Տավուշոտ պոեզիա․ «Ի՞նչ թաքցնեմ»․ Համո Սահյան

Շարունակում ենք ձեզ ներկայացնել հայ մեծերի պոեզիան՝ համեմելով մի կաթիլ տավուշյան ոգեշնչմամբ։ Համո Սահյան․ «Ի՞նչ թաքցնեմ»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Ձեր էկրաններին աշնանային Իջևանն ու սարերն են։ Երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի։ 

 

Ի՞ՆՉ ԹԱՔՑՆԵՄ

Էլ բան չունեմ

Ես աշխարհից թաքցնելու:

Մինչև հիմա, որ չեմ հանգել

Էլ ինձ ո՞վ է հանգցնելու:

Վառվել եմ ես մանկուց ի վեր

Ծիծաղել եմ ու հառաչել,

Ծիծաղել եմ ու հառաչել

Ինձ գտնելու մի հարցումով.

Եվ վերջապես կամաց-կամաց

Սկսել եմ ինձ ճանաչել,

Թեկուզ՝ այսքան ուշացումով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե այլոց կարծիքներով,

Ոչ թե թևիս ու գլխիս տակ

Դրած փափուկ բարձիկներով,

Այլ՝ հոգսերի ծովն ամփոփող

Իմ ծով սրտի տարողությամբ…

Յոթ գլխանի տառապանքին

Դիմանալու կարողությամբ:

Սկսել եմ ինձ ճանաչել

Ոչ թե ինչ-որ խաբված սիրով

Այլ հոգուս մեջ շառագունած

Երազներիս Կաթն Ծիրով:

Սկսել եմ ինձ ճանաչել

Այս համարձակ առավոտով,

Իմ վաստակի վարձով առատ,

Մաքուր պահած իմ հավատով,

Արյան գույնով իմ անարատ:

Սկսել եմ կամաց-կամաց

Ինձ ճանաչել ու հասկանալ,

Ինձնից անկախ պատճառներով

Գործած բոլոր մեղքերիս դեմ

Սկսել եմ կամաց-կամաց ըմբոստանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Դառնալ ներհուն,

Դառնալ խոհեմ:

Մի կաթիլ ջուր պահանջողին՝

Շատրվաններ չխոստանալ

Սկսել եմ իմ բախտի հետ

Ավելի սերտ մտերմանալ:

Սկսել եմ ավելի շատ ջերմացնել

Ու ջերմանալ:

Սկսել եմ կամաց-կամաց

Բոլորի դեմ հոգիս բանալ,

Գարնանային այս ամպրոպով սրբագործել

Ու լվանալ:

Սկսել եմ երգով ,

Հոգով ու խոհելով

Հարստանալ:

Եվ վերջապես.

Սկսել եմ ես հասկանալ,

Որ բան չունեմ այս աշխարհից թաքցնելու,

Մինչև հիմա

Որ չեմ հանգել,

Էլ ինձ ով է հանգցնելու: