Տավուշի տուրիզմի ակումբի այս տարվա առաջին հանդիպումը կայացել է Դիլիջանում
Դիլիջանի «Պոպոք» հյուրատանը փետրվարի 3-ին կայացավ Տավուշի տուրիզմի ակումբի 2023 թվականի առաջին հանդիպումը: Միջոցառումը կրկին մեկ հարթակում միավորել էր Տավուշի զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչներին: Հանդիպումը մեկնարկեց Տավուշի մարզում զբոսաշրջության ոլորտին առչվող իրականացվող ու իրականացվելիք ծրագրերի ներկայացմամբ․ դրանց մասին խոսեց Տավուշի տուրիզմի զարգացման գործակալության տնօրենը:
Այնուհետև Տավուշի տուրիզմի նորաստեղծ ակումբի ստեղծման ու ծավալած գործունեության մասին խոսեց «Մոդուս Քընսալթինգ» ընկերության տնօրենը: Միջոցառումը նշանավորվեց նաև Դիլիջանի «Հովազ» գինիների շնորհանդեսով:
Հանդիպմանը Տավուշ Մեդիայի ներկայացուցիչը ևս ելույթով հանդես եկավ՝ ներկայացնելով մարզային մեդիայի գործունեության ամփոփ պատկերն ու խոսելով համագործակցության հնարավոր եղանակների մասին։
Հանդիպման ընթացքում ներկաները նաև ոգեշնչող, ոգևորող ու սեփական ապրանքանիշների ստեղծման պատմություններով կիսվեցին: Ընթացքում մասնակիցները ներգրավվեցին 3 աշխատանքային խմբերում. խմբային քննարկումներն ընթացան «Ստեղծագործական արդյունաբերություն ու տուրիզմ», «Դեստինացիաների կառավարման կազմակերպությունը տուրիզմում» և «Արժեշղթան տուրիզմում» թեմաներով: Միջոցառման վերջին բաղադրիչը ցանցային բլոգն էր, որով ներկա մասնակիցները միմյանց հետ համագործակցության հնարավորություններ ստեղծեցին: