Տավուշի մարզում նշել են Բարեկենդանի տոնը

Բարեկենդան

Հայ Առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշել է Բարեկենդանի տոնը։ Բարեկենդան, որ բառացի նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Որպես ժողովրդական տոնախմբության օր` Բուն Բարեկենդանին, բնորոշ է կերուխում, տարբեր խաղեր՝ ձիարշավ, սրախաղ, թատերախաղ, տարբեր կենդանիների դիմակներով տոնախմբություն։

Իջևանում՝ համայնքի բնակիչները ու այլ մարզերից Տավուշ այցելած հյուրերի հետ միասին նշել են Բարեկենդանի տոնը «Թամզարա» մշակութային նախաձեռնության հերթական միջոցառման կյանքի կոչմամբ, որն ուղեկցվել է ազգային երգուպարով, խաղերով։

«Մընք մըրունցով հվաքվիցինք գյուղամիջումը, հըրսանիք արինք, ազգային պարեր պար եկանք, երգեցինք, հաղ-մաղ արինք, վերջում Խանփաշային էլ մի լավ տաս տըվինք։ Ամենավերջում էլ մըր տատըրի ու մամանըրի սարքած փսալին, խավիծը, կյաթեն, փախլավըն ու էլի լիքը լավ պաներ կըրանք․»

Սահմանամերձ Այգեձոր գյուղում ևս նշել են Բարեկենդանի տոնը։ Օրվա մասին մեզ պատմելու է Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանը։

Սիրելի հետևորդներ, կարող եք մեզ ուղարկել Բարեկենդանի տոնից լուսանկարներ ու տեսանյութեր, և դրանք կհայտնվեն մեր եթերում ու էջերում: