Տավուշի մարզում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման խնդիրները

Տավուշի մարզում անցկացվեց Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում պատրաստված՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրման խոչընդոտները Տավուշի մարզում» զեկույցի կլոր-սեղան քննարկումը։
Քննարկմանը մասնակցեցին ոլորտի պատասխանատուներ, համայնքային ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ կողմեր։
Ծրագրի շրջանակում իրականացվել է Տավուշի մարզում բնակվող կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական խնդիրների ուսումնասիրություն։ Այն նպատակ է ունեցել բացահայտելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, մասնավորապես՝ կանանց և աղջիկների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը խոչընդոտող հիմնական խնդիրները, առկա մարտահրավերներն ու աջակցության կարիքները։
Կլոր-սեղան քննարկման ընթացքում ներկայացվեցին ուսումնասիրության հիմնական արդյունքները, արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները։ Մասնակիցները քննարկեցին նաև հնարավոր լուծումներն ու հետագա համագործակցության ուղիները՝ ուղղված տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման և իրավունքների պաշտպանության ամրապնդմանը։ Կարևորվեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք նպաստում են բազմակողմանի երկխոսությանն ու տեղահանված անձանց խնդիրների հասցեական լուծումների մշակմանը։