Վարդավառը հայ ժողովրդի ամենասիրված և ամենասպասված տոներից է, որը Տավուշի մարզում անհիշելի ժամանակներից նշվում է առանձնահատուկ շուքով։ Ամեն տարի տոնական միջոցառումներին մասնակցում են հազարավոր քաղաքացիներ և հյուրեր, ուստի հասարակական կարգի և անվտանգության ապահովումը դառնում է առաջնահերթություն։
Այդ նպատակով ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային ստորաբաժանումները և Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները հուլիսի 26-ի վաղ առավոտից մարզի ողջ տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկաններն ու փրկարարները շրջել են բնակավայրերում, հանգստի գոտիներում և դրանց հարակից տարածքներում, իրականացրել մշտական հսկողություն և քաղաքացիներին հիշեցրել անվտանգության կանոնների պահպանման կարևորության մասին։
Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ Վարդավառի օրերին մարդկանց մեծ հոսքով և ակտիվ հանգստով պայմանավորված՝ մարզում գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարներ, ջրահեղձման ողբերգական դեպքեր, անտառներում մոլորվելու դեպքեր, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման վտանգներ։ Հենց այդ ռիսկերը հաշվի առնելով՝ տոնի նախօրեին և տոնական օրերին Տավուշ Մեդիան իրականացրել է իրազեկման և բացատրական աշխատանքներ՝ հանրությանը պարբերաբար ներկայացնելով անվտանգության կանոնները։ Տարածվել են զգուշացումներ ջրային տարածքներում, ճանապարհներին և անտառներում անվտանգ վարքագծի վերաբերյալ, ինչը նպաստել է քաղաքացիների ավելի պատասխանատու վերաբերմունքին։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզի ճանապարհներին՝ կարգավորելով երթևեկությունը և ձեռնարկելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ՝ հնարավոր պատահարները բացառելու նպատակով։
Հաշվի առնելով նաև Տավուշում Վարդավառը բնության գրկում նշելու ավանդույթը՝ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացրել անտառային տարածքներում՝ կանխելով հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկերը։
Ձեռնարկված համալիր միջոցառումների շնորհիվ Վարդավառի տոնակատարություններն այս տարի Տավուշի մարզում անցել են հանգիստ, անվտանգ և առանց լուրջ միջադեպերի:





