Տավուշի մարզում զգում են արևի ուժը

Իջևան քաղաքի թիվ 1 մանկապարտեզում ավարտվել են «Արևի ուժ» ծրագրով նախատեսված աշխատանքները․ հաստատության տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, որոնք արդեն առաջիկայում կապահովեն կայուն և էներգախնայող էլեկտրամատակարարում։ Նախագիծը միտված էր նվազեցնել մանկապարտեզի կոմունալ ծախսերն ու խթանել շրջակա միջավայրին բարեկամ տեխնոլոգիաների ներդրումը Տավուշի մարզում։
Արևային համակարգերի տեղադրումն իրականացրել է «Արփի սոլար» ընկերությունը։ Ընկերության մասնագետների խոսքով՝ նոր կայանի արդյունավետությունը հնարավորություն կտա զգալիորեն նվազեցնել էլեկտրաէներգիայի ամսական վարձավճարները, իսկ տնտեսված միջոցները կուղղվեն հաստատության այլ կարիքներին։
Ծրագրի նախաձեռնող «Դու Կարող Ես» հասարակական կազմակերպությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության աջակցությամբ, մանկապարտեզում իրականացրել է նաև կրթական բաղադրիչ։ Դասընթացների ընթացքում երեխաները, ծնողները և դաստիարակները ծանոթացել են էներգախնայող վարքագծի ձևավորման հիմունքներին, արևային էներգիայի կիրառության առավելություններին և շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը։ Համայնքի համար այսօրինակ նախաձեռնություններն առաջնային են:
Տավուշի մարզում էներգախնայող ծրագրերի զարգացման հերթական քայլն արվեց. առաջիկայում Իջևանի թիվ մեկ մանկապարտեզում կզգան ու կտեսնեն «Արևի ուժը»: