:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որոնց դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր։ Տավուշի մարզում այդ դպրոցներն են՝ Այրումի Հ.Մալինյանի անվան միջնակարգ դպրոցը, Կոթիի միջնակարգ դպրոցը, Բագրատաշենի Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Այգեձորի միջնակարգ դպրոցը, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցը (կկառուցվի միջնակարգ դպրոց), Կողբի Ջ.Կարախանյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցը ու Սևքարի միջնակարգ դպրոցը:

Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ, – հավելեց նախարարը։