Տավուշի մարզում մեկնարկեց ագրոզբոսաշրջային ցանցի ստեղծման ծրագիրը

Տավուշի մարզում մեկնարկեց Ֆրանսիայի Օ՛դը Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզպետարանի համատեղ ծրագրային գործողությունը, որի նպատակն է ստեղծել մարզային ագրոզբոսաշրջային ցանց՝  նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը, տեղական արտադրանքի խթանմանը և զբոսաշրջային նոր հնարավորությունների ստեղծմանը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է միավորել Տավուշի մարզի գյուղատնտեսական, զբոսաշրջային և համայնքային ներուժը՝ ձևավորելով համագործակցության նոր հարթակներ։ Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել փոքր և միջին տնտեսություններին, զարգացնել ագրոզբոսաշրջային ծառայությունները և բարձրացնել մարզի ճանաչելիությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային հարթակներում։

«Այս միջոցառումը Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության շատ լավ օրինակ է, մասնավորապես՝ Օ՛դը Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև համագործակցության։ Կարևոր է զարգացնել տեղական դերակատարների կարողությունները, ստեղծել տեղական հնարավորություններ, հատկապես՝ գյուղատնտեսության ոլորտում, և ավելի կոնկրետ՝ ագրոզբոսաշրջության ուղղությամբ, որն այսօրվա միջոցառման հիմնական թեման է։ Շատ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի, Օ՛դը Սեն դեպարտամենտի և Տավուշի մարզի միջև համագործակցության նշանակությունը՝ նոր աշխատատեղեր, երիտասարդների համար հնարավորություններ ստեղծելու և այն գյուղատնտեսական տնտեսություններին աջակցելու տեսանկյունից, որոնք ցանկանում են զբաղվել ագրոզբոսաշրջությամբ», — Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կամավոր Վալենտին Գաբարը:

Ծրագրի հիմնական ուղղություններից են տեղական արտադրողների կարողությունների զարգացումը, գյուղական բնակավայրերում զբոսաշրջային առաջարկների ձևավորումը, ինչպես նաև բնության, մշակույթի և գյուղատնտեսության համադրությամբ նոր երթուղիների ստեղծումը։

Փորձագետների գնահատմամբ՝ Տավուշն ունի ագրոզբոսաշրջության զարգացման մեծ ներուժ․ մարզի բնական լանդշաֆտները, ավանդական գյուղատնտեսությունը, տեղական խոհանոցը և մշակութային ժառանգությունը կարող են դառնալ զբոսաշրջային նոր արտադրանքի հիմք։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև փորձի փոխանակում ֆրանսիական գործընկերների հետ՝ կիրառելով գյուղական զարգացման և կայուն զբոսաշրջության ոլորտում հաջողված մոտեցումներ։

Տեղական ագրոզբոսաշրջային ցանցի ձևավորումը նպատակ ունի ստեղծել միասնական ցանց, որտեղ գյուղական տնտեսությունները, զբոսաշրջային կառույցները և համայնքները կկարողանան համատեղ ներկայացնել մարզի հնարավորությունները՝ ձևավորելով մրցունակ և գրավիչ զբոսաշրջային ուղղություն։